Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՓԱԹԱՆՈՂ

 

Խունձախից դէպի հարաւ գնալով իջանք մի սարսափելի եւ բարձրագոյն քերծի տակ: Ուղին այնքան զառիվայր էր, որ մօտ չորս վերստ իջանք ոտքով: Աւարական բարբառով փաթանող նշանակում է փարախ ոչխարաց: Փաթանողս մի խաչաձեւ եւ քառակուսի եկեղեցու աւերակ է, որի չորս պատերն տակաւին կանգուն են կիսով չափ, իսկ աւերեալ` մնացած մասերն: Երեւի թէ անսիւն եղած է տաճարս, որ շինուած է ամբողջապէս տորոնագոյն տաշած քարով եւ կրաշաղախ ցեխով: Տաճարս չունի հայոց եկեղեցու սեփական յատկանիշը, այն է` աւազան հիւսիսային պատում եւ խորհրդարան սեղանի աջ ու ձախ կողմերում. այլ ունի վրացական ձեւ, վասն որոյ մեր կարծիքով եկեղեցիս պատկանում է վրաց: Լէկզիները, կարկատելով արեւելեան որմի փլուածքները եւ փայտերով ծածկելով պատերի գլուխը, փոխարկած են փարախ ոչխարաց: Յատակն ծածկուած է կանգնաչափ բարձրութեամբ աղբով: Թէ ո՞ր դարում շինուած է տաճարս, դժուարին է որոշել:

Տաճարիս հարաւային կողմում կայ մի գիւղի աւերակ, կալատեղեր, մարագաբակեր եւ հանգստարան: Գերեզմանների վերայ ձգուած են մեծ-մեծ, բայց անտաշ եւ անարձանագիր քարեր: Որ քրիստոնէի են գերեզմաններս, ապացոյցն այն է, որ ամէն նշաններով եւ յատկութիւններով բոլորովին տարբերւում են մահմետականաց, մանաւանդ լեռնականացս գերեզմաններից: Տակաւին դիւրութեամբ նշմարւում են աւերակ բակերից, որ գիւղս բաղկացած է եղել 80 տուն բնակիչներից: