Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿՈԿԻՍՈՆ ԳԱՒԱՌ

Գարդման գետակի աջ, Կոկիսոն գետակի ձախ ափերի, դաշտաբերանի եւ Կովկաս մեծ լեռնաշղթայի մէջ ընկած գաւառն կոչուած է Բեխ, Բեթ, Կոկիսոն, իսկ այժմ` Գեօգ-չայ գաւառ:

Գաւառս ունի հետեւեալ գիւղերը, շէները, բերդերը, վանքը եւ քաղաքը:

ա. ԴԱՅՄԱ-ԴԱՂԼԸ շէն, շինուած է Գարդման գետի աջ կողմում, Կովկաս սարի ստորոտում: Շէնս նախ շինուած է եղել նոյն գետի ափում, մի օդն վնասակար տեղում, մահն շատ զոհ տանելու պատճառաւ 12 տարի առաջ փոխադրած են այժմեան տեղն, որ բարեխառն է եւ ունի լաւ տեսարան: Բնակիչք գաղթած են Արցախի Մշկապատ գիւղից, տեղական բերքերն են ցորեն, գարի, հաճար, ոսպ, սիսեռ, լուբիա, բակլայ, խաշխաշ, վարունկ եւ գինի (սակաւ, զի նոր տնկած են այգիներ):

Հողն բէկապատկան եւ բերրի, ծուխ 15, ար. 33, իգ. 28, ար. ծն. 3, իգ. 2, պսակ 1, ար. ննջեց. 1, իգ. 1: Քահանան է Կարմախանու հոգեւոր հովիւն:

բ. ԿԱՐՄԱԽԱՆԻ գիւղ, օդն եւ կլիման բարեխառն, ջուրն` ախորժելի եւ թեթեւ, հողն` արքունի եւ արդիւնաւէտ: Բնակիչք գաղթած են Թեհրան քաղաքի Լար գիւղից 1832-ին: Եկեղեցին Ս. Աստուածածին, ունի 50 րուբլի. բայց մաքուր չէ իւր պարագայիւք. քահանայ մի: Բացի նոյն տեղական բերքերից, ունի տանձ, խնձոր, դամոն, սալոր, թուզ, սերկեւիլ, ընկուզ եւ մետաքսի բոժոժ:

Ծուխ 48, ար. 122, իգ. 106, ար. ծն. 8, իգ. 7, պսակ 6, ար. ննջ. 2, իգ. 1, երկար կեանք 85-90:

Արժ. Աղեքսանդր քահանայի տանը կան հետեւեալ ձեռագրերը.

Ա. մի գրչագիր աւետարան` գրուած ընտիր մագաղաթի վերայ: Առաջինն է ձեռագիրս մեր ականած բոլոր ձեռագրերի հետ համեմատելով: Աւետարանս իւր սկզբում ունի Քրիստոսի ծնընդեան, քառասնօրեայ գալստեան, մկրտութեան, այլակերպութեան, ծաղկազարդի, խաչելութեան, յարութեան, համբարձման, հոգեգալստեան, դատաստանի, Քրիստոսի բժշկուած կաղերի, կոյրերի, խուլերի, համերների, եւն, եւն. պատկերները եւ 4 աւետարանչաց ընտիր եւ սքանչելի նկարները. բաց յայսցանէ ընտրելագոյն գեղարուեստով նկարուած են թռչնագրերն, գլխագրերն, ծաղիկներն նախշերն եւ ամէնազան թռչնոց իսկական տիպերն: Վերջապէս աւետարանս ներկայացնում է անթերի ճաշակով գեղարուեստի ներդաշնակ նրբութիւնները թէ' ոսկեզօծի, թէ' անխարդախ ներկերի եւ թէ' տեղայարմար գոյների նկատմամբ: Արժան համարեցինք ընդօրինակել յիշատակարանից հետեւեալ հատուածը.

«Գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ նուաստ եւ յետին գրչի Նիկողայոսի ունայնագործ մելանաւորի ՚ի թուաբերութեանս Ասքանազեան եւ Աբեթեան տումարի ՌՃԴ եւ ըստ նորումս շրջանի ԼԹ. եւ գալստեան Կենարարին ՌՈԾԵ (1655) ՚ի ստոյգ եւ յընտիր աւրինակէ եւս առաւել համաբայիցն, զի գաղափար սորին ՚ի դրանէ Սուրբ Սարգիս եկեղեցւոյ, յաշխարհիս Յունաց` յանեղաշէն եւ աստուածապահ քաղաքիս ՚ի Կաֆայ ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնին եւ Սրբոյն Սարգսի զաւրեղ զաւրավարին եւ Որդւոյ նորա Մարտիրոսին, ի հայրապետութեան հայոց տեառն Փիլիպպոսի եւ յեպիսկոպոսութեան ամէնայն հիւսիսական կողման Տէր Գրիգորի աւրհնեալ քահանայապետի, զոր Տէր Քրիստոս պահեսցէ ՚ի կամս ողորմութեան իւրոյ, ամէն:

Ի յայս ժամանակի գրեցաւ ամէնագովելի եւ գերահռչակելի, գերակատար եւ գերապանծ, գերապաճոյճ եւ յոգնատես, լուսայեղծ եւ աստուածապատում սուրբ աւետարանս...:

Արդ, այժմ աստուածապատում եւ քրիստոսաւանդ տառիցս ցանկացող եղեալ` աստուածարեալ եւ պատուական այրն պարոն Ուլուխան եւ ետ գրել զսուրբ աւետարանս ՚ի վայելումն անձին իւրոյ եւ յիշատակ հոգւոյ իւրոյ»:

Բ. կայ մի գրչագիր քարոզգիրք, որ բովանդակում է իւր մէջ զանազան խրատական քարոզներ: Առաջի թերթին վերայ գրուած է. «Յիշատակ է այս քարոզ գիրքս Մեծ Շինացի Տէր Մելիքսեթի որդի Սողոմոն վարդապետին. գրեցաւ առ դրան Սրբոյն Յուրեկայ [1], աշակերտ նորին տիրացու Յովհաննէս, որ է եղբօրորդի: Ո'վ որ կարդայ, լիաբերան ողորմի ասէ... թվ. ՌՄԼԶ-ին մայիսի Դ. եր»:

Գիւղիս հանգստարանը, որ ծածկուած է ծերունազարդ կաղնի ծառերի փառաւոր հովանիներով, հետազօտած ժամանակ գտանք հետեւեալ հետաքրքիր տեղեկութիւնները.

5 թիզ երկարութիւն եւ մի կէս թիզ լայնութիւն ունեցող տապանաքարի աջ երեսին քանդակուած են 6 փոքր խաչեր եւ այս հակիրճ արձանագրութիւնն. «թվին ՀԲ. Սաթի միշ»: 3 խաչեր քարի գլխին, իսկ ձախ երեսի վերայ մի աղեղնաւոր տղամարդ, որ նետով նշան առած է մի եղջերու: Քանդակուած են նաեւ պալատանման ապարանի գաւթի ձեւերն: Սորանից փոքր-ինչ դէպի հարաւ, մի այլ մահարձանի վերայ քանդակուած է մի խաչեալ մարդ, մի մեծ խաչափայտ, մի մեծ թուր, նետ եւ աղեղն եւ մի ջրափարչ: Ուխտատեղի է գերեզմանս, բայց չունի արձանագրութիւն: Երեւի թէ Յիսուս Քրիստոսի նման խաչուելով նահատակուած է սոյն ամփոփեալն, ինչպէս փորագրուած է տապանաքարի վերայ:

Ուրիշ կոշտ քարի վերայ փորագրուած է շատ հին ձեւի տառերով. «Սուրբ Գէորգ փոխեցաւ ՚ի Գոտիշայս ՚ի Քրիստոս, ով որ կարդայ, Աստուած ողորմի»:

Մի խոյաձեւ շինուած քարի վերայ, որի գլուխն կոտրուած է. «թվ. ՈԻ (1171) Ամրին  Փրխոլին»: Սորա վերայ քանդակուած են 2 մարդոց պատկերներ, մի թուր եւ մի ձեռնափայտ:

Մի այլ շիրմաքարի խաչի վերայ գրուած է միայն, «թվ. ՊԿԸ»:

գ. ԱՂ-ԲՈՒԼԱՂ շէն, հողն բէկապատկան, օդն, կլիման եւ ջուրն վատառողջ, երկար          կեանքն 60-65: Բնակիչք գաղթած են Արցախի Շօշու, Աւետարանոց, Սօս, Հատրութ, Մոշ-Խմհատ եւ Մեծ-Սիւնեաց Խնձորեսկ գիւղերից: Նոյն են տեղական բերքերն:

Փոքր եկեղեցին Ս. Մեսրոպ, վերնամասն` փայտաշէն. ծուխ 23, ար. 66, իգ. 54, ար. ծնունդ 3, իգ. 2, պսակ 1, ար. ննջ. 2, իգ. 1: Քահանան գալիս է Կարմախանուց:

դ. ԱՎԱՆԱՇԷՆ [2] գիւղ. շինուած է մի գոգաւոր հովտի հարաւահայեաց լանջի վերայ: Հովիտն ունի լճակ-լճակ ճահիճներ եւ շրջապատուած է լեռներով, վասն որոյ վնասակար է օդն ամրան եւ լաւ չէ ջուրն: Այս պատճառաւ երկար կեանքն աւելի չէ 70 տարուց: Նոյն են տեղական բերքերն եւ զբաղմունքներն. բնակիչք գաղթած են Արցախի Դիզակ, Վարանդա գաւառներից, Խաչենի Դաշ-բուլաղ գիւղից եւ Մեծ-Սիւնեաց Զանկազօր գաւառից: Եկեղեցին հոյակապ, շին-  ւած 4 սեանց վերայ, լուսամուտներն նեղ, Ս. Աստուածածին անուն, որ ունի 650 րուբլի: «Յիշատակ է Սուրբ Աստուածածնայ եկեղեցիս, շինեցաւ (շինեց) Աղա Քալի Լազրովենց 1752 թվին Փրկչին»: Վախճանուած են քահանայք, ձեռնադրուելու են նորերն:

Փառաւոր է եւ ուսումնարանի շէնքն, որ շինուած է եկեղեցու արեւմտեան կողմում, բայց տակաւին չէ բացուած:

Հողն արքունի եւ բարեբեր, ծուխ 130, ար. 500, իգ. 470 ար. ծն. 30, իգ. 26, պսակ 13, ար. նընջեց. 9, իգ. 8:

Գիւղիս հիւսիսային կողմում, ոչ այնքան հեռի կայ մի թեղի ծերունազարդ ծառ, որի բնի շրջապատն է 12 խանի գազ: Իսկ հարաւ-արեւելեան կողմում սարի գլխին կայ մի ուխտատեղի Թարչըխ անուն: Նահատակ է, թէ նահատակուհի: -Ո'չ իմացող կայ եւ ո'չ գրաւոր տեղեկութիւն, բայց շրջապատուած է վաղեմի ծառերով, գերեզմաններով եւ հին ձեւով խաչարձաններով:

ե. ԹՈՒԲԻ-ՇԷՆ [3] գիւղ, տեղն` բարձրաւանդակ, տեսարանն` ուշագրաւ, օդն, կլիման եւ ջուրն` պատուական, հողն` արքունի եւ արդիւնաւէտ, տեղական բերքերն` միեւնոյն, եկեղեցին` հոյակապ [4]. կանգնած միակտուր 4 սեանց վերայ, Ս. Աստուածածին անուն, կառուցեալ հասարակութեան ծախքով, որ ունի 25 րուբլի: Բնակիչք գաղթած են Արցախի Դիզակ, Վարանդա եւ Ջրաբերդ գաւառներից:

Ծուխ 85, ար. 384, իգ. 291, ար. ծն. 16, իգ. 12, պսակ 10, ար. ննջեց. 2, իգ. 3, երկար կեանք 90, քահանան օտարական:

զ. ԳԱՆՁԱԿ գիւղ, հիմնուած է մի գոգաւոր սարահարթի վերայ, գովելի է օդն եւ կլիման, բայց ոչ ջուրն. նոյն են բերքերն, սակայն նշանաւոր է ցորենն, հողն արքունի եւ արդիւնաբեր: Բնակիչք գաղթած են Դիզակի եւ Վարանդայի Հատրութ, Թաղլար, Նինկի, Կիւնի եւ Ղուզի-Ճարտար, եւն. գիւղերից: Եկեղեցին Ս. Աստուածածին, վնասուած շարժից, որր շինուած է հասարակութեան ծախքով 1842-ին եւ ունի 500 րուբլի: Տակաւին բացուած չէ նորաշէն ուսումնարանն, որ կառուցեալ է Գանձակիս եւ Թուբի գիւղի հասարակութեան ծախքով, երկու գիւղերս կէս ժամ միայն հեռի են իրարից:

Ծուխ 144, ար. 563, իգ. 474, միամեայ ար. ծն. 25, իգ. 20, պսակ 15, ար. ննջեց. 9, իգակ. 5, երկար կեանք 90-100, մի քահանայ տեղացի:

Ուսումնարանի մօտ եղած հին հանգստարանում կան շատ գլխակալ քարեայ խաչեր (մեծ մասն անյայտացած գետնի մէջ), որոց տեսքն ներկայացնում են հետախոյզներին Ը. դարի քարեխաչերի ձեւերը: Սոցանից միոյն վերայ, որը հանեցինք գետնից, փորագրուած է. «Աստուած ողորմի Էխարին. ՄԹ թվ. » (Փրկ. 760):

Գիւղիս հարաւային կողմում, մի ձուաձեւ բլրի գագաթի վերայ կայ մի ուխտատեղի Սուրբ Գանձակ անուն, ուր յաճախում են բազմաթիւ ուխտաւորներ: Ուխտատեղիս շուրջն ամփոփուած են շատ հին ննջեցեալներ, ինչպէս երեւում են հեռաւոր հնութիւն ներկայացնող տապանաքարերից, որոց մեծ մասն անյայտացած են հողերում, մի մասն յայտնի` միայն քարերի երեսներով եւ միւս մասն` քարերի ամէնափոքր տեղերի երեւմամբ: Ուխտատեղի գերեզմանի վերայ շարուած են մի քանի հնադարեան խաչեր եւ ծածկուած են շատ ծառերով: Անյայտ է մեզ նահատակիս անցքն:

է. ՔԷՇԽՈՒՐԴ գիւղ. շինուած է խոր ձորի մէջ, խեղդուած է տեսարանն, ամրան ծանր եւ տենդաբեր օդն եւ կլիման եւ անախորժ ջուրն: Հողն բէկական եւ սակաւ արդիւնաւէտ, տեղական բերքերն` միեւնոյն, բնակիչք գաղթած Դիզակ գաւառի Հատրութ, Դող, Թաղլար եւ Վարանդայի երկու Ճարտար, Նինկի, Աւետարանոց եւ Շօշու գիւղերից եւ Զանկազօրի գաւառներից: Եկեղեցին` նորաշէն, հոյակապ, ս. Աստուածածին, որ ունի 127 րուբլի եւ մի քահանայ եւ կրում է այս արձանագրութիւնը. «Յիշատակ է ս. Աստուածածնայ եկեղեցիս, շինեցին Քեշխուրդ գիւղի հասարակութիւնն 1860 եւ վարձքն (ծախուած դրամի գումարն) է 8040 մանէթ»:

Ծուխ 170, ար. 478, իգ. 439, ար. ծն. 29, իգ. 25, պսակ 14, ար. ննջեց. 12, իգ. 9, երկար կեանք 70-80:

ը. ՔԱԼԲԱՆԴ գիւղ. շինուած Բոզ-Դաղի հարաւահայեաց լանջի վերայ. օդն, կլիման եւ ջուրն` պատուական, դիրքն եւ տեսարանն` զմայլելի. գիւղն մաքուր անասնական աղբերից [5], հողն` արքունի եւ բազմարդիւն. բնակիչք` գաղթած Ջրաբերդից եւ երկու Ճարտար, Աւետարանոց, Շօշու, Դրախտիկ, Ղավախան եւ Յիրհեր գիւղերից: Եկեղեցին ս. Աստուածածին, ձեղունն` փայտաշէն, ունի միայն 50 րուբլի, քահանան` բնիկ:

Ծուխ 104, ար. 381, իգ. 341, ար. ծն. 24, իգ. 20, պսակ 15, ար. ննջեց. 4, իգ. 3, երկար կեանք 110:

թ. ՓԱԹԱԿԼՈՒ շէն. շինուած խոր ձորում, ոչ այնքան ախորժելի օդն, կլիման եւ ջուրն: Հողն արքունի եւ անբաւական բնակչաց եւ միանգամայն ապարդիւն. միեւնոյն տեղական բերքերն, բայց սակաւ այգիներն եւ առատ սումաղն [6]: Բնակիչք` գաղթած Խաչեն եւ Վարանդա գաւառներից, եկեղեցին` ս. Աստուածածին, շինուած հասարակութեան ծախքով, ունի 100 րուբլի:

Ծուխ 46, ար. 172, իգ. 141, ար. ծն. 9, իգ. 6, պսակ 5, ար. ննջ. 5, իգ. 2:

Շինիս մօտ կան շատ հին հանգստարաններ եւ մի բաւականին խոր եւ մութ քարայր, որից հայ ոմն մի քանի տարի առաջ հանած է շատ հին պղնձեղէն անօթներ:

ժ. ԳԻՐԿ գիւղ, շինուած է մի լայնագիրկ ձորի հարաւահայեաց լանջի վերայ, դիրքն դաշտահայեաց, տեսարանն հաճոյական, օդն, կլիման եւ ջուրն պատուական, հողն արքունի եւ բազմարդիւն. տեղական բերքերն նոյն, նշանաւոր են ցորենն եւ սումաղն: Բնակիչք գաղթած են Արցախի Քերթ, Դող, Կիշի, Թաղավարդ, Հացի, Հղորդի, Թաղլար, Նինկի գիւղերից եւ Ջրաբերդից: Եկեղեցին ս. Աստուածածին. ձեղունն փայտաշէն, որ ունի 700 րուբ., 2 քահանայ եւ սոյն արձանագրութիւնը. «Կառուցաւ Սուրբ եկեղեցիս ՚ի յիշատակ գիրքեցի երից եղբարցն Պետրոսի, Պօղոսի եւ Բաղդասարի Գրիգորեան Յովսէփեանց եւ մօրն իւրեանց Ազիզին, թվ. 1831»:

Ունին տղայոց միդասեան ուսումնարան, թոշակատու աշակերտք 40, ձրիավարժ 6, ուսուցիչ մի, որի տարեկան ռոճիկն է 400 րուբլի: Գիւղումս բնաւորած է մի ընտիր սովորութիւն, որի մասին չէ կարելի զանցառութեամբ անցանել: Ամէն կալի ժամանակ հասարակութիւնն կալերից ժողովում է ցորեն եւ լցնում հասարակութեան ամբարի մէջ. ապա ծախում է ժամանակին, որով ո'չ միայն գոյանում է վարժապետի ռոճիկն, այլ եւ տարէցտարի աւելանում է դրամ, ուսումնարանը երկդասեան անելու նպատակաւ: Որքա՜ն նախանձելի օրինակ:

Ծուխ 227, ար. 689, իգ. 593, ար. ծն. 25, իգ. 17, պսակ 14, ար. ննջ. 9, իգ. 6, երկար կեանքն 100 տարի:

Գիւղիս արեւելեան կողմում կայ հին հանգստարան. անարձանագիր են տապանաքարերից շատերն, եղծուած` հին արձանագրութիւնները, որոց մէջ մեծ աշխատութեամբ հազիւ կարողացանք գտնել մի քանիսը, իսկ գրելու արժանաւոր` երկուսը. որք են, «Սողրաթմիշ որդին իւր Ղայպայպուշ թվ. ՋԻԳ»: «Այս քար Մելիք Հասանին հարազատ Պարսամ Մուրատին... որ է որդին. անոնս (անունս) Արան Շահվարդի. Աստուած ողորմի հոգ. թվ. Ռ. »: Եղծուած են կէտադրեալ բառերն:

ժա. ԿԻՒԶՌԱՆ շէն. հիմնուած է մի տեսարանն գեղեցիկ սարահարթի վերայ: Օդն եւ ջուրն պատուական, հողն արքունի եւ սակաւ, բնակիչք` գաղթած վերեւ յիշուած գիւղերից եւ Խաչենից, ո'չ եկեղեցի ունին եւ ո'չ այգի, քահանան գալիս է Գիրկ գիւղից: Բայց որովհետեւ շինացիքս ամրան եղանակներում հնձի պատճառաւ մնում են այն տօթահեղձոյց եւ ախտաբեր հովտի մէջ, որ սկիզբն է առնում Գարդման գետակից եւ վերջանում Ղալակեայ գիւղի ստորոտում եւ խմում Փիր-Դինար կոչուած մեծ աղբիւրի վնասակար ջրից, վասն որոյ բնակիչք գունատ, տենդոտ եւ վատառողջ են ընդհանրապէս:

Ծուխ 46, ար. 108, իգ. 94, ար. ծն. 8, իգ. 7, պսակ 4, ար. ննջ. 8, իգ. 7, երկար կեանք 50 տարի:

Շինիցս վերեւ կայ մի հին ուխտատեղի նահատակ անուամբ, որ շուրջն պատած են ծերունի ծառեր եւ հին գերեզմաններ: Անծանօթ է մեզ եւ նահատակիս պատմութիւնն:

ժբ. ՇԻՒՔԻՒՐՉԻ շէն. հիմնուած Բօզ-դաղի հարաւահայեաց լանջի վերայ. նշանաւոր օդն, դիրքն եւ կլիման, բայց անախորժ` ջուրն: Հողն` արքունի եւ սակաւ արդիւնաբեր, տեղական բերքերն` նոյն. բնակիչք` գաղթած Արցախի Խաչեն գաւառի Պալլուճա, Դաշ-Բուլաղ, Խանձք եւ Ղըշլաղ գիւղերից: Եկեղեցին` ս. Յովհաննէս Մկրտիչ, վերնամասն` փայտաշէն, շինուած պ. Յովհաննէս Խալափեանից, ունի 100 րուբ., հոգեւոր հովիւն գալիս է մօտակայ Նորաշէն գիւղից:

Ծուխ 37, ար. 113, իգ. 102, ար. ծն. 9, իգ. 8, պսակ 4, ար. ննջ. 3, իգ. 2, երկար կեանք 80-90 տարի:

ժգ. ՆՈՐԱՇԷՆ գիւղ կամ Աշուղ-Բայրամ. շինուած է նոյն լեռնաշղթայի արեւմտահայեաց լանջի վերայ: Տեսարանն գովելի, լեռներով շրջափակուած, օդն ծանր ամրան, ջուրն` անախորժ, այգիներն եւ պարտէզներն` լաւ մշակուած եւ առատօրէն մրգալի: Հողն` արքունի, սակաւ եւ ոչ հացաւէտ, այլ անտառաշատ: Բնակիչք գաղթած են Խաչեն գաւառի յիշեալ գիւղերից. եկեղեցին` ս. Աստուածածին, կիսով չափ փայտաշէն, որ ունի 200 րուբլի եւ մի քահանայ:

Ծուխ 132, ար. 456, իգ. 372, ար. ծն. 16, իգ. 12, պսակ 10, ար. ննջ. 7, իգ. 4, երկար կեանք 70-80:

Գիւղիս արեւմտեան կողմում, հաստաբուն կաղնի ծառերի տակ կայ մի ուխտատեղի Ծլիփ անուն: Այստեղ երեւում է մի աւերակ մատուռ, որի երկարութիւնն է 15 քայլ եւ լայնութիւնն` 7: Գրեթէ 2 կանգնաչափ անքակ մնում են խորանի կողմի որմերն, բայց կործանուած են մնացեալ մասերն: Սեղանատեղի ուղղութեամբ դրուած է հնադարեան եւ անարձանագիր խաչքար: Այս է Ա. ուխտատեղին:

Մի քանի քայլ դէպի հարաւ կայ մի խոյակաձեւ մեծ քար, որ ունի 3 թիզ 4 մատ երկարութիւն եւ նոյնչափ լայնութիւն եւ բարձրութիւն-խորանարդ ձեւ: Քարիս արեւմտահայեաց երեսի վերայ քանդակուած է նրբագործ վարպետութեամբ մի մեծ խաչ. իսկ մնացեալ 3 երեսների վերայ` 12 Առաքելոց պատկերներն, մէն մի երեսի վերայ` 4 առաքեալի պատկեր: Թէեւ ժամանակի անողոք խարտոցն մաշած է տեղ-տեղ, սակայն գեղարուեստի ճաշակն դեռ մնում է անկորուստ: Խոյակիս մէջ ծակուած է հորիզոնական ուղղութեամբ, որի վերայ դրուած է եւ մի այլ քար: Ո'չ գիր կայ սոցա վերայ եւ ոչ` թուական: Այս է Բ. ուխտատեղին: Անկարելի է, որ փոքր մատուռս ունեցած լինի այս մեծութեամբ խոյակ, այս է մի քանի գազից փոքր-ինչ պակաս, քառակուսի մեծութեամբ քար: Ուրեմն այս խոյակը կա'մ ուրիշ տեղից բերած են եւ կամ իբր մահարձան կանգնած են մի նշանաւոր նահատակի շիրմի վերայ:

Իսկ գիւղի հիւսիսային կողմում կայ մի ընդարձակ եւ վաղեմի հանգստարան, որից ընդօրինակած ենք միայն հետեւեալը.

«Աստուած ողորմի Սուլթան Խուլին թվ. ՂԷ. »:

«Աստուած ողորմի Նիկարին» (եղծուած է թուականն):

«Աստուած ողորմի Արութիւնիս թվ: ՋԳ. »:

«Աստուած ողորմի Զանուն թվ. ՋԿԶ. »:

Ժդ. ԸՌՈՒՇԱՆԱՅ շէն [7]. շինուած անտառների մէջ, Բօզ-դաղի հիւսիսային կողմի բարձրութեան վերայ. տեղն` տափարակ, տեսարանն` խեղդուած անտառներով, ամրան` փոքր-ինչ ծանր օդն եւ կլիման, բայց առողջարար ջուրն: Հողն` արքունի, բայց մացառաբեր, դժուարաւ հերկելի եւ միջակ պտղաւէտ, տեղական բերքերն նոյն եւ բնակիչք` գաղթած Խաչենի Խանձք եւ Վարանդայի Կիշի եւ Նինկի գիւղերից: Եկեղեցին կիսով չափ փայտաշէն, ս. Աստուածածին անուամբ, որ ունի մի ազնիւ քահանայ եւ 100 րուբլի: Ծուխ 62, ար. 224, իգ. 195, ար. ծն. 15, իգ. 10, պսակ 10, ար. ննջ. 3, իգ. 2, երկար կեանք 70-80:

  Հին գիւղատեղեր եւ հանգստարաններ գիւղիս հիւսիսային կողմերում

ա. Մուրատ-խան կոչուած տեղում կայ աւերակ գիւղատեղի, եկեղեցի եւ հանգստարան: Եկեղեցուցս, որ շինուած է եղել անտաշ քարով, միայն մնում է կանգուն խորանի կէսն, իսկ մնացեալ մասերն թափուած եւ քարակոյտ եղած են: Աւերակիս մօտ եղած հանգստարանն բոլորովին անյայտացած է վաղեմի անտառի եւ մացառների տակ: Տապանաքարից մեծ մասը կլանած է գետինն եւ անյայտացրած, միայն նշմարւում են գլխակալ խաչքարերի գլուխներն. մի մասը թագցրած են մացառներն, վասնորոյ եւ անմատչելի են մնում հետաքրքիր խուզարկուներին: Սզնի, զկռի (զղեարի), լկրթնի, մասրի եւ մորենի մացառների եւ թփերի սուր-սուր փշերն ամէն կողմերից բռնում են եւ ծիւ-ծիւ անում, մանաւանդ կղերական հագուստները: Այս պատճառաւ հարկ եղաւ բերել տալ 15 ցակատաւոր, կացնաւոր եւ բահաւոր մարդիկ: Ահա այսպէս հարթելով, փորելով եւ հանելով հազիւ թէ կարողացանք հասնել մեր նպատակին: Բաւականին ընդարձակ է հանգստարանս, ուր ամփոփուած են հայոց Շ թուականից մինչեւ Ո թուականն: Բայց մենք մէջ ենք բերում միայն մի քանիսը, որպէս զի ձանձրացրած չլինինք եւ գրաշարը եւ ընթերցողը: Բայց հարկ է յայտնել, որ ընդհանրապէս գլխակալ խաչքարերի վերայ գրուած են հակիրճ արձանագրութիւններն:

«Թվ. Շ (1051)»: «Թվ. Ո»: «Թվ. »: «Թվ. ՊԱ»:

«Թվ. ՋԻԳ Գալստեան»: «Աստուած ողորմի Դաւդին հոգին թվ. ՋԼ»:

բ. Բէշ-քեանդի հանգստարան

Գիւղիս հիւսիսային կողմում, միմեանցից փոքր-ինչ հեռի կան հինգ անմարդաբնակ գիւղատեղեր, երկու գիւղինն ամփոփուած են հանգստարանումս, իսկ երեք գիւղինն հետեւեալ հանգստարաններում: Ըստ ամէնայնի նման է այս նախորդ հանգստարանին եւ ունի միեւնոյն ժամանակամիջոցի տեւողութիւնը, այսինքն է Շ-Ռ թուականը: Մի գլխակալ մեծ քարի վերայ . «թվ. ՊՁԴ. Այս է հանգիստ Սարգիս քահանայիս»: Մի մեծ մահարձանի վերայ ներհակ գրուած. «թվ. ՋԽԴ Որշատի [8] բնակ ախբերս կանցաւ երետ, սպան այան: Մե՜ղք որ ներհակ գրեցաւ»

գ. Շոր-աղբիւրի հանգստարան.

Այստեղ ամփոփուած են միայն Գ. գիւղի ննջեցեալներն: «Աստուած ողորմի Նունզարիս թվ. ՊԺԸ»: Այլ խաչքարի վերայ «Սառայ թվ. ՋԱ»: «Աստուած ողորմի Շահումիս թվ. ՋՃԽԷ (ՋԽԷ)»:

դ. Ճղպորի (ընկուզենեաց) հանգստարան.

Այստեղ ամփոփուած են երկու գիւղի ննջեցեալներ: Խիստ ընդարձակ է հանգստարանս եւ եղծուած շատերի արձանագրութիւններն: Բազմադարեան անձրեւի հեղեղներն քանդած եւ տարած են ո'չ միայն շատ մահարձաններ, այլ շատ ննջեցելոց ոսկերքը, վասն զի հանգստարանիս տեղն զառիվայր լանջ է` թեքուած դէպի հիւսիս:

«Կանգնեաց սուրբ խաչս Ստեփանի կողակիցն Կուլոն թվ. ՇԽԴ»:

«Սուլթան... (ջնջուած մնացեալն)»:

«Նիւկանլայ թվ. ՋԽԱ»:

«Ումիտ ... ՋԽԸ»:

«Լուն քանդեց մեր գեղը» գրուած է մի քարի վերայ:

ժե. ՎԱՆՔԱՇԷՆ. շինուած է Կոկիսոն (Գեօգ-չայ) գետակի ձախ ափի բարձրութեան վերայ: Գետակս սահմանագլուխ է Արցախի եւ Շամախու թեմակալ առաջնորդութեան եւ Բագուի եւ Գանձակի նահանգապետութեան: Այլապէս գետակիս ձախ կողմն կոչւում է Շամախու երկիր. իսկ աջ կողմն` Շաքուայ երկիր: Պատուական են օդն, կլիման եւ ջուրն. հողի 2 մասն բէկապատկան, 1 մասն արքունի, բայց արդիւնաշատ եւ լիարար. բնակիչք գաղթած են Աշան, Նինկի, Ճարտար եւ Խաչենի Վանք գիւղից Ջալալեան բարեհամբաւ տոհմից եւ Ջրաբերդի գաւառներից: Տեղական բերքերն են ընտիր ցորեն, գարի, գարնանի, հաճար, որիզ, լուբիա, խաղող, եւն. եկեղեցին Ս. Յովհաննէս Մկրտիչ, կամարակապ 4 սեանց վերայ, որ կրում է հետեւեալ արձանագրութիւնը. «Յիշատակ է Սուրբ Յովհաննէս եկեղեցիս Տէր Աբրահամին, որ է որդի Գրիգորին, թվ. ՌՄՀԵ Ղաբալայ»: Տաճարս ունի 900 րուբ. եւ մի բանիբուն քահանայ:

Ծուխ 182, ար. 541, իգ. 492, ար. ծն. 33, իգ. 26, պսակ 25, ար. ննջ. 9, իգ. 7, երկար կեանք 90:

Աւերակ վանք

Գիւղիս արեւմտահիւսիս կողմում, գետակի ձախ ափի զառիվերի վերայ կայ մի աւերակ վանքատեղի, անունն` անյայտ: Բաւական նեղ եւ դժուարատար է կածանն, որ շարունակ բարձրանում է դէպի սրբավայրն: Կալաչափ հարթակի վերայ շինուած է եղել վանք, որի անուամբ Վանքաշէն կոչուած է եւ գիւղս, բայց այժմ կործանուած է հիմնայատակ: Ո՞ր թուին հիմնուած եւ ո՞ր թուին կործանուած է եւ ի՞նչ պատճառաւ. -անյայտ է: Միայն յայտնի է, որ մօտ 30 տարի առաջ տղայք խաղալու ժամանակ գտնում են աւերակիցս մի արծաթեայ ձեռաց խաչ եւ մի զոյգ շուրջառի աղխ, որք չունին արձանագրութիւն: Գիւղիս շրջապատն լի է հայ հանգստարաններով:

Ա. Վանքի հանգստարան ճանապարհի վերայ

Տապանաքարերն ամբողջապէս ունին խաչաքանդակ գլխաքարեր, որպէս տեսանք նախորդ հանգստարաններում: Անձրեւի հեղեղներն այստեղ եւս վնասած են հանգիստներին, երեւում է, որ շիրմաքարերից գլորած են դէպի Կոկիսոն գետակն, որ շատ հեռի չէ: Սակայն մնացեալ արձանագրութիւններից երեւում է, որ Փրկչ. 601-1700 թուականն ամփոփուած են այստեղ ննջեցեալներ:

«Թվական Ծ (Փրկչ. 601)»:

«Աստուած ողորմի ա'յ Քամալ»:

«Թվ. Կ» (մի գլխակալ խաչքարի վերայ):

«Ըսպընդիա'ր մլքդար (կալուածատէր), վաթանդ ար (էր) Կարմրագել, Մսջարայ որդի, Ած ողորմի... » [9]:

«Ես Գիգր Ուլուբէկայ կանգնեցաք զխաչս Գիգերի, Ած ողորմի թվ. ՉՃԽԸ. էր»: Այլ Խաչքարի վերայ միայն. «թվ. ՊԾԲ»:

Բ. Ղզըլ-ղայա (կարմիր քերձ) հանգստարան

Գտնւում է գիւղիս հարաւարեւմտեան կողմում, ծածկուած դժնիկ փշերով: Կացնաւոր, ցակատաւոր եւ բրչաւոր մարդկանց օգնութեամբ երեւան հանեցինք կոպիտ, անտաշ եւ անարձանագիր քարեր: Բացի գլխակալ խաչքարերից, որք ցցուած են մէն մի տապանաքարի գլխի կողմում, չգտանք արձանագրութիւն: Մեր համեստ կարծիքով հայ տառերի գիւտից առաջ եղած լինելու են միայն խաչակիր տապանաքարերս: Գերեզմանատանս հարաւարեւելեան կողմում, ձորալանջի վերջացած տեղում կայ մի մահարձան, որի աջ ու ձախ երեսներին քանդակուած են 4 միատեսակ, հնգետասանօրեայ լուսնի նման բոլորակ, գեղեցիկ նախշեր, իսկ քարի երեսին մի պատուական խոնչայ: Թէ' այս նկարների եւ թէ խաչերի ձեւերն ներկայացնում են խիստ հեռաւոր հնութեան արուեստի ճաշակը:

Գ. Շաքլուի հանգստարան

Հանգստարանս գտնւում է գիւղի հիւսիս-արեւելեան կողմում: Տարբերութիւնն այն է, որ արձանագրութիւններն փորագրուած են տապանաքարերի վերայ եւ ո'չ թէ գլխակալ քարերի վերայ: Ժամանակի տեւողութիւնն է Պ-ՋԽԲ. թուականն:

«Այս է հանգիստ Պըռընդուխին, փոխեցաւ ՚ի Քս ՚ի թվ. ՊԾԷ»:

«Այս է հանգիստ Խոնդշային ՚ի թվ. ՊԾԸ»:

«Այս է հանգիստ Ալահդատին թվ. ՋԽԲ»:

Դ. Քոռ-աղբիւրի գլխի հանգստարան

Այս եւս անյայտացած է փշոտ ծառերի եւ մացառների մէջ, այնպէս որ արիւնթաթախ են անում խուզարկուների ձեռները եւ երեսները: Դարձեալ ցակատաւորների եւ կացնաւորների օգնութեամբ հազիւ հազ կարողացանք մեծ նեղութեամբ աւարտել: Ոչինչ պակաս ընդարձակ ծաւալ ունի եւ այս գերեզմանատունը: Այստեղ եւս ամփոփուած են ննջեցեալներ փրկչ. 651-1751 թիւն:

«Թվ. Ճ Խաչատուր»:

«Ած ողորմի Մելիքին թվ. ՊՃԳ. »:

«Այս է հանգիստ Աղաճանին, Ած ողորմի նմա, թվիս ՊԻԳ»:

«Այս է հանգիստ ողորմի Շահրմանին»: «Թվ. ՌՃ Ած ողորմի Նապաթին»:

Հանգստարանիցս վերեւ է մեծատարած գիւղատեղի աւերակն:

Ե. Վանքաչինի այժմեան հանգստարանում

«Թվին ՌՃԿԶ էր: Այս է տապան Մէլիսին, որ է որդի Մելիքեան, եղբայր Օհանին, մօրն նորա Մարեամին: Մահն, որ եկաւ վանքն, եսրանքս կապած, մեռայ, որ քահանայ, որ կարդայ, Հոգոց ասի»: Իսկ մահարձանի միւս երեսին փորագրուած է. «Լակզին, որ վեր կացաւ, քոռ էլաւ»: Հարկ համարեցինք բացատրել արձանագրութեանս միտքը, զի կարեւոր է պատմութեան:

ՌՃԿԶ (1718) թուին Մելիքի որդի Մելիսին մեռաւ մահտարաժամ հիւանդութեամբ: Բայց մեռնելուց առաջ յաղթեց երկրիս վերայ արշաւող լեկզիներին, կապոտեց գերիներ (եսրանքս) եւ թողնելով մեռաւ այս քաջն. «քոռ էլաւ» նշանակում է յաղթուեց լէկզին: Տե'ս եւ Ես. Կաթ. Աղ. եր. 22-32:

ժզ. ՈՒՇ-ՏԱԼ գիւղ. շինուած դէպի արեւելահարաւ թեքուած լեռնալանջի վերայ: Դաւապաթան առուի աջ կողմի բարձրութեան վերայ, տեսարանն սքանչելի, օդն, կլիման եւ ջուրն պատուական, հողն արքունի եւ արդիւնաւէտ, տեղական բերքերն` ցորեն, գարի, գարնանի, հաճար, ոսպ, սիսեռ, բակլայ, խաշխաշ, կտաւհատ, սորեկ, խաղող, սումաղ, նարնջափայտ [10], ընտիր բեխի եւ կապար: Բնակչաց նախնիքն գաղթած են Արցախի Խաչեն եւ Ջրաբերդ գաւառներից եւ մի քանի ընտանիք Զանկազօրի կողմից: Եկեղեցին ս. Աստուածածին, հոյակապ, կառուցեալ 6 սեան վերայ` բնակչաց տրօք. որ ունի մի քահանայ եւ 300 րուբ., իսկ կաթուղիկէն եւ տանեաց թիթեղամածը իւր ծախքով շինել տուած է պ. Յովհաննէս Պետրոսեան Մայիլեանցն: Եկեղեցումս կայ մի շատ հին երկաթեայ, մեծ խաչ, չունի արձանագրութիւն:

Ծուխ 139, ար. 576, իգ. 497, ար. ծն. 24, իգ. 19, պսակ 16, ար. ննջ. 8, իգ. 6, երկար կեանք 90-100:

ժէ. ԱԶԱՅԻ ՇԷՆ կամ ՆՈՐԱՇԷՆ. հիմնուած սարահարթի վերայ. օդն, կլիման եւ ջուրն պատուական, հողն արքունի եւ բազմարդիւն տեղական բերքերն նոյն. բնակչաց նախնիքն գաղթած Խաչեն գաւառի Դաշ-բուլաղ, Առաջաձոր, Խնձորստան եւ Վարանդայի Նախջուանիկ եւ Հղորդի գիւղերից եւ Ջրաբերդի գաւառից: Եկեղեցին Ս. Աստուածածին, կիսով չափ փայտաշէն, որ ունի Ս. Լուսաւորչի մասունք, զետեղուած մի արծաթեայ ականազարդ, միջակ խաչի մէջ, բերուած Արցախից, եւ մի քահանայ: Անխնամ պահուած է եկեղեցին բոլոր պարագայիւք:

Ծուխ 83, ար. 386, իգ. 307, ար. ծն. 19, իգ. 15, պսակ 14, ար. ննջ. 4, իգ. 2, երկար կեանք 95-105:

ժը. ՂԱԼԱԿԵԱՅ գիւղ. շինուած Բօզ-Դաղի հարաւային բարձրութեան վերայ, գերազանց օդն, կլիման եւ ջուրն. զմայլելի դիրքն եւ տեսարանն, հողն արքունի եւ բազմարդիւն եւ գինեւէտ, տեղական բերքերն նոյն, բայց աւելի ընտիր` բեխին [11]. պահում են եւ ոչխար: Բնակչաց նախնիքն գաղթած են Խաչենի Դաշ-Բուլաղ, Ղշլաղ, Առաջաձոր, Խանձք եւ Խնձորստան գիւղերից եւ Ջրաբերդից եւ մի քանի ծուխ Հղորդի եւ Նախջուանիկ գիւղերից: Եկեղեցին Ս. Աստուածածին, ընդարձակ, ձեղունն փայտաշէն, որ ունի երկու քահանայ, 1000 րուբ. եւ սոյն արձանագրութիւնը. «Կառուցաւ տաճարս այս արդեամբք եւ ջանիւք Հայոց հասարակութեան Ղալակա գեղջ, իսկ ծեփն ներքին եւ արտաքին աշխատութեամբ Միքայէլի Ծատուրեան 1867»:

Եկեղեցումս կայ կենաց փայտի մասն մի փոքր խաչի մէջ, որի վերայ գրուած է. «Յիսուսի Քրիստոսի ծառայ Տէր Օսոփ. թվ. ՌՂԱ. սուրբ Նշան է»: Կայ նաեւ 2 ձեռագիր աւետարան, գրուած բամբակեայ թղթի վերայ: Դիւրաւ են կարդացւում երկոցունց գրերն, միայն անճաշակ են պատկերներն ու նկարներն եւ անազնիւ` ներկերն: Առաջնոյն յիշատակարանից.

«Արդ ես անարժանս եւ անպիտան անուամբ Խունկ կոչեցեալ եւ ՚ի վարս եւ ՚ի հոտս եւ ՚ի համս դառն... եւ անարգ ՚ի գործս քահանայութեան... գրեցի... աւետարանս ՚ի թվին Հայոց ՋԼԲ»: Յայտնի չէ, թէ ուր գրուած է: Երկրորդից.

«Գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ փէծուն եւ բազմամեղ գրչի եւ սուտանուն վարդապետ Աբեթէի ՚ի գեղս Անուզ Հաւայտուն Հենգուզակ ՚ի դուռն սբ. եկեղեցուս մասն Պանդալիոն բժշկի եւ սրբոցն, որ աստ կան հաւաքեալ, ՚ի ղանութեան Շահ Թամազին որդոյ Շահ Իսմայիլի, ՚ի թուականութեան Հայ տումարիս ՌԺԳ գրեցաւ...: Արդ ես Թանգսող տուի գրել սուրբ աւետարանս»: Յիշատակարանի վերջում բացատրած է գրողն, թէ գրած է Արցախի Խաչեն գաւառի Մեծիրանաց Ս. Յակովբ վանքում: Գ. աւետ. յիշատակարանից, որ արժ. Սարգիս քահ. տան:

«Արդ գրեցաւ սբ. աւետարանս ՚ի գեաւղս, որ կոչի Փառակայ ՚ի գաւառին Գողթան ընդ հովանեաւ սբ. Շոմա եկեղեցւոյ ՚ի թուաբերութեան Ասքանազեան եւ Աբեթական տումարի ՌՃԺԴ յամսեանն փետրվարի ձեռամբ անարժան Ղազար երիցու»:

Տղայոց միդասեան ծխական ուսումնարանում ուսանում են 55 տղայք, թոշակատու 40, ձրիավարժ 15, վարժապետի միամեայ ռոճիկ 400 րուբլի: Մարդ. Ընկերութիւնն վճարում է նպաստ տարեկան 100 րուբլի:

  Ծուխ 298, ար. 864, իգ. 729, ար. ծն. 29, իգ. 19, պսակ 18, ար. ննջ. 5, իգ. 3, երկար կեանք 100-110:

Գիւղիս հարաւային հանդէպ կայ հին եւ ընդարձակ հանգստարան, ուր ամփոփուած են  ննջեցեալներ Փրկչ. 585-1700 թուական, նոյնպէս գլխակալ խաչքարերով:

«Սուրբ Խաչս Տէր Յովհաննէսին թվ. ԼԴ»:

«Ած ողորմի Մաթոսին թվ. Հ» եւն:

Կեօվ կոչուած հանգստարանում եւս կան ամփոփուած, բայց շատ հին չեն, այս է Քրիստոսի 1421-1719 թուականն: «թվ. ՊՀ»: «Ած ողորմի Քարամին», եւն:

ժթ. ԲՕԶԱՒԱՆԴ ԳԻՒՂ. հիմնուած Կոկիսոն գետի ձախ ափի բարձրութեան վերայ` Վանքաշինի ուղղութեամբ: Գիւղի տեղն բնական կերպով ձեւացած է ամուր բերդ. ունի միայն երկու մուտք` արեւելեան եւ արեւմտեան հարաւային կողմերից. իսկ շրջապատն սարսափելի բարձր եւ անմատչելի քերձեր են: Հողն` արքունի եւ արդիւնաբեր, նշանաւոր են ցորենն, այգիներ եւ բեխին. ամրան ծանր օդն եւ վնասակար գետի պղտոր ջուրն. բնակչաց նախնիքն գաղթած Դռնավարզ, Հատրութ եւ Հղորդի գիւղերից. եկեղեցին [12] Ս. Աստուածածին, չորս պատերն աղիւսաշէն եւ ծածկն փայտաշէն:

Ծուխ [13] 50, ար. 150, իգ. 134, ար. ծն. 11, իգ. 7, պսակ 5, ար. ննջ. 4, իգ. 2, երկար կեանք 50-60:

Գեօգ-չայ նոր քաղաք

Գետակիս եւ գաւառիս այժմեան անուամբ հիմնուած է նոր քաղաքս Աղուանից դաշտի հիւսիսային դաշտաբերանում, Կոկիսոն գետակի աջ ափի վերայ 1873-ին: 1874-ին Շամախու լեռնային գաւառներն բաժանւում են 2 մասի, եւ այնուհետեւ Կոկիսոն գաւառիս գաւառագլուխն լինում է Նոր-քաղաքս: Ամրան ծանրագոյն է օդն եւ կլիման եւ անախորժ գետաջուրն, առատ են ամէնատեսակ պտուղներ: Իսկ աշնան կանգնում են լճակ-լճակ անշարժ ջրեր, վասնորոյ անպակաս են դողի եւ ջերմի հիւանդութիւններն:

1876-ին Փոթի կոչուած տեղի շուկան փոխադրւում է այստեղ: Այժմ այստեղ կան արքունական պաշտօնով ծառայող հայ գերդաստան եւ 172 հայ անհատներ, որք զբաղւում են վաճառականութեամբ, դերձակութեամբ, կօշկակարութեամբ, զինագործութեամբ, գինեվաճառութեամբ, դարբնութեամբ եւ անուագործութեամբ: Տակաւին չկայ եկեղեցի: Հայ բնակիչք եկած են մեծամասնութեամբ Շամախուց եւ մնացեալն` Շաքուից: Քաղաքումս կայ քաղաքական ուսումնարան, 40 աշակերտից հայ են միայն 18-ն: Բայց աւագ վարժապետն հայազգի ազնիւ ոմն է` պ. Նիկալայ Քալաշեանց, բնիկ Սաղեանցի:

Գաւառիս բերդերն

ԺԲ. բերդն Աղուանից կոչւում է այժմ Ջուանշիրի [14] ղալա, որ հիմնուած է Գարդման բերդի արեւմտեան հանդէպ, Գարդման գետակի աջ կողմում, Կովկաս սարից Շէյխ-Լալա թրքաբնակ գիւղի վերայ կախուած մի լեռնաբազկի վերայ: Մահմետականներս Միւրիւտ են անուանում բերդիս մօտ եղած վարելահողերը: Բերդս թէեւ մեծ չէ, բայց ունեցած է ամուր դիրք, շինուած է լեռնային, անտաշ քարով եւ կրաշաղախ ցեխով: Պատուական ջուր բերուած է մօտակայ աղբիւրներից, բայց այժմ չէ վազում: Կիսաւեր դրութեան մէջ է բերդս, զի քարերը քանդած եւ տարած են յիշեալ մահմետականներն:

Բերդիս արեւելեան կողմում կայ գիւղատեղի, եկեղեցատեղի եւ անարձանագիր հանգըստարան:

ԺԳ. բերդն Աղուանից այժմ կոչւում է Ղարա-Քեշիշ Ղալա: Ամրոցս գտնւում է Մեծ Թալաստան մահմետականաբնակ գիւղից վերեւ եւ հիմնած է Կովկաս սարից մեծ ձորի վերայ թեք-  ւած մի լեռնաբազկի վերայ, որի երկու կողմի խոր ձորերով վազում են վտակներ եւ միանում բերդի ստորոտում: Ամբողջապէս կանգուն մնում են ամրոցիս քարուկիր պարիսպներն, որի հարաւային կողմի բարձրութիւնն է 7 սաժէն, ունի միայն մի դուռն արեւելեան կողմից: Անաւեր մնալու պատճառն այն է, որ հեռի է աւերիչ մահմետականաց բնակութիւնից եւ երկիւղալի գիշատիչ վագրերի, ընձերի, արջերի, գայլերի եւ կինճերի ահից, զի անպակաս են այս ամայաբնակ եւ անտառապատ ձորերից եւ նոյնիսկ բերդիս միջից: Երեւի թէ եղած է բերդաքաղաք, վասն զի, դեռ երեւում են շատ քարուկիր բնակարանների պատերն եւ ունի բերդս բաւական մեծութիւն: Պարիսպների արտաքին նշաններն եւ ճարտարապետութեան ոճն ներկայացնում են հեռաւոր հնութեան ձեռագործ:

Բերդիս մէջ բուսած են ահագին հաստութեամբ եւ հիանալի բարձրութեամբ կաղնի եւ հաճարկի, եւն. ծառեր, որոց գլուխների ճղերն ասես թէ դիպած են երկնքին: Ծառերս, փոքրութիւնից տեղ անելով արմատներին եւ դարերի ընթացքում հասնելով այս մեծութեան, իւրեանց ահագին արմատներով տապալած են բնակարանների պատեր եւ բարձրացրած մեծամեծ վէմեր: Ամրոցս ունի հիանալի՜ տեսարան, գերազանց օդ, կլիմա եւ ջուր: Միայն թէ այժմ որջ եղած է մահատու գազանաց, վասն որոյ առանց զինեալ մարդոց անկարելի հետազօտել: Մենք եւս հետազօտեցինք հրազէնքերով զինեալ մարդիկներով եւ մեծ նեղութեամբ եւ երկիւղով: Մենք կարծում ենք, որ այստեղ եղած է եւ եկեղեցի, բայց աւերած են ծառերն, քանզի ամրոցիս արեւմտեան հանդէպ եղած լանջի վերայ, վտակաձորի միւս կողմում, կայ հայկական հանգստարան:

ԺԴ. բերդն Աղուանից, որ գտնւում է նոյն սարի վերայ, Ջուլեան մահմետականաբնակ գիւղից վերեւ, կոչւում է Կալա-Բաթա: Այս եւս շինուած է անտաշ քարով եւ կրացեխով եւ ըստ ամէնայնի նման է ժբ. բերդին:

  ԺԵ. բերդն Աղուանից, որ գտնւում է նոյն սարի վերայ, Խանագեալ մահմետականաբնակ գիւղի մօտերքում, կոչւում է Խալագեալ-ղալասի: Ամրոցս եւս ամէն մասամբ նման է վերոյիշեալ բերդերին, տարբերութիւնն այն է միայն, որ շինած է այս թրծեալ եւ ամուր աղիւսով:



[1] Վանքս գտնւում է Արցախի Կիւլստան կամ Թալիշ գաւառում, իսկ Մեծ_Շէնն` Ջրաբերդ գաւառում:

[2] Ծերունիք ասում են, թէ գիւղս Ավանաշէն կոչուած է իւր հիմնադիր Ավան_Իւզբաշու անուամբ, որ եկած է Արցախի Շօշու գիւղից 1799_ին իւր ժողովրդով:

[3] Թուբիս եղած է մելիքազուն օրիորդ պսակուած ոմն մարդի հետ: Գիւղիս անունն կոչուած է Թուբի, ըստ աւանդութեան ծերունեաց, մելիքազուն տիկնոջ անուամբ:

[4] Մօտ 80 տարի առաջ Թուբի շէնս հիմնուած է եղել Ավանաշինի հովտի արեւմտեան բերանում, օդի եւ ջրի վնասակարութեան պատճառաւ փոխադրուած են բնակիչներն այժմեան տեղս: Բայց կիսաւեր եկեղեցին դեռ մնում է հին գիւղատեղում:

[5] Գոմերն գիւղիցս հեռի են քառորդ ժամաւ:

[6] Պտուղս բուսնում է մարդահասակ բարձրութեամբ թփերի վերայ: Պատեաններն նման են հաստ եւ երկար ստեպղինի, որոց մէջ խտութեամբ լի են տորոնագոյն, բայց սորեկի մեծութեամբ հատիկներ, զորս երկանով աղալով գործ են ածում խորոված ձկան եւ մսի վերայ: Համարեա թէ ունի լիմօնի համ եւ մարսեցուցիչ յատկութիւն: Ահա այս է սումաղն:

[7] Արցախի բարբառի յատկութիւնն է Ա_ով սկսեալ բառերի առաջի գիրը փոխել ը ձայնաւորի թէ' սեռական եւ թէ' սորանից կազմուած հոլովների մէջ. օր. Ադամ_Ըդամայ, Առուշան_Ըռուշանայ, Անտօն_Ընտօնի, եւն:

[8] Որ նշանակում է հոր. իսկ այան` մայր. պարզաբանութիւնն է. Շատ_հորեր կոչուած տեղի բակումն եղբայրս կացնով զարկաւ եւ սպանեց մայրս:

[9] Չգտնուեցաւ խաչարձանիս կոտրուած բեկորն, վասն որոյ ակամայ բաւականացանք կեէտա-դրութեամբ:

[10] Ներկելու փայտ, որով ներկում են նարնջագոյն թել:

[11] Հաւանական է, որ այս բոյսի անուամբ բեխ կոչուած լինի գաւառս: Ամբողջ Աղուանից երկրում բեխի են անուանում բոյսս, որ ամէն տեղ չէ բուսնում, ոմանք բեքի, ուրիշ տեղերում` պողիկ, Երեւանեան նահանգում բոխ են յորջորջում:

[12] Գիւղիս հարաւային կողմում, սարի լանջի վերայ կայ մի ուխտատեղի, բայց անյայտ է անունն եւ պատմութիւնն:

[13] Ծխաթուիս մէջ հաշուած ենք եւ Խոշաւատ շինի 12 տունը` բոլոր պարագայիւք, քանզի այժմ բնակում են գիւղումս:

[14] Ջուանշիրս իշխան էր Աղուանից, որ շինած էր Շամախու Գարդման բերդում վանք. ս. Նշանի համար: