Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՔԱՐԱՀԱՆՔԵՐ

 

Յեսանաքար. Ընտիր յեսանաքարերն, թէ' անուաձեւ լինին եւ թէ' սրոցաձեւ, արտահանւում են Ախտի քաղաքի կողմից:

Ա. Շինութեանց քարահանքեր կան Ճառի եւ Շաքուայ գաւառներում: Միայն կարելի է լաւ համարել Ճալեթի քարահանքն, որով շինուած է Ճալեթի նոր վանքն:

Բ. Քարահանքն, որ գտնւում է Դուրկան գետակի աջ ու ձախ կողմերում, Խոշկաշէն գիւղի մօտ, արտադրում է տորոնագոյն, բայց սպունգի նման ծակոտկէն չիչ քար: Սոյն քարով շինած են Խոշկաշէնի Եղիշ-Առաքեալ վանքը եւ շատ գիւղերի եկեղեցիներ:

Գ. Քարահանքերն, որ գտնւում են Շաքուայ գաւառների վերջին գիւղերում` Ամուր-աւանում եւ Բլեղում եւ սոցա լեռների վերայ, աւելի լաւ են չիչ քարից: Քարերն, տաշած ժամանակ` երեւում են մոխրագոյն, մի քանի տարի անցնելուց յետոյ ապա ստանում են ոսկու գոյն: Այսպէս են նաեւ Շամախու Գեօգչայ գաւառի Վանքաշէն եւ Ռուշանաշէն գիւղերի հանքերի քարերն:

Դ. Բագուի եւ Դարբանդի քարահանքերի քարերն աւելի կակուղ են եւ բաց տորոնագոյն եւ միանգամայն թեթեւ, համեմատելով Արցախի քարերի հետ:

Բոլորովին տարբեր են Շամախու քարահանքերի քարերն, վասնզի լի են ծովային խեցեմորթի պատեաններով: Այնչափ շատ են այս քարացեալ լուղակներն, մինչեւ անգամ ասես թէ ամբողջ լեռներն գոյացած են ծովային կենդանիներից [1]:

Չուզեցինք հանքերիս շարքում գրել որձաքարերի հանքերը կամ մատնացոյց անել գտնուած տեղերը, զի կան շատ տեղերում: Սակայն մեր սիրելի ընթերցողաց մի գաղափար տալու նպատակաւ ասում ենք, որ Աղուանից երկրում ընդհանրապէս կան միապաղաղ, քառակուսի եւ շերտ քարեր: Միապաղաղ են տորոնագոյն քարերի, չիչ քարերի, խեցեմորթ քարերի եւ տեղ-տեղ կրաքարերի հանքերն: Քառակուսի են ելնում հանքերից որձաքարերն: Իսկ շերտաքարերն, որ ունենում են թղթի բարակութիւնից սկսեալ մինչեւ հինգ արշին կամ աւելի հաստութիւն, գտնւում են սպիտակ, մոխրագոյն եւ երկնագոյն քարահանքերում, մանաւանդ Ղուբայի կողմերում:


ՔԱՐԱԾՈՒԽ. Այս նիւթից գտնւում է Կոկիսոն(Գեօգչայ) գետակի ձախ ափում: Գետակս է, որ բաժանում է Շամախու հոգեւոր կառավարութեան սահմանը Արցախի թեմի հոգեւոր կառավարութեան սահմանից: Քարածխի հանքն գտնւում է Վանքաշէն եւ Բօզաւանդ գիւղերի մէջ եղած գետափում: Երկու գաղղիացի գետակիս մէջ լողանալու ժամանակ գտնում են քարածխահանքը, որից մի կտոր տանում եւ թողնում են անտառապետի(հայազգի է) մօտ, որ նստում է Իվանովկայ մալականի գիւղում, բայց որոշակի չեն յայտնում հանքի տեղը` մեզ անյայտ պատճառաւ:


ՔԱՐԱՑԵԱԼ ՈՉԽԱՐՆԵՐ. Քարացեալ կենդանիքս գտնւում են Շէյխ-Շալբրուս սարի վերայ, որ առանձնացած է իւր չորս կողմի լեռներից եւ բարձրացած հսկայաբար Կովկասեան ամենաբարձր լեռնաշղթայի վերայ` Շահ-դաղի մօտ: Շէյխ-Շալբրուսի գլուխն բարձրանալու համար կայ միմիայն մի նեղ անցք: Անցքն, կամ լաւ եւս է ասել կիրճն, այնքան նեղ է, որ հաստ մարդիկ ստիպւում են կողքի վերայ բարձրանալ: Կրճիս երկու կողմերի ապառաժներն ձեւացած են բարձր պատեր, որոնց մէջ ընկած է ելեւմուտ անելու նեղ անցքն: Սարիս գլուխն բարձրացած ժամանակ` հեռուից երեւում են ոչխարի հօտն, իւր հովիւն եւ հովուական շներն: Բայց մօտեցած ժամանակ երեւում են քարացեալ հովիւն իւր հովուական ցպով, քարացեալ էգ ու որձ ոչխարներ կանգնած եւ քարացեալ հովուական գամբռ: Յայտնի երեւում են ոչխարի արտաքին բոլոր նշաններն, որք են գլուխներ, ականջներ, եղջիւրներ, աչքեր, ոտներ, կճղակներ եւ բրդով մորթիներ: Բայց հարկ է յայտնել, որ կոտրուած են այժմ մի քանիսի մի-մի ոտն, մի քանիսին` մի-մի եղջիւրն եւ մի քանիսին` ականջն:

Քարացեալ ոչխարներից փոքր ինչ վերեւ կայ մի ուխտատեղի Շէյխ-Շալբրուս անուն, որի անուամբ կոչուած է լեռս, որ ունի մի հիանալի եւ դալարագեղ սարահարթ: Լէկզիների աւանդութիւնն տալիս է հետեւեալ բացատրութիւնը. «Ուխտատեղումս ամփոփուած է Շէյխ-Շալբրուս ճգնաւորի ս. մարմինն, որ 40 տարի ճգնուած է այստեղ, ապա վախճանուած եւ այստեղ թաղուած, ինչպէս երեւում է իւր գերեզմանն: Ճգնաւորիս կենդանութեան ժամանակ ոչ մի հովիւ չէ համարձակած հանել իւր հօտը սարիս գլուխն` սուրբ Շէյխ-Շալբրուսի ահից ակնածելու պատճառաւ: Քարացեալ ստահակ հովիւս յանդգնում եւ հանում է այստեղ իւր հօտը, վասնորոյ Շէյխն քանիցս ազդարարում է բարձր ձայնով յետ դարձնել հօտը եւ չհամարձակուել մօտենալ, սակայն ականջ չէ դնում հովիւն: Այս պատճառաւ անիծում է ս. Շէյխն եւ իսկոյն քարանում են ոչխարներն ու շներն [2] »:

  Հիանալի՜ են գագաթիս կենսատու օդն, ուշագրաւ տեսարանն եւ շրջակայ երեւոյթներն: Հիւսիսային կողմում, ի հեռուստ երեւում են Կասպից ալեծածան ծովն, Դարբանդի, Կուրի, Ախտու գաւառներն իւրեանց դալարագեղ դաշտերով: Մօտուստ արձանացած են Շահ-Դաղ, Շահ-Նաբաթ եւ Թիֆան-դաղի լեռներն, որք, ասես թէ, հսկայազարմ ծերունիներ են` վեհապանծ կանգնած կարճահասակ մարդոց մէջ` իւրեանց բարձր դիրքով եւ բաց գլխով: Իսկ արեւելեան եւ արեւմտեան կողմերում եւ ներքեւում պատկերանում են բազմաճղի աղխաղխեալ լեռնաշղթաներ, օձաձեւ գալարուած ձորեր, նաւակաձեւ ընկած ձորակներ, վիմահերձ եւ խորթ լեռնաճակատներ, մերկ եւ անզարդ բլուրներ եւ անմազ գլուխների նման կնտակ լեռնագլուխներ:


ԱՂԱՀԱՆՔ. Գլխաւոր աղահանքն (ծովային աղ) գտնւում է Բագուի հիւսիսային կողմում: Այս հանքն տալիս է մեծ քանակութեամբ աղ, որ գործ է ածւում ամեն տեսակ պէտքերի: Բայց ստոր է աղը համեմատելով Կողբի, Կաղզվանի եւ Հին-Նախիջեւանի հանքային քարաղերի հետ:

Երկրորդն գտնւում է Սալեանի կողմերում: Բայց այս աղը գործ են ածում ոչ թէ ուտելու համար, այլ ձկան ապուխտ եւ ձկնհաւկիթ աղելու:

Երրորդն գտնւում է Դարբանդի մոտերքում: Սակայն այս եւս գործ չէ ածւում կերակրի եւ ուտելեաց համար, այլ միայն կաշիներ եւ մորթիներ աղելու համար, վասնզի խիստ դառն է:

 

ՀՐԱԲՈՒՂԽՆԵՐ. Աղուանից երկրում գտնուած հրաբուխներն ընդհանրապէս գազային են եւ ոչ ժայթքող: Ա. եւ գլխաւոր հրաբուխն, որ կոչւում է Աթաշկեահ, գտնւում է Ղուբայի լեռնային գաւառի Խինալղ կամ Խնալղ գիւղի մօտ, Շէյխ-Շալբրուս սարից ցած: Հրաբղխիս տեղի տարածութիւնն կալաչափ է եւ աւազուտ, իսկ շրջապատն դալարագեղ է եւ կանաչազարդ: Կալաչափի վերայ կան երեք թոնրաձեւ փոսեր զանազան մեծութեամբ, յորոց բարձրանում են հրդեհանման կրակ եւ սարսափելի բոցեր: Ցանկացող այելուներն հրաբուղխներիս վերայ ոչ միայն եփում են կերակուրներ, այլ եւ պատուական խորոված: Թոնրաբերանների վերայ ծածկում են շերտաքարեր, որոց վերայ շարում են աղած միսը, որ խորովւում է ըստ կարգին եւ աւելի համով է լինում քան փռան մէջ խորովածն:

Մօտ 26 տարի առաջ գալիս են այստեղ Հնդկաստանից հրապաշտներ եւ շինում բնակարաններ կամ անում նորոգութիւններ, որոց աւերակներն երեւում են տակաւին: Ապա չկարողանալով դիմանալ լեռնային վաղահաս եւ թանձրատարափ ձեան, սաստկագին բուքերին եւ անտանելի ցրտերին, վերստին տեղափոխւում են Բագու: Բայց սարիցն իջնելու ժամանակ շատերն կոտորւում են բքի եւ ցրտի սաստկութիւնից:

Երկրորդ. համանման հրաբուղխ գտնւում է Բագուի հիւսիսային կողմում` Սուրախանի կոչուած տեղում: Տարբերութիւնն այն է միայն, որ այստեղ եղածներն չունին բնական թոնրի ձեւ, այլ տեղ-տեղ փորուած են յատկապէս փոսեր, որոց վերայ դիզում են կրաքարեր: Ապա նետում են փոսերի մէջ վառ լուցկին, իսկոյն վառում եւ կիր են դարձնում հետզհետէ քարերը: Իսկ երբ կամենում են անցուցանել կրակները, փոսերի մէջ լցնում են մի քանի բուռն հող եւ անմիջապէս անցնում կրակներն: Ո՜րքան օգտակար են հրաբուղխներս, վասն զի դիւրութեամբ եւ աժանագին կիր են մատակարարում թէ' Բագուին եւ թէ' մօտակայ գիւօրէից:

Երրորդ. յար եւ նման հրաբուղխ կայ նաեւ Շամախու կողմերում` Լահիճ գիւղաքաղաքից դէպի արեւմտահիւսիս` Սանվարի յորջորջուած տեղում, որ գտնւում է Բաբա-դաղի հարաւային ստորոտում: Այս եւս ունի թոնրաչափ բերան, մշտավառ է, բայց չունի ծուխ:

Չորրորդ. նոյնանման հրաբուղխ կայ նաեւս Հաւթասիով գիւղի մօտ, որ ժամաչափ ճանապարհաւ հեռի է Լահիճից` գետեզերքով դէպի վեր:

Հինգերորդ. կան հրաբուղխներ եւ Շամախուց շատ ցած երկաթուղու վերի կողմերում: Հրաբուղխներս մշտավառ չեն, այլ երբե'մն-երբեմն վառւում են շաբաթներով եւ ամիսներով եւ երբեմն-երբեմն բոլորովին անցնում` թողնելով անցած տեղերում այրուած եւ սեւացած հողեր: Մի քանի տարիներ առաջ այստեղ երեւցած է մի ահագին, սիւնաձեւ հրեղէն խարոյկ եւ անյայտացած մի քանի ժամից յետոյ [3]:

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՋԵՐՄՈՒԿՆԵՐ. Առաջին ծծմբային ջերմուկն գտնւում է Ախտի քաղաքում` Մեծ Սամուր գետի ձախ կողմում: Ռուսաց կառավարութիւնն շինել տուած է ջերմկիս վերայ գեղեցիկ հիւանդանոց, առանձնասենեակներ, բաղանիս եւ լուացուելու աւազաններ: Կան նաեւ բժիշկներ, դեղատուն եւ հիւանդապահներ: Վերջապէս նախապատրաստուած են բժշկական եւ առողջապահական ամեն միջոցներ: Բազմամեայ փորձերով արդէն հաստատուած է ջերմկիս օգտակարութիւնն եւ միանգամայն փրկարար ազդեցութիւնն: Գարնան եւ ամռան եղանակներում խռնւում է մեծ բազմութիւն Դարբանդից, Ղուբայից, շրջանակներից եւ Գուսարի ռուս աստիճանաւորներից եւ զինուորականներից:

Երկրորդ ծծմբային, պատուական ջերմուկն գտնւում է Լփնաց երկրում, այս է Ղուբայի գաւառի Խալթան գիւղից ներքեւ` մի խորանդունդ ձորի մէջ: Ձորիս միջով վազում է մի ջրաղաց դարձնելու չափ ջուր, որի աջ ափից բղխում է բազկաչափ հաստութեամբ խիստ տաք ծծմբային ջուր: Ջերմկիս վերայ շինուած է մի շատ հին, քառակուսի գմբեթաւոր շինութիւն, իսկ յատակի մէջտեղում մի մեծ քառակուսի աւազան. լուացուած ջուրն փոխւում է աւազանի տակի խողովակն բանալով եւ փակուելով: Աւանդութեամբ ասում են` շինութիւնս շինել տուած է Աղէքսանդր Մակեդոնացին: Ուղիղ սորա հանդէպից` ջրի ձախ ափին, եւս բղխում է նոյնաչափ հաստութեամբ տաք ջուր, որի տաքութեան աստիճանն ստոր է աջ կողմի ջրից: Շինութիւն չունի այս, բայց բնական քարայր ձեւացած է: Ափսո՜ս, որ այս պատուական ջուրն չունի պատսպարուելու սենեակներ: Բարեպաշտ ոմն քանի տարիներ առաջ շինել տուած է վեց սենեակներ, որոց լուսամուտների շրջանակները եւ դռները գողացած եւ տարած են մահմետականներն: Բազմաթիւ են յաճախորդներ Բագուից, Շամախուց, Ղուբայից եւ մօտակայ գիւղերից, որոց ամենամեծ մասն բնակում են վրաններում:

Երրորդ ծծմբային ջերմուկն գտնւում է Նուխու Ղապալա գաւառի Բում անուանեալ գիւղից վերեւ, մի խոր ձորում: Տաք ջուրս, որ աւելի առատ է եւ յորդահոս, բղխում է Շահ-Դաղի հարաւահայեաց ստորոտից` մի ժայռից, եւ թափւում Դուրկեան գետակի մէջ` ականց մօտ: Նշանաւոր է եւ ջերմուկս իւր համբաւով եւ մատակարարած բժշկութեամբ: Յաճախորդների համար շինուած են մի քանի սենեակներ Կարմիր-Վան գիւղացի լեկզիներն, որ մօտ է ջերմկիս: Գարնան եւ ամրան եղանակներում հաւաքւում են այս Պրոպատիկէի մօտ յօդացաւ, քամի, ջերմ եւ դող ունեցող հիւանդների եւ ցաւագարների մեծ բազմութիւն, մի քանի գաւառական բժիշկներ եւ պաշտօնական անձինք հանդերձ գերդաստաններով: Հիանալի է մանաւանդ տեղիս օդն ու ջուրն:

Չորրորդ ծծմբային ջերմուկն գտնւում է Նուխու գաւառի Կախաւան գիւղաքաղաքից վերեւ` գետաձորում: Այս ջուրն, որը Եսայի Կաթուղիկոսն անուանում է Ինի-Սելու (ռուս. Իլի-Սու), վատ չէ, միայն թէ ժայռեր են ջերմկի շրջապատներն, եւ միանգամայն նեղ եւ վտանգաւոր յաճախորդաց պատսպարուելու տեղին` հետեւապէս եւ անյարմար գարնան եւ ամռան եղանակներում, վասնզի ստէպ-ստէպ յորդում են տեղատարափներ Կովկասեան սարի վերայ, ծովանում են հեղեղներ եւ առաջացնում ջրահեղձ մահ յաճախորդաց մէջ: Մի քանի տարի առաջ խեղդուած են մի քանի յաճախորդ մարդիկ:

 

ԾԾՄԲԱՅԻՆ ՑՈՒՐՏ ՋԵՐՄՈՒԿՆԵՐ. Առաջինն` որ կոչւում է Բատով, գտնւում է Շամախու Գարդման (Գիրդիման) գաւառում, Զարկեարան հայաբնակ գիւղից ներքեւ: Կաղնի եւ տխկի ծառերի տակից եռացեալ կաթսայի նման քլքլում է բազկաչափ հաստութեամբ աղբերակն, որ չափազանց վճիտ է եւ արծաթափայլ, ապա հոսում է դէպի վար: Աղբերակի մօտ շինուած է մի ստորերկրեայ, բայց անշուք բաղանիս, որի յատակի մէջ տեղում մի աւազան: Բաղանեաց մօտ վառուած է մի մեծ խարոյկ` լի բռնաչափ մեծութեամբ շատ քարերով: Հրաշէկ քարերս թափւում են աւազանի մէջ, տաքանում է ջուրն, որի մէջ լողանում են ցաւագարներն եւ առողջները: Հանքային ջրիս մօտ կան կանաչազարդ հարթակներ, փոքրիկ-փոքրիկ հովիտներ եւ տերեւախիտ ծառոց փառաւոր հովանիներ, որք ծածկուած են խիտ առ խիտ վրաններով: Այստեղ գալիս են միայն ամռան եղանակներում:

Երկրորդ յար եւ նման ջուրն գտնւում է նոյն Զարկեարան եւ Քեւանդի գիւղերի մէջ եղած ձորում: Այստեղ կայ եւ պատուական երկաթաջուր, որ կոչւում է Դամիր-Բուլաղ:

Երրորդ նոյն եւ նման ծծմբաջուր գտնւում է Շամախու Կոկիսոն (Գեօգ-չայ) գաւառում` Դիալլու թրքաբնակ գիւղի մօտ: Տարբերութիւնն այն է միայն, որ այս ջուրն աւելի առատ է քան Զարկեարանի մօտ եղածն:

Չորրորդն գտնւում է Շաքուայ գաւառում` Կախաւանից ներքեւ Մարսան թրքաբնակ գիւղի մօտ:

Հինգերորդը գտնւում է Ղուբայի գաւառում` Թալաբի գիւղից վերեւ Ջիմի անուն մահեմատականաբնակ գիւղի մօտ: Ջրիս նմանն կայ եւ Կախաւանի արեւմտեան կողմում:



[1]                Եթէ ենթադրուի, որ մի ժամանակ Կասպից ծովն միացած է եղել Սեւ ծովի հետ եւ բաժանուելուց յետոյ խեցեմորթներից գոյացած են լեռներս, գուցէ հաւանական լինի: Բայց տարակուսութիւնն նորանումն է, որ նմանօրինակ քարեր եւ քարահանքեր չեն երեւում Արցախի, Գանձակի, Թիֆլիսի, նուխու եւ Դարբանդի ու Ղուբայի կողմերում: Ծանօթագրելով այս իրողութիւնը` քննութիւնը թողնում ենք հնագիտաց:

[2]                Կան համանման քարացեալ հովիւ, ոչխարներ եւ շներ նաեւ Բաշլու գիւղի մօտ, որ գտնւում է Դարբանդի հիւսիսային կողմում` մի քանի ժամաւ հեռի (արտաքոյ Աղուանից երկրից): Քարացեալ հովիւն յենած է իւր ձեռնափայտին եւ կանգնած են շներն եւ ոչխարներն: Կրակատեղի վերայ դեռ մնում է քարացեալ կաթսան: Թէեւ Շիա մահմետականների գերեզմանների վերայ տեղ_տեղ կան խոյաձեւ եւ ձիաձեւ տապանաքարեր, ինչպէս են Արցախի Ղարաղաճ կոչուած տեղինն, սակայն Սիւննու մահմետականներն չունին այսպէս տապանաքարեր: Բաց յայսցանէ ճգնաւորներ եղած չեն սիւննուներից ցարդ եւ ոչ լսուած: Մանաւանդ այս սարի գլխի սառնամանիք տեղում դժուարաւ կարող է ապրել ճգնաւոր ձմռան եղանակներում: Եթէ ընդունուի, որ ձեռագործ են քարերս, գուցէ հաւատալի լինի, բայց այն ժամանակ խիստ զարմանալու է նրբագործ գեղարուեստի~ վերայ: Եթէ հանգստարան է այս. ուրեմն ո՞ր ժամանակից մնացած է. _դժուարին է ստուգել:

[3]                Հրաբուղխների մասին տես նաեւ ի շարս Մեհնաց: Վառուող եւ անցնող հրաբուղխներս գտնւում են Հաջի_Կաբուլ կայարանի մօտերքում: Այս է միայն արտավիժող հրաբուղխն: