Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՃՂԲԱՑ ԳԱՒԱՌՆԵՐ

 

Ճղբաց գաւառներն ընկած են Ղուբա եւ Դաւաչի գետերի, Կասպից ծովի եւ Կովկասեան մեծ լեռնաշղթայի գագաթնագծի մէջ, որպէս յայտնած ենք կանխաւ: Գաւառներս խիստ հարուստ են առատ աղբիւրներով, վտակներով, գետերով, տորոնով, բրնձով, ցորենով, նաւթահանքերով, լաւ մշակուած տանձենի եւ խնձորենի պարտէզներով եւ միանգամայն նշանաւոր անտառներով, որոց մէջ լի են մեծամեծ ընկուզի ծառեր: Համարեա' թէ գաւառներիս կէս մասն դաշտային է, որ է շարունակութիւն Վատնեան դաշտի. իսկ միւս կէս մասն` լեռնային, որ է Կովկաս մեծ եւ փոքր լեռնաշղթաների շարունակութիւնն:

Ճղբաց երկիրն բաժանուած է երկու մասի, դաշտային մասն կոչուած է ի հնուց Շապօրան [1], ինչպէս եւ այժմ. իսկ լեռնային մասն անուն չունի: Այժմ երկու գաւառներն եւս կոչւում են Ղուբայի գաւառ` Ղուբա քաղաքի անուամբ: Այժմ դեռ նշմարւում է դաշտաբերանում Շապօրան քաղաքի աւերակն: Կարծիք կայ որ քաղաքիս անուամբ Շապօրան անունը ստացած է ե'ւ գաւառս ե'ւ Շապօրան գետն: Այժմ գաւառագլուխ քաղաքն է Ղուբան:



[1] «Սա (Շաթ_Խազըն) շինեաց քաղաքս հինգ յանուն Շաթայ` զՇաթառ (այժմ Փատառ), զՇամքոռ, զՇաքի, զՇրուան, զՇամախի, զՇապօրան» (Կիրակ. եր. 113_114):