Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԹԱՄԻՐ-ԽԱՆ-ՇՈՒՐԱ

 

40 վերստ է Պետրովսկից մինչեւ Թամիր-խան-Շուրա: Խճուղին շինուած է առանձին խնամքով:

38 վերստի վերայ է Քեաֆուր-Ղումուխն, որ հիմնուած է արքունի ճանապարհի ձախ կողմում, դէպի գետակն թեքուած մի լեռնալանջի վերայ: Այս է շամխալների [1] մայրաքաղաքն: Մի մեծ ժայռի գլխին դեռ կանգուն մնում է նոյն շամխալների ապարանն:

Թամիր-խան-Շուրա քաղաքն, որ շինուած է մի դաշտահովտի վերայ, ծածկուած է պտղատու եւ անպտուղ ծառերով: Այսու ամենայնիւ ամրան ծանր է օդն եւ կլիման եւ անախորժ` ջուրն: Միջին-Դաղստանի դուռն համարուած է քաղաքս, վասն որոյ ռուսաց կառավարութիւնն շինել տուած է այստեղ մեծամեծ զօրանոցներ, որոց մէջ բնակւում են մօտ 5, 000 զօրականներ` իւրեանց աստիճանաւորներով միասին: Քաղաքումս նստում է եւ Դաղստանի ընդհանուր կառավարիչ կնեազ Նիկոլայ Զօրաբովիչ Ճաւճաւաձէն, որի ապարանի արեւելեան հանդէպ բարձրացած է Երկայնաբազուկ-Մովսէս Արղութեանցի հսկայ եւ թափծու արձանն: Ուշագրաւ է արձանի երեւոյթն: Բարձրահասակ եւ հսկայակազմ Արղութեանցն ծածկած է երկար եափնջին, կախած աղեղնաձեւ թուրը, աջ ձեռնում բռնած հեռադիտակը եւ ձախ ձեռնում` չաչանի գլխարկը: Իւր գնացքը ուղղած դէպի Միջին-Դաղստան, մեծ-մեծ քայլերով գնում է առաջ, կարծես թշնամեաց դիրքը եւ ամրութիւնները անձամբ դիտելու զգուշաւոր հետազօտութեամբ: Այցելուաց պատկառանք եւ սարսափ է ազդում արձանի վեհութիւնն, որի պատուանդանին վերայ փորագրուած է ռուսերէն տառերով. «Երկայնաբազուկ-Մովսէս Արղութեանց կառավարիչ Դաղստանի նահանգին 1847-1853»: Բայց արձանն դրուած է 1878-ին:

Պատմում են. «Երբ Արղութեանցիս հարցնում են մահամերձ ժամում -«Ո՞վ կարող է բռնել ձեր տեղը», պատասխանում է . «Իւան Դաւիդիչ Լազրեւն»: Ըստ վկայութեան Արղութեանցիս` իւր մահից յետոյ ռուսաց կառավարութիւնն այդ պաշտօնը յանձնում է շուշեցի Յովհաննէս Դաւթեան Եղիազարեանցին, որ ամենուրեք հռչակուած է ԼԱԶՐԵՒ անուամբ:

Բացի ռուս զինուորականներից քաղաքումս բնակում են նաեւ հայ, հրեայ, լեկզի, պարսիկ եւ վրացի գերդաստաններ:

60 ծխից բաղկացած են հայ բնակիչներն, որք գաղթած են Ղզլարից, Մոզդոկից, Շամախուց եւ Արցախից: Կան եւ մի քանի պանդուխտ հայեր: Սոքա ամենքն զբաղւում են վաճառականութեամբ, հիւսնութեամբ, մանրավաճառութեամբ, կօշկակարութեամբ, դերձակութեամբ եւ սափրչութեամբ: Հայք ունին Ս. Աստուածածին անուն մի հին եկեղեցի, որի չորս պատերն շինուած են թրծեալ աղիւսով, իսկ ձեղունն եւ կաթողիկէն` փայտով:

Եկեղեցումս կայ երկու ձեռագիր աւետարան, գրուած բամբակեայ հաստ թղթի վերայ: Ա. աւետարանը գրած է Մատթէոս անուն ոմն եւ ստացած է (գնած է) Տիկին-Էմին ոմն: Բայց յիշատակարանից յայտնի չէ, թէ ուր գրուած է. միայն յայտնի է թուականն, որ է ՋԻԶ (1477): Բաւական գեղեցիկ են աւետարանիս մանր գրերն, սակայն գեղեցիկ չեն չորս աւետարանչաց պատկերներն, թռչնաձեւ գլխատառերն, ծաղիկներն եւ լուսանցների նկարներն: Յիշատակարանից երեւում է, որ Տիկին-Էմին նուիրած է աւետարանս ոմն Սարգիս քահանայի. բայց թէ ո՞ւր, կրկին անյայտ է: Սարգիս քահանային Երէցկին-Տինարն վաճառում է աւետարանս Յովհանիսի որդի Դանիէլին «ՃԾ» թանկայ դրամի` միջնորդութեամբ Ղարա-Քեշիշին: Ապա կցուած է «Յիշատակարան»-ին. «՚Ի թուականին ՋԾ (1501) ՚ի պարոնութեան Յալբանդ փաթիշահին ՚ի դառն եւ ՚ի նեղ ժամանակիս, որ կամք սասանեալ անօրինաց եւ ի պատուհասից վասն ծովացեալ մեղաց մերոց. ո'վ սուրբ ընթերցողդ... ով ոք հանդիք (հանդիպիք) սմայ, յիշեցէք ՚ի Քրիստոս միաբերան ողորմայիւ զԴանիէլ» Շարայարուած է նաեւ. «Կամաւն Աստուծոյ ես Ուլուբէկս եւ Դանիէլս մեր սրտաքցութեամբ տվաք զսուրբ աւետարանս Ղուկաս վարդապետի դատաստան: Եւ ես Ղուկաս վարդապետս առի եւ իմ սրտի կամաքցութեամբ ետու յիշատակ ՚ի դուռն Հռոմայրի Սուրբ Նշանին [2] անմահ եւ յաւիտենական յիշատակ. եւ ով ոք յանդգնի հանել զսայ ՚ի դրանէ Սուրբ Նշանին, նա ՚ի Սուրբ Նշանէն կապած եւ անիծած լիցի եւ մի' տեսցէ զԽաչի լոյսն ՚ի յաւր (յօր) դատաստանին, ՚ի թվին ՋԿԸ 1519»:

Թէ' «Յիշատակարան»-ի եւ թէ' աւետարանչաց պատկերների պարապ երեսների վերայ յականէ յանուանէ նշանագրուած են զանազան անձինքներից յիշեալ վանքին նուիրուած անօթների, զգեստների, անշարժ կալուածների եւ ընծայողների անուններն: Հուսկ ուրեմն գրուած է վերջին թերթի վերայ. «Հընծայամ (ընծայեմ) աէս (այս) ավետարանս Տամիրխան Շուրի Հայոց եկեղեցին ես Տիփլիզու քաղաքացի Գէօրգ Դէմինեան Դէմուրովս 1856 ամի»:

Իսկ միւս գրչագիր աւետարանի յիշատակարանում նշանակուած է, որ գրուած է այն Վանայ Վարագայ վանքում: Գրողն եղած է նոյն ուխտի միաբաններից Կիրակոս վարդապետն. «՚ի ՌԺԸ ամի (1569) ՚ի հայրապետութեան տեառն Մուխայէլ Կաթուղիկոսին սուրբ Աթոռոյն Էջմիածնայ եւ ՚ի Գրիգորիս Կաթողիկոսին Աղթամարայ եւ ՚ի տեղապահութեան Շամիրամակերտին Խոսրով փաթիշահին (փաշային), որ յայսմ ամի սկիզբն արար պարսպին Վանայ քաղաքին»: Փոքր ինչ յետոյ աւելացնում է. «Սխալանաց գրիս անմեղադիր լերուք, աղաչեմ, զի ՚ի դառն եւ ՚ի նեղ ժամանակիս գրեցաւ, որ փախուցեալ եմք ՚ի ձեռաց Քրդացն եւ կամք ՚ի ղարիբութիւն եւ կար մեր այս էր»: Շարայարուած է յիշատակարանին. «Եւ արդ ես Մխիթար քահանայս ետու գրել զսուրբ աւետարանս եւ եդի ՚ի գեաւղս, որ կոչի Արջակ, ի դուռն Սուրբ Գէորգեայ զաւրավարին յիշատակ հոգւոյ իմոյ... »:

Գեղեցիկ են աւետարանիս պատկերներն, ծաղկանկարներն ու թռչնագրերն: Աւետարանիս սկզբում նկարուած են Քրիստոսի թաղման, դժոխքի աւերման, Յիսուսի յարութեան, համբարձման, հոգեգալստեան, դատաստանի, խաչելութեան, աւետման, ծննդեան, մկրտութեան, քառասնօրեայ գալստեան, Ղազարոսի յարութեան, պայծառակերպութեան, ծաղկազարդի, ոտնլուայի եւ չորս աւետարանչաց պատկերներն, որք ոսկեզօծուած եւ գունաւորուած են գոյնզգոյն, բայց վայելուչ ներկերով: Մարկոս աւետարանչի պատկերի տակ գրուած է սպիտակ ներկով` «Զնկարող սորա Զաքարիա եպիսկոպոսն յիշել ՚ի Տէր, աղաչեմ»: Նրբազննին ականողն եզրակացնում է, որ բոլոր պատկերները եւ ծաղիկներն ու նախշերը նկարուած եւ ոսկեզօծուած են նոյն եպիսկոպոսի վրձինով եւ գրչով, վասն զի ամէնուրեք փայլում են միեւնոյն ընտիր ճաշակն եւ գեղարուեստի նրբութիւնն:

Ուշադրութեան արժանի են աւետարանիս չորս կողակալ, մագաղաթեայ թերթերն, որոց վերայ գրուած մեսրոպեան տառերի (ամբողջապէս գրուած է գլխատառերով) գոյութիւնն պակաս չէ 1000 տարուց: Անշուշտ իմացաւ ընթերցողն, որ աւետարանիս իսկական թղթերից չեն կողակալներն, այլ առնուած են հին աւետարանից եւ դրուած այստեղ: Աւետարանիս առաջի կողի վերայ (արտաքուստ) կան 4 մետաղեայ մանր խաչեր, որոց վերայ փորագրուած են. « Ղզլար յամասա »: «Աւետիս Մաւի ». «Վարդխաթուն ». «Մուրզախանի » 1 : Իսկ վերջին երեսին վերայ կայ մի միջակ եւ 3 փոքրիկ խաչ, որոց շրջապատն զարդարուած է խիտ առխիտ արծաթեայ աստեղանիշ բեւեռներով:

Եկեղեցիս ունի իւր հիւսիսային կողմում 2 սենեակ. որ ծառայում է իբր միդասեան վարժոց, ուր ուսանում են հայերէն եւ ռուսերէն 15 երեխայք: Եկեղեցին ունի միայն 300 ռուբլի: Սակայն ժրաջան հոգաբարձուք անձեռնմխելի պահելով այս գումարը` վարժապետի 300 ռուբլի տարեկան ռոճիկը հայթայթում են ուսանողաց ծնողներից եւ այլ աղբիւրներից: Մաքուր գտայ եկեղեցու աւազանը, խորանը, սեղանը, անօթները եւ զգեստները` շնորհիւ հոգատարութեան արժ. Գէորգ քահանայ Փարեմուզեանցին, որ հոգեւոր հովիւն է հայոց:

Հայոց մէջ լինում է միջին հաշուով տարեկան 15 ծնունդ, 1 պսակ եւ 8 ննջեցեալ:

Արժ. քահանայի հետ ներկայացանք ընդհանուր կառավարիչ Կնեազ Նիկոլայ Զօրաբովիչ Ճաւճաւաձէին: Այս ազնուափայլ անձն ընդունեց մեզ ամենայն քաղաքավարութեամբ եւ յարգալիր սիրով եւ, մեր նպատակն իմանալուց յետոյ, ասաց. «Շատ ուրախ եմ, որ վերջապէս հայերն եւս ուշադրութիւն են դարձնում ազգային հնութեանց հետախուզութեանց վերայ, քանզի մինչեւ ցայսօր հայերից ոչ ոք այցելած չէ Դաղստանիս այդ նպատակով: Պատրաստ եմ ամէն կերպով ձեզ օգնելու. նամակներ կը տամ ձեզ Ղունիբի, Խունձախի, Դարբանդի եւ Ղասմ-քեանդի նաչալնիկներին յանձնելու, որք ըստ ամենայնի կ՚աջակցեն ձեզ եւ կը դիւրացնեն ձեր հետազօտութիւնները»: Ապա անձամբ բերաւ ձայնքաղ շարականի մեծութեամբ մի ոսկեզօծ եւ փառակազմ մատեան, որ տպուած է Պետերբուրգում: Մատեանս պարունակած է Վրաստանի ամբողջ հնութիւնները, արձանագրութիւնները, յիշատակարանները` զանազան դարերի իսկական գրուածների եւ փորագրուածների ձեւերով: Մի աշխատութի՜ւն, որ ունի խիստ մեծ արժէք եւ մեծ գին:



[1] Շամխալներն, իբրեւ Խազրաց թագաւորական հետագայ սերունդ, որդւոց որդի իշխում էին ծովեզերեայ կողմերիս: Այժմ վերջացած է այս ցեղն. մնացած է միայն օրիորդ ոմն, որ ուսանում է Պետերբուրգում:

[2] Վանքս գտնւում է Լօռի գաւառի Օձուն գիւղի մօտերքում:

1 Մնաց անընթեռնելի մի բառ կամ երկու: