Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԿՐՕՆ

 

Աղուանից ժողովրդեան ազգային, կրօնական եւ քաղաքական ճակատագիրն միացած է եղել Հայաստանի ճակատագրի հետ, իշխանութիւնն` իշխանութեան հետ, նախարարութիւնն` նախարարութեան հետ, թագաւորութիւնն` թագաւորութեան հետ, փառքն` փառաց հետ եւ անկումն` անկման հետ:

Հայաստանի առաջին լուսաւորութեան հետ քրիստոնէական լուսաւորութիւնն ողջունում է Աղուանից մայրաքաղաքն Չողայ Եղիշ Առաքեալի քարոզութեամբ: Սոյն Առաքեալն քարոզելով հասնում է Աղուանից Ղաբալա գաւառն, մտնում եւ քարոզում Սահառ [1] քաղաքում: Յետոյ գնում է Նուխու մօտ եղած Գիս գիւղաւանն, լուսաւորում ժողովուրդը ճշմարիտ աստուածապաշտութեան լուսով, կառուցանում առաջին եկեղեցին եւ մատուցանում պատարագ: Ապա սերմանելով Աստուծոյ խօսքերը եւ աշակերտելով շատերը անցնում է Չարղունի դաշտակով եւ նահատակւում Հոմէնք կոչուած դիւցամոլ զոհարանում (Մով. Կաղ. եր. 8-9)

  Հայաստանի երկրորդ եւ ընդհանուր լուսաւորութեան հետ` քրիստոնէական ընդհանուր լուսաւորութիւնն ծաւալւում է եւ Աղուանից երկրում ս. Գրիգոր Լուսաւորիչ առաքելասարաս Հայրապետի ձեռով, որպէս երկնառաք հրէշտակի ձեռով: Ամենուրեք ծաւալւում է քրիստոնէութիւնն. շինւում են եկեղեցիներ եւ կարգւում հոգեւոր պաշտօնեաներ: Կռատուններն կամ բագիններն փոխւում են տաճարների, քրմութիւնն` քահանայութեան, զոհագործութիւնն` պատարագի եւ սնոտիապաշտութիւնն` աստուածպաշտութեան: Վերջապէս Աղուանից երկրի բնիկ (Գարգարացւոց, Գարդմանցւոց, Ծովդէացւոց եւ Ուտիացւոց) եւ եկամուտ ազգերն Կասպից, Լփնաց, Ճղբաց, Մազքթաց եւ եռանկիւնու մէջ բնակող ցեղերն ձուլուում եւ միանում են Հայաստանեայց Առաքելական եւ ս. եկեղեցու հետ քրիստոնէական կրօնով, դաւանութեամբ եւ եկեղեցւով [2]

Հայաստանի գրական եւ մատենագրական լուսաւորութեան հետ` գրականութեան եւ մատենագրութեան [3] լուսաւորութիւնն մտնում է Աղուանից երկիրն ս. Մեսրոպի ձեռով, որ միեւնոյն ժամանակ լինում է քարոզիչ առաքեալ եւ երկրորդ լուսաւորիչ, ինչպէս տեսանք կանխաւ: Բայց հազար ափսո՜ս, որ Աղուանից մատենագրութիւնն այրուում է Զ. դարում Խազրաց ձեռով (Մով. Կաղ., եր. 10 եւ 91):

Աղուանից եկեղեցին Դ. դարից սկսեալ մինչեւ ԺԹ. դարի առաջին քառորդն ունեցած է իւր առանձին կաթողիկոսութիւնը, եպիսկոպոսութիւնը եւ հոգեւոր իշխանութիւնը: Սակայն հայոց եւ աղուանից միացեալ եկեղեցու սերտ կապը անքակտելի պահպանելու հեռատեսութեամբ, ընտրեալ կաթողիկոսացուներն օծումը միշտ ընդունած են Հայոց ընդհանուր հայրապետներից, բացի մի քանի ճըռ եւ ինքնակոչ կաթուղիկոսներից, որպէս ապացուցանում են պատմութիւնները: Դեռ Զ. դարում Աղուանից կաթուղիկոսներին ուղղեալ նամակների երեսներին գրում էին «Աղուանից, Լփնաց եւ Չողայ Կաթուղիկոսին» (Մով. Կաղ., եր. 275):

Բայց հարկ է յայտնել, որ ոչ մի երկիր, ո'չ մի ժողովուրդ ենթարկուած չէ այնքան կրօնական եւ հաւատափոխութեան հալածանաց, որքան Աղուանից ժողովուրդը: Հետզհետէ յաջորդում են միմեանց պարսից կրակապաշտական եւ արաբացւոց մահմետական դարձնելու բռնաբարութիւնները, նահատակութիւններն, մարտիրոսութիւնները եւ անբացատրելի հալածանքները: Թողում ասել Չինկիզ-Խանի, Լանկ-Թամուրի, Ջհան-Շահի, Ջալալիների, Ա. Շահ-Աբասի, Օսմանցւոց, Նադր-Շահի եւ Լէկզիների գործած արիւնահեղութիւնները եւ սպանութիւնները, որք անասելի են եւ անհամար:

Այս կրօնական հալածանքները, նահատակութիւններն ու բռնութիւնները քանդում են Աղուանից տունը: Այսօր Ծովդէից, Կասպից եւ Մազքթաց (Աղուանից երկրում մնացեալ մասերն), Լփնաց, Ճղբաց եւ եռանկիւնու մէջ եղած ցեղերն ամբողջապէս մահմետական դարձած են. Ուտեաց մի փոքր մասն յունադաւանութիւն ընդունած է, իսկ ամենամեծ մասն` մահմետականութիւն: Ուտեաց ազգիցն մնացած է հայադաւան միայն վեց գիւղ, Լփնաց ցեղից` մի գիւղ եւ Ճղբաց ցեղից` մի գիւղ: Այնպէս որ այսօր մօտ 150000ծուխ ժողովուրդ կրօնափոխ եղած է յիշեալ ցեղերից, որք են Ծովդէացիք, Ուտիացիք, Լփնացիք, Կասպեցիք, Ճղբացիք, Մասքթացիք եւ Եռանկիւնու մէջ բնակող ամբողջ ցեղերն:



[1]                Փարիզում տպուածում` Սահառ, իսկ Մոսկուայում տպ. Սռհառ:

[2]                Որք էին ամենեքեան հաւատացեալք ի մի կաթողիկէ առաքելական եկեղեցի» (Եղիշէ, եր. 15, 32-33. 93 եւ 246-247):

[3]                Միջին Դաղստանից մինչեւ Ճառն ամենուրեք խուզարկեցինք եկեղեցիների, գրչագրերի, հանգստարանների եւ բերդերի արձանագրութիւնները եւ յիշատակարանները, որպէսզի գէթ գտնէինք Աղուանից գրերի հետքը: Միայն գտանք մի քանի տառեր, որք փորագրուած են Դարբանդի հիւսիսային պարսպի արտաքին կողմում . Անդրէաս Զաքարեանի պարտիզում: Տառերս սերտ մերձաւորութիւն ունին Մեսրոպեան գլխագիր տառերին սակաւ տարբերութեամբ, որոց մասին` յետոյ