Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՃՈԽ [1]

 

Այս մեծ գիւղն, որ աւելի է 300 տանից, գտնւում է Ղունիբի հարաւային կողմում 20 վերստ հեռաւորութեան վերայ: Ճոխի բնակիչները բոլորովին տարբերւում են շրջապատող բոլոր լեկզիներից` իւրեանց հայկական տիպերով, բնաւորութիւններով եւ սովորութիւններով: Զանազանւում են նաեւ անուններով եւ ազգանուններով ու կերակուրներով. օր, սոցա մէջ կան Փանոս (Ստեփաննոս), Գէորգի (Գէորգ), Շահնազար եւ այլ  անուններ եւ ազգանուններ, որ պահպանուած են ցարդ: Ճոխցիք ո'չ աղջիկ հարս են տալիս միւս լեկզիներին եւ ո'չ հարս բերում նոցանից, այլ իւրեանց օրիորդները ամուսնացնում են միայն իւրեանց երիտասարդների հետ:

Ճոխ գիւղի մօտ կան եկեղեցու աւերակի հետքեր եւ քրիստոնէական ձեւով ամփոփուած հանգստարաններ: Գիւղիս կերակուրներն նման են հայոց կերակուրներին, ինչպէս են` թանաւ, կաթնաւ, խաշիլ, շփոթ, քալակեօշ (չորթանով եփած կերակուր) խճողակ, կլոլակ եւ այլն:

Ճոխում կայ հետեւեալ աւանդութիւնն. -ամեն մեծ բայրամ օրերում, տարին մի անգամ, գիւղի աւագ կարդացողն կատարում է մեծ հանդէս. պատենից հանում է հին թուրը եւ երեք անգամ բարձրացնում եւ զայրագին իջեցնում է նոյն թուրը Ռոճա գիւղի վերայ, որ գտնւում է Ճոխի հանդէպ: Այս արարողութիւնն կատարւում է շքեղ հանդիսով եւ ներկայութեամբ մեծ բազմութեան: Պատճառը բացատրում են սոյն խօսքերով. -«Մեր նախնի պապերն աւանդած են որդւոց որդի, թէ հայ եղած են գիւղիս բնակիչներն: Գալիս է արաբացւոց Աբու-Միսլիմ զօրավարն, թրի ուժով ընդունել տալիս դաղստանցւոց մահմետական կրօնը եւ նստում Ռոճա գիւղում: Հայ-քրիստոնեայ Ճոխն, ստիպեալ նոյն զօրավարի բռնաբարող եւ մահատու սրից, ակամայ ընդունում է մահմետական կրօնը: Այս պատճառաւ, ՚ի նախատինս Աբու-Մսլիմի, շարժւած են երեք անգամ թուրը մեր նախնիք, ապա նոյնը աւանդած եւ մեզ: Ահա այս է պատճառն, որ մենք եւս տարին մի անգամ կատարում ենք այս աւանդութիւնը: Որդւոց որդի աւանդուած է մեզ, որ Աբու-Մսլիմի իսկական թուրն է այս. աւանդուած է մեզ նոյնպէս` ո'չ աղջիկ առնել այլ լեկզիներից եւ ո'չ աղջիկ տալ այլ լեկզիների: Վերջապէս միշտ յարգուած է եւ յարգում ենք այս հնաւանդ սովորութիւնները»:

Կասկած չկայ, սոցա նախնիքն գերեվարուած են կա'մ Աղուանից երկրից եւ կա'մ Հայաստանից` նախքան արշաւանքն արաբացւոց, ինչպէս հաստատւում է սոցա մէջ մնացած աւանդութեամբ:

Որքան ուրախացաւ ոմն Ճոխցի երիտասարդ աստիճանաւոր, որ ռուսաց ծառայութեան մէջ է, երբ տեսաւ մեզ: Նա մօտեցաւ եւ ասաց. «Թէեւ անծանօթ եմ, սակայն միշտ ցանկանում եմ մօտենալ ձեզ: Ասես, թէ մի աներեւոյթ զօրութիւն կամ ձեռք մղում է զիս փարիլ եւ գրկել զձեզ»:

- «Ի՞նչպէս կարող ես չմօտենալ, մինչդեռ արիւնիցս է Ձեր արիւնն: Ահա այդ ազգային արիւնն է այն աներեւոյթ զօրութիւնն կամ ձեռն, որ մագնիսաբար քաշում է զՁեզ դէպի ինձ»- պատասխանեցի եւ մտերմաբար փարուեցայ եւ նստեցուցի մօտս, տեսնելով նորա մէջ զարթնած` ազգակցութեան քնած արիւնը իբր երաշխաւոր ճշմարիտ զգացման եւ անզուսպ սիրոյ:

Շատ հարցեր տուաւ հայոց մասին եւ ստացաւ պատասխանները. ապա պատուով ճանապարհ դրաւ մեզ:

185 վերստ է Պետրովսկից մինչեւ Ճոխ:



[1] Լեկզիների բարբառներւոմ չգտանք ճոխ արմատ կամ ճոխ բառ: Թուի, թէ հայերէն է բառս, որ նշանակում է հարուստ, փարթամ կամ ընչեղ