Հեղինակ

Բաժին
Alishan  

Թեմա
Sciences  

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՍԱԲԱՌՈՒԹԻՒՆ

Վերնագրիս տեսողն թերեւս կարծէ՝ սխալմամբ Ռ և Ն տառից փոխանակ Բուսաբանութեան գրուած Բուսաբառութիւն. սակայն գրողին ուզածն այս էր, ընթերցողաց իմացընելու համար՝ որ իր դիտումն չէ Հայոց երկրի բուսաբերութիւնն, այսինքն երկրին ինչ տեսակ-տեսակ բույսեր ունենալն, ըստ զանազան կողմանց (լեռնային, դաշտային, ջրային), կամ ըստ տեսանելի ցեղից (ընդեղէն, բանջարեղէն, ծաղկեղէն, փայտեղէն, և այլն), որ և ցանկալի էր թէ հմուտ բուսագիտէ մի քննած և գրուած ըլլար. թէ և դժուար գործ է մէկ մարդու՝ երկրին ամէն կողմերը աչքով և ձեռօք քննելն, բայց դարձեալ բաւական պիտանի գործ կ’ըլլար՝ միայն հաւաքելն իսկ՝ ինչ որ 300 տարիէ վեր բնագէտք և ճանապարհորդք՝ մասնաւոր կամ հարեւանցի տեսութեամբ և քննութեամբ նշանակեր են. ինչպէս ԺԶ դարուն՝ Մատտիոլի (Mattioli), Ռաուոլֆ (Rauolf) գերմանացի, Գարդվրայդ (Cartwright) անգղիացի, ԺԷ-Ը դարուց մէջ Դուռնըֆոր (Tournefort), Դաւեռնիէ, Շարտէն փռանկք, Ճեմելլի իտալացի, և այլն, իսկ մեր ԺԹ դարուս մէջ շատ և ամեն ազգէ Եւրոպացիք, բայց աւելի մանր քննողք և գրողք Կարլոս Քոխ (Koch), Վակնէր Մորից (Wagner Moritz), Բառոդ (Parrot), Պուհսէ (Buhse) գերմանացիք, Տիւպուա (Dubois de Montperraux), Պուասսիէ (C. Boissier) Հելուետիացիք, մասամբ և Չիհաչէֆ և Խանիքով Ռուսք (I. Tchihatcheff, Chanykoff Nik). և ի ներկայիս Ռատտէ (Radde) գերմանացի բնակող ի Տփղիս, և այլ շատք: Թէ ասոնց և թէ քանի մի յոյն և լատին երեւելի հին հեղինակաց (ինչպէս Թէոփրաստ, Դիոսկորիտէս, Գալիենոս, Ստրաբոն, Պլուտարքոս, Պլինիոս, և այլն), յիշածքն ի Հայաստան, բաւեն ցուցընել, որ եթէ մեր երկիրն չունի ջերմ կլիմայից բարգաւաճ բույսերը, բայց բաւական հարուստ և նշանաւոր ալ է սննդեան, դարմանոյ և բժշկական բույսերով և ծաղկամբք և հոտաւէտ տունկերով, եւս առաւել պտղաբերօք. թողլով վայրենի ծառերը կամ զանտառս, որք անխնամութեամբ շատ պակսած են հիմայ, և երկրին մեծ մասը մի լերկ ու մերկ թողած, մինչեւ ի մատենագրաց նախնեաց մերոց անփայտ կոչուիլ այն կողմերու՝ որոց բարգաւաճութեան վրայ կը հիանային Հռովմայեցիք, Քրիստոսի թուականէն դար մի առաջ և յետոյ, իսկ չորս-հինգ դար առաջ՝ յոյն հեղինակք տեսութեամբ իսկ կու վկայեն թանձրախիտ անտառաց։

Անհաւանելի և գրեթէ անհաւատալի է, որ մեր հետաքնին և բանասէր նախնեաց մէջ գրուած չըլլան բուսագէտք և բուսաբանք ալ, և անտարակոյս պէտք է համարիլ՝ իրենց բժշկութեան հետեւող և գրող ըլլալէն, իսկ բժշկութիւն՝ մանաւանդ հին ատեն՝ առանց բուսոց ծանօթութեան չէր ըլլար, դեղեր կազմելու և պատուիրելու հարկա. և նոյն իսկ Յունաց և Արաբաց բժշկարաններն՝ զոր մերոնք կարդային և թարգմանէին, անհրաժեշտ պահանջէին բուսոց և դեղոց անուններն՝ ազգային լեզուաւ աւանդել, որչափ կարելի էր. այս բանիս վկայ են մեր հին բառագրոց մէջ առանձինն գրուած բժշկական Բառք Գաղիենոսի, որոյ գրոց թարգմանութիւնն, ափսո՜ս, որ մինչեւ հիմայ գտուած չէ, այլ միայն թէ՛ անոր և թէ՛ ուրիշ երևելի վարպետներու անուններն և երբեմն քանի մի խօսքերն յիշուած և ի վկայութիւն բերուած են մեր միջին դարերու բժիշկներէն, որոց՝ նաեւ արաբերէնէ և պարսկերէնէ թարգմանութիւնք գտուին՝ մասամբ, սկսեալ յ’ԺԲ դարէ։

Այս ատեն ամենէն նշանաւոր և ծանօթ մեզի գրուածովն՝ է Մխիթար Հերացի (Պարսկահայոց հիմակուան Խոյ քաղքին սահմանէն), բարեկամն Ս. Ներս. Շնորհալւոյ։ Իր անուամբ և ժամանակաւ մերձաւոր՝ բայց արուեստով հեռաւոր՝ Մխիթար Գոշ բազմահմուտ վարդապետն ալ՝ արժանի է յիշատակի իր վայելչաբան Առակաց մէջ յիշած բուսոց անուանց համար։ Նոյն դարուն և հետեւեալ երկուքին մէջ (ԺԳ-Դ) մեր բանասէրք այլևայլ նախնեաց թարգմանած գրոց մեկնութիւններ կամ Լուծմունք գրած են, անոնց մէջ (ինչպէս Փիլոնի, Ս. Բարսղի, Նեմեսիոսի, և այլն) գտուած բուսոց և այլ բնական իրաց ալ հայերեն անունները կամ ծանօթութիւն տալով։ Իսկ այս յիշեալներէս դար մ’ ալ առաջ (ԺԱ) երկու Ասորի կամ Արաբ անուանի բժիշկք՝ բարեկամք և դարմանողք Գրիգորի Մագիստրոսի, Մուֆարղինեցին Էպու Սայիտ (յամի 1037) և Յաիսէ կամ Յեսու, հաւանօրէն թարգմանուած են՝ գէթ մասամբ՝ ի Հայոց. ասոնք և ասոնց ժամանակակից Էպու Սինէ, Սինայի որդի ըստ Հայոց, Աւիչենա ըստ Եւրոպէացւոց, շատ անգամ յիշուած են ի Մխ. Հերացւոյ, ուրիշ քսանէն աւելի յոյն, ասորի և արաբ բժշկաց հետ, ինչպէս նաև մեր յետագայ բժիշկներէն։ Ասոնց պարագլուխ կամ ամենէն նշանաւոր և արդիւնաւորն է Ամիրտոլվաթ Ամասիացին, ԺԵ դարու երկրորդ կիսուն, որ այլևայլ բժշկական գործեր գրելէ և թարգմանելէ զատ, այբուբենի կարգաւ ընդարձակ բժշկարան մ’ալ յօրինած է, հետեւելով բառագրոց Իպն Էլ-Պէյթար Սպանիացի-արաբացւոց [1], բացատրելով դեղոց և բուսոց զօրութիւնը և անուանքը, որչափ որ գտեր է, հայերէն, աւելի շատն ալ հասարակաց ծանօթ յոյն և մանաւանդ արաբ կամ պարսիկ և թուրք անուններով. այսպէս ըրած են և իրմէ վերջը եկողք, Ասար և Պունիաթ Սեբաստացիք ԺԷ դարու մէջ։ Իսկ ասոնց՝ մանաւանդ Ամիրտոլվաթայ յանուանէ յիշած տասնէն աւելի Հայ բժշկաց գրուածքն՝ անյայտ են, բաց ի Մխիթ. Հերացւոյ. հազիւ հատուածք ինչ իրենց բանից կամ փորձերն՝ յիշուին յԱմիրտոլվաթայ և յայլոց։ Ասոնց մէջ հնագոյնն է Յովհաննէս բժիշկ Թ դարու կիսէն վերջը, որուն բժշկական գրածէն և ոչ բան կամ վկայութիւն մը կայ, այլ ամենեւին տարբեր գործ մի, Ս. Դիոնիսիոսի վարուց թարգմանութիւնն: Իրմէ նոր՝ բայց ժամանակն անյայտ՝ է Յակովբ բժշկապետն, ամենէն ալ փափագելի. վասն զի միայն մէկ կարճ կամ քանի մի տող մնացեալ գրուածն ալ կը յայտնէ, որ արդարեւ զուտ կամ ընտիր հայերէն լեզու և բառեր՝ կարող են եղել բացատրել՝ ինչ որ բժշկութիւն կը վարդապետէ։ Նոյնպէս անյայտ ժամանակաւ, թերեւս Ժ կամ ԺԱ դարու մէջ գրած է և Ապլղարիպ յատկապէս Հայկազն կոչուած բժիշկն: Ոսկեղէն դարուն (Ե) թարգմանուած բժշկարանք հաւանական են, այլ թէ և ինքնագիր Հայ բժիշկք եղած են, չեմք կըրնար հաստատել, բայց չեմք տարակուսիր որ ոչ միայն այն ատեն եղած են Հայ բժիշկք, այլ և աւելի առաջ և շատ հին ատեն, երբ հայերէն գիր չկար, կամ եղածն ալ անյայտացեր է։

Բայց մեր խնդիրն ոչ բժշկաց վրայ է և ոչ բժշկական լեզուի կամ գիտութեան, այլ միայն յիշեցընել, որ այդ գիտութեան հետևող նախնիք մեր՝ քններ ստուգեր և յետնոց աւանդեր են՝ իրենց բնիկ լեզուի բուսական բառերը, բաղդատելով օտարաց հետ. յայտ է որ շատ անուանք ալ պարզ լեզուագիտութեամբ կամ վաճառականութեամբ և այլ որպիսի և է յարաբերութեամբ ընդ օտարաց՝ ճանչցուած են մերայոց ինչպէս և օտարազգեաց՝ ըստ իւրաքանչիւր լեզուաց։ Յայտ է եւս, որ ինչպէս ամեն բոյս ամեն երկրի վրայ չի գտուիր, այսպէս ալ իր անունն՝ հարկ է որ օտար և հեռու երկրի բուսոց համար, կամ թարգմանելու են օտար բառերը, եթէ կըրնան թարգմանուիլ (ինչպէս օրինակի համար, Եզնալեզու, Buglossum լատ. Լիսանի Սէվր արաբ, ամէնն ալ նոյն բան կը նշանակեն, կը մնայ գիտնալ՝ թէ որն է առաջինն՝ ուսկից ուրիշներն թարգմանուեր են), կամ օտար երկրի լեզուի բառերն առնուլ և գործածել. ինչպէս կ’ընեն շատ անգամ արեւմտեան ազգք, ինչպէս նաև արեւելեայք, և մերայինք ալ ըրած են և կ’ընեմք։ Դիտելու է միայն, որ երբեմն այսպիսի օտար անուանք, մանաւանդ արաբ և պարսիկ, այնպէս նման և յարմարած են մեր լեզուին, որ բնիկ հայերէն կարծուին, և հարկ է գիտնոց ստուգել և որոշել։ Դարձեալ գիտնալու է, որ այսպիսի սովորական դարձած օտար բառերու ի մեր լեզուիս՝ ոմանց բուն հայերէն անուանքն ալ կան. ուրեմն եթէ այսպիսեաց հանդիպումք մեր Բուսաբառութեան մէջ, հարկ է որ բուն ազգային անունը դնեմք յայբուբենական կարգի և անոր դիմաց օտարամուտն, և հոմանիշ ուրիշ անունները. վասն զի կան մեր լեզուի մէջ ալ բոյսք, որ զանազան անուամբ կոչուին, ո՛ր և է պատճառաւ, եթէ այլևայլ գաւառաց մէջ այլեւայլ կերպով կոչուելով, եթէ բուսոյն զանազան տեսակներն ըլլալով, որ իրարու նմանելով` նոյն և մի անուամբ կոչուեր են։ Եթէ մէկ լեզուի և մէկ երկրին մէջ՝ նոյն կամ նման բուսոց զանազան անուանք՝ տարակոյս կամ շփոթութիւն կու պատճառեն, ո՞րչափ աւելի դժուար կըրնայ ըլլալ այլեւայլ լեզուաց բուսոց բառերուն նոյն կամ տարբեր ըլլալը մեր լեզուին մէջ գործածուածէն՝ որոշել. հասարակ կամ գործածական բուսոց անուանց վրայ չէ տարակոյսն, այլ անտառային ծառոց և ծաղկանց. և կան ալ այսպիսիք թէ՛ օտարաց և թէ՛ մեր մէջ, որոց ոմանք ի թարգմանչաց (նաեւ Ս. Գրոց) այս ինչ անուն տուեր կամ սեփականեր են, ոմանք ուրիշ անուն։ Նոյն իսկ Յունաց հին և ընտիր հեղինակք, ինչպէս հիմայ ալ Եւրոպացի գիտնականք, երբեմն չեն միաբանիր բուսոց անուանց, և այլեւայլ կարծիք ունին. զարմանք չէ՝ եթէ և մեր մէջ ալ, և որ և է ռամկաց մէջ այսպէս ըլլայ, և պիտի ըլլայ. և թերեւս ամենուն միաբան ճանչնալու և նոյն անունը տալու համար՝ դարեր պիտի անցնին։

Իսկ մենք՝ որովհետեւ բառագրոց ոճով պիտի գրեմք բուսոց անուանքը, հարկ է որ ամէն հոմանիշ անուններն ալ զատ-զատ իրենց տեղը նշանակենք, բայց ամենէն յատուկ համարուածն աւելի բացատրեմ, և անոր խաւրեմք միւսները. և նաեւ երբեմն այն տեղ նշանակեմք այն բուսոյն քանի մի օտար լեզուաց անունն ալ . յոյն, Ա. արաբ, Թ. թուրք, Պ. պարսիկ, Փ. փռանկ) Ռ. ռուս, և մանաւանդ Լ. լատին, որ բուսաբանութեան յատուկ լեզու համարուի յԵւրոպացւոց, բայց այս՝ միայն ծանօթագոյն և ի գիրս յիշեալ բուսոց կամ մասնաւոր գիտելեաց ինչ համար։ Կու յայտնենք մեր տարակոյսներն ալ, և խնդրեմք ի գիտցողաց՝ զմեզ տեղեկացընել. և թէ ուրիշ բոյսեր ալ գիտեն՝ որոց անունները չեն գտնել մեր գործոյն մէջ, շնորհել մեզի, եթէ հաճին, հանդերձ բացատրութեամբ կամ նկարագրութեամբ. մենք ալ ի փոխարէն (եթէ մեզի բաւական անուններ և ծանօթութիւններ տան), պարտական մնամք մեր գործոյն օրինակ մի տալ անոնց՝ երբ ամբողջ տպագրուի. միայն յիշեցընեմք՝ որ ստոյգ և ծանօթ կամ գործածուած և լսուած անուններ ըլլան, և ոչ իրենց օրերուն կամ իրենցմէ հնարուած, ինչպէս կարծեմք մեզ խաւրուած հարիւրաւոր անուններ, որոց նոյն իսկ շէնքն կամ փափկութիւնն՝ կը յայտնէ որ նոր խելքի մէջ ցանուած և գրչի տակ բուսած են. կը թողունք զանոնք իրենց տեղը։ Ընդ հակառակն հաճութեամբ պէտք է յիշեմք քանի մի նոր տեղագրաց կամ բնագրաց քիչ շատ բուսական բառից հաւաքմունքն. որպէս, տարաժամ + Սրուանձտեանն, Նաթանեանն, Աթանասեան (Երեւանեան նահանգի բուսաբերութիւնն), և այլն։ Ասոնց նման աւելի պակաս հաւաքմունք ալ ունիմք մեր միաբան Հարց ոմանց, ինչպէս Հ. Պօղոս Մէհէրեան Մշեցի (+1814), Հ. Եփրեմ Սէթեան (+1838), որ և 30ի չափ իսկական բուսոց մասեր կամ ծաղիկներ թղթի վրայ կպուցած և աննունին գրած խաւրած է. Հ. Ներսէս Սարգիսեան (+1866), Հ. Սիմէոն Ճուլարտեան (+1884)։ Ասոնց հետ յիշեմք շնորհակալութեամբ՝ հաւաքում մ’ալ 50էն աւելի թէ՛ բուսոց և թէ՛ անուանց վայելուչ գրքաձև կողից մէջ ամփոփուած, զոր Պ. Հմայեակ Խուշպաշեան ուսուցիչ, Պ. Պետրոս Մարիմեան և այլ քանի մի բանասէր երիտասարդք Տրապիզոնեցիք՝ քաղքին քովի գեղերէն և լեռներէն ժողովելով, յամի 1890, յոբելինի առթիւ ընծայեցին առ մեր Հ. Ղեւոնդ Վ. Ալիշան, և որ հաճոյ եղաւ իրեն քան զայլ յիշատակս։ Նոյն քաղքէն Պր. Տիգրան Ղազարոսեան ալ խաւրած է ցանկ մի գաւառական անուանց բուսոց ընդ այլոց։ Յիշենք նաև Շէհրիմանեան Ստեփանոսի բժշկական և բուսաբանական գրուածք և բառերը, Ռոշքեան Ստեփանոս վարդապետի Հայ և լատին մեծ բառարանն, յորում շատ բուսական բառեր ալ կան, թէ և ստուգելու կարօտ։ Աւելի հաճութեամբ՝ և օգտիւ յիշատակաց արժանի է Դաւիթ Սալաձորցի Սարկաւագն (Կարնոյ գեղերէն), ԺԶ կամ ԺԷ դարու գրիչ, որ հարիւրի չափ ծաղկունք՝ գրեթէ բոլորն հայերէն անուամբք՝ ոտանաւոր բանիւ համառօտ նկարագրեր է։

Ըսածներէս յայտնի կ’ըլլայ որ մեր հրատարակելի Հայկական Բուսաբառութիւնն ժողովուած է այսպիսի հաւաքմունքներէ, ի Բժշկարանաց, յայլ և այլ բնագիր և հին թարգմանեալ Գրոց Սրբոց և արտաքնոց, և մեր ազգային հեղինակաց. յատկապէս եւս ի Վաստակոց գրոց, որ տպագրեալ է ի վանս մեր յամի 1877, և որոյ յառաջաբանի մէջ և ի վերջը դասուած բառից մէջ` կան բաւական տեղեկութիւնք այն երկրագործական կամ տնտեսական գրոց հեղինակաց և թարգմանութեան վրայ, զոր համարեր եմք ԺԳ դարուն եղած յարաբ լեզուէ ի Կիլիկիա, թէ և ըստ կարգաբանութեանն համանման է Կոստանդին Պերփիւռոժեն կայսեր հաւաքել տուած Երկրագործականին (Geoponicon)։ Աւելցընեմք հօս շատ հետաքննական և պանծալի բան մ’ալ. այն մեր հրատարակեալ գրոց յառաջաբանին մէջ յիշած էինք Իպն-ալ Ավամ սպանիացի արաբացւոյն Մշակական գիրքը (Քիթապ-ալ-Ֆէլլահա), ԺԲ դարու մէջ գրող, որ իրմէ առաջ Ուահշիահ կամ Վահշիահի հաւաքողին գործը հարիւրաւոր անգամ յիշէ և վկայութիւն բերէ. այս գործս շատ հռչակաւոր գրուածք է, և կոչուի Երկրագործութիւն Նաբաթացւոց (Agriculture Nabathcéene), յանուն Նաբէովթի որդւոյ Իսմայէլի որդւոյն Աբրահամ նահապետի, յորմէ Արաբացիք սերուած են, և իրենց ընդարձակ երկրին հիւսիսակողմը բնակող ժողովըրդէն համարուի՝ ամենէն առաջ երկրագործութեան վրայօք գրուած, քաղդէարէն կամ արաբերէն, հին Բաբելացւոց ինքնակալութեան ատեն. գիտնականք համարին թէ ոչ մէկ՝ այլ քանի մի հեղինակաց գործ ի մի հաւաքուած եղած է այն Նաբաթական Երկրագործութեան գիրքն, ըստ ոմանց Նաբուքոդոնոսորի ժամանակ. հաւաքողն ալ Քուցամի անուամբ մէկն, իսկ Վահշիահ ԺԱ դարու սկիզբները անկէ քաղեր և թարգմաներ է արաբերէն, ինն մաս բաժնած. ամբողջ գործն հազուագիւտ է կամ անգիւտ, և դեռ չէ թարգմանուած յԵւրոպացւոց, որք շատ բան գրած են անոր նկատմամբ. և ծանուցանեն, որ Վահշիահ այն հին և հնագոյն հեղինակաց մէջ երեք գլխաւոր յիշէ. առաջինն Սագրիտ ոմն (Sagrit) կամ Տաղրիտ (Daghrit), վերջինն Sամիրի կամ Յամիտրի (Tamiri, Jamitri) Քանանացի, իսկ միջինն ժամանակաւ՝ Հայ մի, Յամբուշատ անուամբ (Jambuschad), յոմանց գրուած նաև Jambusckad, որուն գրուածներէն ալ թարգմանաբար կ’ընծայէ Վահշիահ, անկէց ալ յիշէ Իպն ալ-Ավամ, մասնաւորապէս Այգեգործութեան մասին։ Անունն հաւանօրէն այլայլած է, բայց դարձեալ հայկական ձայն կու տայ ակընջի, իբրև Համբուշատ կամ Համբուժատ (որ կու յիշեցընէ Ասկլեպիոսի դստեր անունը և դեղը, Panacée, Համաբոյժ, ամենաբոյժ դեղ)։ Բայց անունէն աւելի գործն կամ գրածն է մեծ յիշատակաց արժանի. միանգամայն և հաւաստիք (թէ և ասոր կարօտ չէինք) Հայոց մէջ շատ հնուց և միշտ՝ երկրագործութեան բարգաւաճ ըլլալուն. որոյ՝ այսօրուան օրս ալ կենդանի վկայ են թէ՛ մշակութեան, թէ՛ հովուութեան արուեստից վերաբերեալ բազմաթիւ մանրամասն գործածուած բառք և բացատրութիւնքն. յորոց գուշակուի, որ եթէ ոչ անոնց չափ շատ՝ բայց ոչ ալ քիչ բուսական բառք պիտի լսուէին իրենց լեզուաւ։ Ասոնց մնացորդքն կամ մնացորդաց մնացորդ համարուին մեր քաղածքն ալ. որոցմէ զատ անշուշտ պիտի ըլլան դեռ շատ բառք կամ անուանք բուսոց, որ մեզի անծանօթ են, կամ մեր յիշողութենէն և աչքէն վրիպեր, ինչպէս նաև մեր բուսաբանական գիտութենէն, ուր որ հարկ ըլլայ, քիչ անգամ, բուսոց կամ իրենց տեղւոյն բնութեան և կազմութեան վրայօք տեղեկութիւն տալ, բայց յուսամք, որ գիտցողք ներողամիտ ըլլան մեզի, և այլք լաւագոյն և առաւելագոյն կերպով յայտնեն և կատարելագործեն մեր նախընծայն: Այսպէս ա՛լ շատ անգամ Ամիրտոլվաթայ գրածները ի մէջ կը բերեմք, ոչ իբրեւ կատարեալ բուսաբանի տեղեկութիւն, այլ իբրեւ ազգային աւանդութիւն և հաճոյ ազգայնոց, թէ անոր տուած ծանօթութեամբք, թէ պարզ և ընտանի ոճովն և լեզուով, և թէ միանգամայն իբրեւ գիտուն բանասիրի և արժանաւոր հեղինակի, և նշանաւոր ազգայնոյ մի գործ, որ Եւրոպացի գիտնականաց անգամ կըրնայ գովելի և պիտանի ըլլալ։

Այսու նկատմամբ կ’արժէ որ լսենք ինչ որ ինքն կ’ըսէ ի յառաջաբանի բժշկական Բառագրոցն. «Հիմի պատեհ է, որ ասեմ քանի մի բան վասն Դեղերուն, անարժան և անպիտան ծառայ Ամիրտօլվաթ բժիշկս Ամասիացի։ Յիմացէք և հասկացէք, եղբայրք, որ այս գրքիս ձեւն այսպէս է. որ զմէկ դեղի մի անուն՝ շատ բառերով է գրած ի վերայ այբուբենի (ինչպէս) Աւթխորն Յ. (արաբերէն) բառով՝ ի վերայ Այբին է. և Հայ (բառով) Վաղմեռուկ ասեն, յիշած է ի վերայ Վեվին. հանց որ Աալուսան (Alyssum) Յ. (արաբ. ) և Հ(այ) Վառվռուկ ասեն, յիշած է ի վերայ Վեվին։ Եւ լինի որ ասեն զանունն ի մէկ գրի վերայ, և մէկ գրի վրայ այլ զպատմութիւն պատմեն և զօգնութիւնն ասեն՝ թէ ի՞նչ է. որպէս, յիշած է Արջասպն ի վերայ Այբին, և ի վերայ Զային՝ Զաճ, և զիր պատմութիւնն: Եւ կայ դեղ, որ հինգ-վեց անուն ունի, և ամէն անուանքն յիշած է ի վերայ գրին, թէ զինչ գիր որ ի յառաջքն գայ. և ի մէկ անունն վերայ յիշած է զբնութիւն և զօգտութիւնն, և զկարողութիւնն, թէ որպէս է։ Եւ Ձարխոտն որ յիշած է ի վերայ Ձային, և մէկ այլ անունն Փարսի Եաւշանն է, որ կու յիշուի ի վերայ Փիւրին, և մէկ այլ անունն Քուզպարաթ-ըլ պէրն (Քօսպէրէթ էլ-պիր) է, ի վերայ Քէին, և մէկ այլ անունն Շէր ըլ-խնզիրն է, և մէկ այլ անունն Թ. (թուրքարէն) Պալտըրի ղարա ասեն։ Եւ շատ անուանք ունին այս դեղերս, բայց զպատմութիւնն ի մէկ անուան վերայ կ’աւարտեմք. և զայլ պազի (քանի մի) անուանքն զամէն մէկն յիր գրին վերայ կու յիշենք. որպէս, Պապունաճ որ յիշուի ի վերայ Պէին, և այլ ասեն Իրիցուկ ՝ յիշուի ի վերայ Ինիին, և այլ ասեն Գետնի խնձոր, որ յիշուի ի վերայ Գիմին, բայց զամէն անուանքն կու գտնուն Այբէն ի վեր, և կու գրենք, և ի մէկ անունն զպատմութիւնն կու յիշեմք։ Եւ այս ձեւովս կու ընթանայ այս գիրքս:... Եւ թէ Աստուած յաջողէ՝ գրոցս ի վերջքն յիշեմ մէկ աղէկ Բառգիրքմն, որ զինչ որ դժար բառ կայ՝ հայ լեզուաւ պատմէ, որ թէ կարդացողն դիւրութեամբ հասկանայ, և (թէ) ուսանողն դիւրաւ ուսանի, և իսկի ծածուկ իրք չմնայ, և յայտնի»։ Թէ և կայ Ամիրտոլվաթի գործոց մէջ բառարան մի հինգ լեզուաւ (հայ, արաբ, պարսիկ, թուրք, հոռոմ), դեղոց, բուսոց, և այլն, բայց համառօտ բան է, և ոչ կարծեմ այն խոստացեալ բառգիրքն։ Այս ըսածէն առաջ ալ կ’ իմացընէր, թէ «Զայս գիրքս շինեցաք և ստուգեցաք շատ բառերով և պատմութիւններով թվին Հայոց Շինէ, այսինքն՝ Շ, 500+Ի, 20+Ն, 400+Է, 7=927, որ է 1478 Քրիստոսի), և որ կարդայ հեշտությամբ չիմանայ, և անգէտն չի յօգտիլ ի սմանէ. և անուանեցաք զայս գրոցս անունն Անգիտաց անպէտ. և պարտական եմ գիտնականացն և ծառայ ամենայն Փիլիսոփայիցն։

«Եղիր հետեւող իմաստութեան հետ.

Եթէ չուսանիս՝ բժիշկ ես անգէտ.

Լինիս դու գիտուն, արա բանիս պէտ.

Գրոցս անունն է Անգէտի անպէտ»։

Այս թուականէն տասն տարի առաջ (1468), Ամիրտոլվաթ գրեր և նոյն տարւոյն դեկտեմբերի 25-ին աւարտեր է բուն բժշկական գիրքը, Ուսումն Բժշկութեան անուանելով. դարձեալ ուրիշ նման գրուած մ’ալ, Օգուտ Բժշկութեան կոչուած, «որ Տաճիկն Քիֆայէթի տիպ ասէ. և արարի զայս գիրքս երկու բաժին. առաջին բաժինն է Ուսումն բժշկութեան և թտպիր (եղանակ) առողջութեան, և Ստածումն (խնամ, դարման) ամենայն անձինն. և երկրորդ բաժինն յիշէ զԿերակուրն և զԴեղերն նորա ամէն մէկէն և խառնուածէն, և զբնութիւնն և զօգտութիւնն և զօրութիւնն, և ցչափն առնելուն և զփոխանն ամէն մէկի. համառօտ ժողովեցի, և գրեցի զհին և զնոր բժշկապետացն զխօսքն, որ զամէն մէկին անունն յիր տեղն պիտի յիշեմք. և արարաք զայս ի վերայ այբուբենից կարգաւ. յառաջն ի վերն զցաւուն անունն է գրած, և ի ներքեւն զպատճառն, և այլ ի ներքեւն՝ զցաւուն նշանքն, և այլ ներքեւն զստածումն է գրած», և այլն։ Քանի մի տարի վերջը (1481) մեր անխոնջ փիլիսոփայ բժշկապետն գրեր է Աքրապատինը, որ է Դեղազուգութիւն, դեղերու շինելու և խառնելու կերպը (Formulaire, Pharmacopée). և որովհետև «Ախրապատինն առանց Մուֆրատաթի (les Simples) չի լինար, որ է՝ մէկ-մէկ դեղերն (այսինքն՝ իւրաքանչիւր բուսոց և դեղոց յատկութիւնն կամ զօրութիւնն), նա շինեցի զԽարապաթին (Աքրապատին) լման, և զՄուֆրատաթն այլ է լման. և զանուանքն գրի ի կարգին հինգ լեզուով», և այլն։ Այս գործս աւարտեր է Ամիրտոլվաթ ի Կ. Պօլիս. յիշեալ տարւոյ «ապրիլ ամսոյ ի վեցն, ի տօնի Աւետման Սրբուհւոյ Աստուածածնին»։ Նախընթաց տարին (1480) ի նոյն մայրաքաղաքն էր, երբ խնդիր եղաւ Մատնէհար կաւին (Հայկաւ, կամ ասոր մէկ տեսակն), և թագաւորական հրամանաւ «ղրկեցաք, կ’ըսէ, երեք մարդ» ի Լիմնոս կղզի, և հարցընելով ծեր մարդիկ՝ գտեր, փորեր ու բերեր են առ թագաւորն, որ «այս կաւէս շինել երէտ շատ փարչեր, որ զջուրն խմէին, և զայլսն ետ ի խազինան։ Նույն տարին ուրիշ յիշատակ մ’ալ թողեր է Ամիրտոլվաթ, որով լաւ եւս կ’իմացընէ իր բանասէր ըլլալն, որոյ վկայէ և ընդօրինակողն գրոց Միխայէլ Ասորւոյ պատրիարքի Պատմութեանց. «Զոր տեսեալ զսա հետեւողն իմաստութեանց և սիրողն սուրբ գրոց՝ մեծահաւատ Թարգմանող Բժիշկ Ամիրտոլվաթն, և ետ զսա գրել ի վայելումն անձին իւրոյ և գեղուղէշ նորահաս զաւակին իւրոյ Ամիրէտիլին »:

Այսչափս մեր գործոյս համար բաւական ըլլայ ի ծանօթութիւն Ամիրտոլվաթայ, որոյ վրայօք արդէն գրուած է ուրիշներէ ալ, այլ կ’արժէ աւելի քննութեամբ ճանչնալ և ճանչցընել զնա, իբրև մեր գրագիտաց, եւս առաւել իրեն ժամանակին, հանճարեղ նշանաւորներէն մէկն. որոյ վախճանն ալ նշանակուի իր գրոց օրինակաց մէջ. «Փոխեցաւ ի Քրիստոս Ամիրտոլվաթն Բժիշկն Թարգմանող գրոցս ի թագաւորական բժշկարանէ, ի թուին ՋԽԵ (1497) դեկտ. ամսոյն ի ութ, աւուրն հինգշաբաթի։ Որոյ հանգիստ և փառք մաղթելով՝ սկսինք մեր գործը, ի նոյն Ամիրտոլվաթայ Անգիտաց անպէտ բառագրոց առաջին բառով ( Աալուսան ), զոր պէտք էր դուրս թողուլ անոր նման շատ օտար բառերով, որ կամ հայերէն նոյնանիշն ունին, կամ ոչ անուամբ և ոչ էութեամբ ծանօթ են Հայոց։ Բայց կ’ընդունինք այն օտար անունները՝ որոց ծագումն յայտնի կամ անյայտ են մեզ, և կարծեմք, թէ լսուած և թերեւս գործածուած ալ ըլլան ի Հայս, և նշանակեմք աստղով մի (*), զուտ հայկական կամ հայացեալ անուններէն որոշելու համար։



[1]     Բժշկական բուսոց (Simples) և դեղոց վրայ արաբացի գրողաց (որոց գործն մնացած ըլլայ) ամենէն նշանաւորն է Իպն էլ-Պէյթար, այսպէս սովորաբար կոչուած, անասնաբուժի մի (Vétérinaire) որդի ըլլալուն համար, բուսաբանութեանն համար ալ՝ Էլ-Նէպաթի կամ Էլ-Աշշապ կոչուի. ԺԲ դարուն վերջերը ծնած է ի Մալակա Սպանիոյ (որոյ համար կոչի եւս Էլ-Մալաքիյ), ի կէս ԺԳ դարու (1248) մեռած է ի Դամասկոս։ Բաց իր հայրենեաց կողմերէն՝ Ափրկիոյ և Ասիոյ զանազան երկիրներ գնացեր քններ քաղեր է բոյսեր, որոց զանազան հոմանիշ անուամբ 2000էն աւելի յիշէ։ Այս աշխատութեան հաւասար՝ գուցէ և աւելի արդիւնաւոր է, յիշատակութեամբն յոյն, հռովմայեցի, արաբ, ասորի, քաղդէացի՝ իբր 150 հեղինակաց, յորոց վկայութիւն կու բերէ 2000 անգամէն աւելի, որք այնչափ աւելի պատուական են՝ որչափ որ այն հեղինակաց ոմանց գրուածքն հիմայ անծանօթ են։ Իր գիրքն անուանած է պարզաբար՝ Հաւաքումն բժշկական բուսոց ( Ճամի էլ-Մուֆրիտաթ ). մեր բժշկապետ Ամիրտոլվաթն ալ այսպէս Մուֆրատաթ կ’անուանէ իր մէկ գրուածը, որ է Դեղոց առանձին զօրութեանց բացատրութիւնն. կու յիշէ շատ հեղ և իր նախօրինակին գործը։ Ասկէ զատ Իպն Էլ-Պէյթար գրած է նման համառօտ գիրք մ’ալ Մոռնի անուանելով, այսինքն՝ Բաւական. վասն զի կարճօրէն կը բացատրէ միայն բուսոց դեղական զօրութիւնը, որ կրնայ աւելի մեր Ամասիացւոյն Մուֆրատաթին նմանիլ։ Այլեւայլ լեզուով թարգմանութիւնք եղած են բոլորական կամ մասնական Պէյթարի բառագրոց, մեր գործածածն է Լըկլէր (S. Leclerc) փռանկի թարգմանութիւնն, տպագրեալ երեք հատոր ի Պարիզ, յամի 1876-7: