Հեղինակ

Բաժին
Alishan  

Թեմա
Sciences  

151. Առաքեալ. 

Ասարայ բժշկարանի բառից մէջ գրուած է. « Հավարիօն ՝ Առաքեալն է», բայց այդ Հավարիօն անուն ուստի՞ ծագած է. — չեմ կարծեր, որ ըլլայ Ամիրտոլվաթայ յիշածն «Հավարի, որ է լուացած ցորենին ալուրն, և բարակ մաղած և եփած»։ 

152. Առիւծախոտ. 

Միայն Վաստակոց գիրքն յիշէ առասպելաբանութեամբ այս խոտս, բնիկ անունը Խատխալ ըսելով. «Վասն խոտին, որ անուանեալ կոչի Խատխալ, զոր ոմանք Առիւծախոտ անուանեն։ Ինքն հետ հընտանացն լինի, և խածաբրէ զբոյսն, եւս առաւել զբակլայն. արդ առաջինքն գտեալ են դեղ այն խոտին, և Դիմոկրատէս վկայեալ է գործոյն. և է դեղն այս. տանին կոյս աղջիկ մի յայն տեղն, ուր խոտն լինի… և տան ի ձեռն խօսող մի (աքլոր), որ գայ շուրջ ի վերայ տեղացն՝ ուր խոտն լինի. նա ի նոյն ժամանակ չըքի խոտն և չորանայ, և սերմանքն զերծանին և արքինանան։ Եւ ճշմարտած է, որ զերդ խոտս սասանի ի կուսէն և ի խօսողէն, նա և թէ կենդանի առիւծ երթայ՝ խրտչի ի նմանէ. և որ առնու զսերմն և խօսողի արեամբ մնշէ և ցանէ այս խոտս՝ բնաւ չմերձենայ ի յինքն»: 

153. Առիւծմորենի. 

Բառգիրք մի այսպէս կոչէ Բաստոս կամ Բարտոս կամ Բրաստոս օտարալեզու բոյսը, որ ծանօթ չէ այդպիսի՝ հաւանօրէն խանգարեալ անուամբ. քիչ մի մօտաւոր է Վրաթիս Βράζυς յոյն անունն, որ նշանակէ Գի, Լ. Iuniperus Sabina. մեր հին բժշկարանին ստորագրութիւնն ալ մօտենայ այս ծառոյս պտղոյն, բայց Մորենեաց ցեղէն գուշակուի. «Առոյծմորենին, կ’ըսէ, փոթոթ է. զհերն  եփեալ և զոստսն՝ զփորանցութիւն արգիլէ… Որ զպտուղն ուտէ՝ լընդացն օգտէ, ու զփորն կապէ... Արմատն խառնեալ ընդ մեղր և տալ? (դալ?) օգտէ կրծացաւոյ և հազի», — Յիշեալ տեսակ Գի և մանաւանդ Բարձրաձաղկն, I. Sabina excelsa, կամ Sabina orientalis, նշանակուած է ի Սիսական նահանգի (Գարապաղ): 

154. Առկայծ. 

Ոչ ի գրոց, այլ ի լրոյ. ցամաք դաշտային խոտ մի է, որ շուտով բռընկի. անկէ առած է անունը, ինչպէս և Թ. Աթէշօթի, Պ. Ազէրխիյշ: 

155. Առնուկ. 

Այս ալ ի լրոյ է, բայց ի՞նչպէս ըլլալն չէ բացատրուած: 

156. Առուակարոս. 

Աթանասեանն գրէ (եր. 86) Կարոսի ցեղէն բոյս մի ոտնաչափ բարձրութեամբ, մանր և դեղին փայլուն տերեւով. առուակներու եզերք գտուելուն համար այսպէս կոչուած։ 

157. Առուեղ. 

Դաւիթ Սալաձորցին կու յիշէ Աւգէր ծաղկի հետ (տես). թէ և գրուածը օրինակող մի՝ Առուեղներու տեղ՝ Առուեզերու գրած է, բայց հեղինակն ընդհանրապէս ուր երկու կամ այլեւայլ ծաղկըներ կու յիշէ` այն տեղ հետ բառով զուգէ։ 

158-9. Առուոյտ. 

Ամենածանօթ և պիտանի բոյս, կեր ընտանի անասնոց. ծաղկին գունովը, քիչ մ’ալ տերեւոց  ձեւով կամ վրայի պիսակով` յայլևայլ տեսակ զանազանի, և թերեւս այս պատճառաւ զանազան անուններ ալ ունի մեր լեզուաւ ալ. և նախ իր միացեալ կամ միակից երեք տերեւներուն համար Եռատերեւ կամ Երեքնուկ, ինչպէս և Լ. Trifolium, յորմէ Փ. Trèfle Ռ. Трилистникъ. Ասպաստ. Ախլախնձոր (թ. 31), Գնդածաղիկ, Կորնգան, Հանդաղուղ և այլն. զորոնք տես ի կարգին։ Ամիրտ. Ռատպայ ՝ ﺮﻃﺒﻫ բառի ներքեւ գրէ, «որ Թ. Եաւնճա կու ասէ, և Հ. Առվոտ, և ինքն երեք ցեղ է. լաւն այն է, որ դալար լինի և կանանչ լինի... և ինքն ի գիրացընող դեղերուն է, բայց ստամոքին զէն կու առնէ... Ասէ Պտ. թէ Ֆասֆասայ ասեն չոր Եօնճային, որ Պ. Ասպաստ ասեն, և Հ. Առվոտ ասեն»: Բայց Ասպաստ բառն ալ գործածեն Հայք, վասն զի զատ տեսակ մի է, ի Լ. կոչուածն Medicago. Փ. Luzèrne.

Առուոյտի քանի մի տեսակները յիշէ Մխիթար Գոշ յառակին (ԼԳ). «Գնդածաղիկք և Կորնգան և Խոլորձ, Առուոյտ Կապոյտ և Սէզ և նմանք սոցին, ծաղր եդեալ զՑինկ ` ասէին, եթէ Զի՞ է, զի մեք զուարճացեալ կամք, և նա ծիւրեալ դեղնութեամբ» և այլն։ — Բարդ կամ կից անուամբք յիշին հետեւեալ տեսակք. 

160. Իշառուոյտ. 

Որ է դեղին Առուոյտն. այդ կենդանւոյ անուամբ յիշեր են և հին յոյն հեղինակք, և նոյն բառիւ նաեւ Լ. Onobrychis. Փ. Esparcette. ինչպէս գրէ և Ամիրտոլվաթ և կ’ըսէ. « Ունուպրուխիս. որ ի փլփլկած տեղեր կու լինի, և ի թաց տեղեր կու բուսնի. երկայնութիւն մէկ թիզ կու լինի, և տերեւն մանր որպէս Ոսպան տերեւ, և կարմիր ծաղիկ ունի»: 

161. Եղան Առուոյտ. 

Անուամբ նոյն, բայց տեսակաւ շատ տարբեր, մարդաչափ բարձր կ’ըլլայ և ճղեր ալ ունի. ծաղիկն դեղին ծոպաձեւ կախուի. գործածուի դեղի համար: Ծանօթ է Մշոյ կողմերը։

Առուոյտի հունտ ալ յատուկ յիշուի ի հին և նոր բժշկարանս արաբ բառին քով Պըզր-էլ-Ճարճիր, որ Պ. Թուխմի Քիքիզ կասեն, ըստ Ամիրտ. և ի Շիրազ Քամասք ? կ’ասեն. և լաւն այն է, որ ածւոց լինի և ի լի լինի»։ Հասարակ Առուոյտէն տարբերիլն ալ նշանակէ Ռազկան որդւոյ [1] վկայութեամբ, թէ այդոր փոխանն իր չափով՝ Առուոյտն է»։ Հայերէն ալ Ճարճրուկ կ’ըսուի, Փ. Roquette: 

Այս հայերէն բառերով անուանուածներէն զատ՝ Առուոյտի շատ տեսակներէն քսանի չափ յիշեն բուսաբանք ի Հայս, որոց մին յատուկ Հայկական, T. Armenium ի լեռնակողմանս. Գիսագլուխն Trichocephalum ի Մասիս. Նկունն՝ T. Hybridum ի Մուշ, Բաբերդ, և այլն։ 

162. Առսան? 

Ըստ Ամիրտ. այս ալ Առուոյտի տեսակ պիտի ըլլայ, եթէ ստոյգ է գրուածն. վասն զի Յալափ անուան տակ գրէ. «Որ է Ռատպան, որ հայերէն Առսան ասեն։ Դարձեալ Յ տառի [2] շալակաց մէջ գրէ (Փի տեղ Թ). «Յալաթ, որ է Ռատպայ»։ Տեսանք, որ և Ռատպայ Առուոյտն է, իսկ Յալափ կամ Յալաթ անծանօթ է ինձ: 

163. Ասիկ. 

Ալոճի տեսակ պտուղ. գրէ Սեբաստացի ոմն: 

164. Ասլանճ. 

«Որ է Իսլիհ ﺍﺴﺎڍﺥ. ինքն խոտ–մն է, որ ի աւզին մէջն կու բուսնի, և յերկան յերկան և դեղին դեղին է. Ջրկոտեմ կու նմանի. և ներկրարքն կու բանին զինքն: Եւ յորժամ զտերեւնին եփես և սպեղանի առնես՝ օգտէ պալղամի ուռէցնուն... Եւ մէկ ցեղ այլ կու լինի, որ ի չոր տեղեր կու բուսնի, և ծաղիկն ու Աղվէշբանկի ծաղիկ կու նմանի»: Պէյթար ասոր համանիշ անուն մ’ալ գրէ, Լիրուն, իսկ բոյսն է վայրի Կանչխոտ (Réséda), բայց այս Ասլանճ նշանաւոր անունը՝ ոչ նա յիշէ և ոչ այլք: 

165. *Ասխիս ?. 

«Որ Թ. Սախըզ թիքանի ասէ» ըստ բժշկարանի։ 

166. Ասղուկ կամ Ասեղուկ. 

Սուր-սուր թելի նման խոտ, ուսկից կու զգուշանան գառներն ուտելու: 

167. Ասմաղուն կամ Ասմաճուն.

Գրուի ի բառս Գալիենոսի և կու զուգի Լուրջ Շուշանի: 

168. Ասորեկ. 

Որ է Ար. և Պ. բառիւ Ճարճիր կամ Ճարճրուկ, Լ. Erica, Փ. Roquette, Ռ. Шпулька։ Ծանօթ բանջար և աղցան ուտելի. երկու տեսակ է ըստ Ամասիացւոյն. «մէկն ածուիքն լինի և մէկն վայրի լինի. և լաւն այն է, որ յածուոցն լինի:... Եւ Հարսնուկ ասեն անասուն մի կայ, թէ խայթէ` զչարութիւնն տանի։ Եւ գրած է ի Խասիաթին գիրքն (Վաստակոց, Մշակութեան) թէ որ զՃարճիրն ծեծէ և զջուրն առնու և ի Թթու Նռան տակն լնու, քաղցր Նուռ լինի. և այն որ Վայրի Ճարճիրն է՝ Խարտալ կու ասեն»: — Տե՛ս և Ճարճիր։

Գալիենոսի բառից մէջ գրուի « Եւզոմն ՝ Ասորեակ». ուղիղն՝ Եւզոմոն Εΰζωφον. զոր յիշէ և Պէյթար ի Դիոսկորիտեայ գրոց, Ուզիմուն գրելով, ﺍﻮﺰڍﻤﻮﻦ։ 

Ասորեկի անուամբ մեր բժշկարանք կ’իմանան նաեւ անոր մերձաւոր Կոտեմ ը և Ջրկոտեմ ը. մէկն գրէ, «Ասորեկ, որ է Ջրկոտիմն, որ է Ճարճիրն». միւսն « Կարդամոմոյ (Cardamina) Ասորեակ կամ Կոտեմն»:

Զարմանալի կամ հետաքննական բան մ’է, որ մեր Ասորեկ կոչածը՝ Ափրիկեցիք ալ հիմայ Ասուրիկ կոչեն, ըստ վկայութեան Ատանսոն բուսաբանի, որ շատ տարիներ կեցաւ ի Սենեկամպիա:

169. Ասուիկ. 

Ասրի նման կակուղ և փափուկ խոտեղէն մի՝ ըստ նոր գրողի առ մեզ: 

170. *Ասպաղօլ կամ Ասպայուլ.

Պարսկերէն է. բժշկարան մի յիշէ «Ասպաղօլի Լուապ» դեղ: Տե՛ս Ջղախոտ: 

171. Ասպանակ. 

Նարեկի աղօթագրոց Լուծմանց մէջ կ’ըսուի, «Ասպանակն է Սառապիսեայ փայտն»։ — Sarapias անուամբ բոյս ճանչնան բուսաբանք Կոլոռճիկներու (Orchideæ) ցեղէն, բայց բո՞յս կ’ուզէ նշանակել մեր հեղինակն, թէ Եգիպտացւոց Սերապիս չաստուածոյն գլխարկը, որ էր գրիւ մի, իբր նշանակ առատութեան բերոց: 

172. Ասպանտ ?. 

Սպիտակ Մանանեխն է՝ ըստ բժշկարանի մի։ 

173. Ասպաստ. 

Տես ինչ որ գրուած է Առուոյտի համար, որոյ մէկ ազգն է ըսուեցաւ. Լ. Medicago. Փ. Luzèrne. Ռ. Медунка: Ըստ Ամիրտ. պարսկերեն նշանակէ Չոր Առուոյտ: Եւրոպացի տեղագրողք յիշեն այս տեսակս յայլեւայլ կողմանս մեր երկրին, ի Կարին, յԵրասխայ հովտի, յարևելեան հիւսիսային գաւառս. ինչպէս. Մատզուկ տեսակն, M. Glutinosa, ի ստորոտս Մասեաց. – M. Papillosa (Պիսակոտ) ի Կարին, Թորթում, — M. Gerardi ի Շահպուլագ Սիւնեաց: 

174. Ասպուզան. 

Որչափ որ մեր հեղինակք կարճ խօսքերով կ’իմացընեն, գեղեցիկ և անուշահոտ ծաղիկ մ’է լեռնային, ինչպէս Մխ. Գոշի (Լ) առակն վկայէ. «Եղև երբեմն գժտութիւն ի մէջ լեռնականացն և դաշտականացն ծաղկանց, զի Հօրուտն և Մօրուտն և Ասպուզանն և այլք այսպիսիք՝ ոչ տանէին պարսաւանացն Դաշտականաց, Արքայածաղկին, Կակաջին և այլոց նմանեաց, զի ստգտանէին իբրեւ տմարդիք և անիմաստք, և զինքեանս հանճարեղս և ի բժշկութիւնս պատրաստս», բայց բուսոց թագաւորն կու յանդիմանէ զանոնք. և յիշեցընելով, որ ինքն ամենուն յարմար տեղ տուեր է, և կըրնան մէկմէկու պիտանի ըլլալ,  «այսպէս համոզեաց զնոսա»: — Վաստակոց գիրքն (գլ. ՄԻԸ), խրատէ «ի միջոցս ծառոցն երակ-երակ անուշահոտ ծաղկունս սերմանել, Վարդենի, Մանուշակ, Զաֆրան, Մնփուր, Ասպուզան, Նռճէս, և այլ այսպիսիք». յոյն բնագիրն չորս ծաղիկ միայն գրէ, հայերէնին առաջին երեքն և Շուշան, որով չիմացուիր Ասպուզանի ինչպէս կոչուիլն յօտարաց, որոց թերեւս ծանօթ ալ չէր, բնիկ ըլլալով մեր երկրին սահմանաց, որ և մեր դպրութեան առաջին հեղինակի մէջ՝ յԱգաթանգեղոս՝ յիշուի Ասպազան գրութեամբ այլ. անունն յայտնապէս Հայոց և Պարսից լեզուի ձայն կու տայ։ — Քիմիա — գիրքն նորալուր բան մի կ’ըսէ և անունը յայտնէ. «Ասպուզան ծաղիկն Հալողի ներկին կ’ասեն. Թուրքն՝ Ասփուր չիչակի կ’ասէ». (տե՛ս Ասփուր)։ Իսկ հին բժշկարանն, « Ալշապhn ? Ասպուզան», զուգէ. և ուրիշ տեղ մի իբրև դեղ, «զԳոճամորին և զԱսպուզանի տակն եփէ ջրով և խմցո ի յանօթից»: Այս նուսխայս ալ կու յանդիմանէ վերոգրեալ բամբասող դաշտական ծաղկըները, որ զլեռընցից բժշկութեան անյարմար կ’ըսէին, իսկ Ասպուզանի լեռնային ըլլալուն՝ վկայէ և Սալաձորցին, ականատես ’ի Կարնոյ բարձրաւանդակին, նաեւ գունոյն. [լեռներուն, 

«Ան Ասբօսան ծաղիկ մի կայ, իսկի վար չի գար Վառ Կապուտ. հոտն է սակաւ»: 

Շէհրիմանեանն այս բոյսս համարի Լ. Psyllium, որ յատուկ նշանակէ վայրի Բզրուկն (տես), Լուախոտի տեսակ մի. բժշկարանք ոմանք զուգեն զայս վերոյիշեալ (թիւ 170) Ասպաղօլի կամ Իսպաղուլի, որ է Պ. Իսփէղուլ, ﺍﺴﭘﻏﻮﻝ, և նշանակէ Ձիականջ: — Ուրիշ բժշկական բառից հաւաքման մ’այլ մէջ գրուի, « Խաղավաթի ? քամուքս՝ Ասպուզան»: 

175. Ասպուզանուկ. 

Անշուշտ Ասպուզանին նման՝ այլ անկէ պզտիկ է. զոր վերոյիշեալ բառից հաւաքողն զուգէ Խափիթ անուան. ուրիշ մ’այլ երկու անուանքն եւս այլայլելով գրէ, Խաբոտ ՝ Ասպոնան ։ Եթէ Խափիթ՝ է հաւանօրէն Ղաֆէթն, և սա հայերէն Երեսնակն է (Eupatorium), ինչպէս գրէ Ամիրտ. այլ, բայց անկէ զատ դարձեալ կայ ուրիշ Ղաֆէթ մ’այլ, և ասոր համար կ’ըսէ. «Ինքն խոտ մի է, մէկ թիզ է, կէս տերեւ է և կէս ծաղիկ, երեք ազգ է. աղէկն ծիրանի ծաղիկ ունի, բնութիւնն տաք է և չոր է», և այլն: 

176. Ասպուր. Ասպուրակ. Ասպուռ, Ասփուր. 

Թէ և նոյնանիշ են այսպէս զանազանեալ գրուածքն, բայց մի և նոյն իսկ անուան նշանակութիւնն տարակուսական է, այսինքն՝ Արաբացւոց այլ Ասֆուր կոչածն և իբր համանիշ Ղրտումն կամ Կրտիմն ՝ ի՞նչ տեսակ բոյս է կամ ի՞նչ զանազան տեսակք. մեր բժշկարանք՝ կամ Ամիրտ. հասարակ Ասպուրը չի ստորագրեր՝ այլ Վայրին. երկուքն ալ Ղուրտում անուան տակ, որ է ըստ Ար. Գորթոմ, ﻘﺮﻄﻡ.   Պէյթար կ’ըսէ, երկայն թանձր և փշոտ տերեւներով բոյս մի է, երկու կանգուն բարձր, գլուխն մեծ ձիթապտղի մի չափ. ծաղիկն քրքմային, համեմի տեղ ի գործածուի, իսկ սերմն կարմիր և ճերմակ, երկայնաձև և անկիւնաւոր է։ Մեր բժշկապետն գրէ. «Ղրտում, որ է Ասփրին հունտն, ածւոց լինի և վայրի, և լաւն այն է, որ սպիտակ լինի. տաք է և կակուղ... թէ իր հնդին եղն ծովու փրփրով ի յաչքն քաշեն՝ զսպիտակն ի յաչացն տանի. և թէ զգլուխն այնով լուանայ՝ զոջիլն սպանանէ։ Եւ ասացել է, թէ Վայրի Ղուրտումին՝ (եթէ) մէկ մարդն կարիճ հարեալ լինի՝ ի հետն պահէ, զցաւն խափանէ. և յորժամ ձգէ՝ այլվի ցաւի... Ասէ Պատ. թէ Պ. այսոր Հասաքտանայ կ’ասեն»: — Իսկ Վայրի Ասփուրին համար գրէ. « Ղուրտումի պէրրի... Վայրի Ղուրտումն այլ Ասփուր է, բայց տերեւն յերկան կու լինի, և գագաթն կու բուսանի մէկ-մէկ կարմրուկ հատիկներ. և ծաղիկն դեղնուկ կու լինի, և տակն բարկուկ. և թէ զտերեւն և զգագաթն մանր ծեծեն և պեղպեղով և գինով խմեն, օգտէ կարճահարին», և այլն: Պէյթար կ’ըսէ, թէ տերեւներն՝ միայն գագաթան վրայ են, և թէ կանայք անկէ իլ (իլիկ) կու շինեն. Արաբացի անունն Գորթոմ՝ Ղրտում, Ղուրտում կամ Կրտիմ՝ ըստ մերոցս, համաձայնի Փ. և Լ. Carthame, Carthamus. Ռ. Сафлоръ Красильный. Վայրի Ասփուրն այլ Carthamus lanatus. Այն տեսակն, որ Սրափուշ կ’ըսուի, Carthamus Oxyacanthus, ’ի Միջագետս Երասխայ և Կուրի նշանակած են բուսաքնինք. թերեւս այս տեսակն է, զոր Ամիրտ. Տարիղան անուանելով գրէ. «Որ է Վայրի Ղուրտումն. ինքն բոյս-մն է, որ գարունն կու բուսնի, և իր ծաղիկն նման է Հասակին ծաղկին (Տատաշ, Tribulus), և դեղին է և բոլոր է, և ծաղիկն փուշ ունի, և ի Շիրազ՝ Անկուվիզ կու ասեն: — Նոր հայերէն անուն մ’այլ կ’ընծայէ Անգիտաց անպէտն այս բուսոյ». Ղուրտում, Հասաքտանայ պարսկերէն, հայերէն Հաճկիրակ ասեն, որ է Ասփրի հունտն». լաւ եւս Հակժիրակ, զոր տես:

Վաստակոց գիրքն յիշէ (գլ. ՃԼԱ. ) զՎայրի Ասփուրն, գինեգործութեան վրայ խօսելով, զոր և կամ Դաղձ կ’անուանէ կամ ասոր յետ կու յիշէ. «Եթէ ուզես, որ (գինին) յեռալն չվայթի, ա՛ռ զԴաղձն կամ զՎայրի Ասփուրն, և կանդի (վանդակաձեւ) շինեա կարասին բերանոյն չաքօք՝ զերդ գտակ, և ի վերայ բերանոյն դիր». յոյն բնագիրն Καλαμίντης կոչէ զբոյսը, որ է Nepeta, Փ. Pouliot sauvage, Ռ. Дыкий полей. Վայրի Դաղձ: — Ոմանք յԵւրոպացի գիտնոց Dulcamara կոչեն զԱսփուրն։ 

177. *Ասպուրակ. 

Որ է Հալիոնն, կ’ըսէ բժշկարան մի, և յոյն կամ լատին բառին տառադարձութիւնն է, Asparagus, որ է հայերէն Ծնեբեկ: 

178. *Աստախօտոս. 

Տ. Աբեղախոտ (թ. 3) և Եզնախոռն. Յ. և Լ. Stachys. Այս յոյն անունը գործածէ և Մխ. Հերացի (երես 126)։

179. Աստեղած. 

Բոյս մի աստեղանման, որ գիշերը կու բացուի, ըստ նոր գրողի մի. քննելի է. այսպէս և հետեւեալքն, 

180. Աստղիկ. 

Որոյ սոսկ անունը գրէ նոյն անձն. նոյնպէս եւ

181. Աստեղունք. 

Յիշեալ ի Մշակ օրագրի (ԺԸ, 88)։ 

182. Աստղափուշ. 

Ըստ նոր գրողաց՝ երկթզաչափ բոյս մի է մոխրագոյն մեծ տերեւներով, կապոյտ ծաղկով, գլուխն թաւ գնտաձեւ:

183. Ասրունճ. 

Յովասափ անուամբ բժշկական բառից և բանից հաւաքող մի՝ գրէ այս անունս, և կ’ըսէ, Սիլիկոն ն է. լատինն Siligo, հասարակ ցորեն կամ ցորենի տեսակ մի նշանակէ, ըստ յունականին Σιλίγνιον:

184. Ատաբոխի. 

Անկիւնաւոր բունով կամ ցօղունով կէս Չափ բարձրությամբ բոյս մի, թելաձեւ տերեւներով, վերէն ի վար ծաղկալից և անուշահոտ, ծաղկըներն հովանաձեւ են և ճերմակ. ուտելի է։ 

185. Ատմատ. 

Հնդի բակլայ, գրէ բժշկարան մի։ 

186. Ատոլ. 

Գետնախնձորի (Փաթաթ) նման մանր կոճղէզ է քաղցրահամ ուտելի, և գտուի ի Կարին և այլ տեղուանք. Շիրակայ կողմերը Խանտող կ’անուանեն զայս: 

187. *Ատրագոյն. 

Էտրէկիւն ըստ Պարսից, գրէ Շէհրիմանեանն, և համարի Լ. Flos Adonis, Փ. Adonide, յանուն Ադոնիս պատանւոյ ըստ առասպելաց, զոր վարազ մի սպանեց, և Աստղիկ այլափոխեց ի ծաղիկ։ Այս և այլ տեսակք տեսնուած են ի Կարին, Թորթում, Բաբերդ, Ծանախ (Կիւմիւշխանէ) Պարխար, Սպեր, Նախճաւան։ 

188. Ատրուք ատրաք ?.

Ալոճի պտուղ՝ ըստ Սեբաստացւոց: 

189. Արած. 

Քարերու և ժայռերու վրայ մաշկի պէս կպած բան մի, դեղին կամ կանաչ, որ թէ և չի նմանիր բուսոց սովորական ձեւին, բայց անոնց նման աճումն և սերումն ունի. հասարակօրէն Եւրոպացիք Lichen կ’անուանեն. և կան տեսակք, որք դեղի այլ գործածուին ներկելու այլ: Քարերու, պատերու և ճապղած ջրոց երեսն այլ կու պատեն այսպիսի բոյսք, որ մեր լեզուով այլեւայլ անուններ ունին, և ըստ կարգի յիշուին, ինչպէս Գորտնբուրդ, Լօռ, Մամուռ, և այլն: 

190. Արանդ.

Յ. Բողբո ս բառն է Գալիենոսի, Βολβός. Լ. Bulbus, Ռ. Цбеточная луковица, որ է յայտնի բուսոց ոմանց սոխաձեւ տակն կամ կոճղէզն: Պէյթար այլ նոյն յոյն բառով յիշէ, ﺑﻠﺑﻮس, բայց յատկապէս այսպէս կ’անուանէ ուտելի Սոխը, Պասսալ էզ-զիր, զոր մեր Ամասիացին այլ նշանակէ գրելով « Պասալ ըլ-զիլ, որ է Պալպուսն »։ 

191. Արանդուպարանդ կամ Արիտպարիտ. 

Ըստ Պարսից՝ ﺑﺮﻨﮟ ﺍﺮﻨﮟ. «Ինքն դեղ-մն է որպէս սոխ ճղքած, և ինքն ի Սիսթանու աշխարհէն կու գայ». կ’ըսէ մեր բժշկապետն. ուրիշ մ’ալ. «որ է զէտ երկու սոխ»: Այսպէս գրէ և Պէյթար, և ուրիշ անուն մ’այլ կու տայ, Տօլպութ կամ Տալապութ, որոյ ստորագրութիւնն ցուցընէ Ագռաւիթուր կոչուած բոյսը, զոր յիշած եմք (թիւ 5). Լ. Gladiolus. 

192. Արանց ծաղիկ. 

Աւելի պարզ բառով հայերէն կ’ըսուի Թաղթ, և ուրիշ անուամբք այլ, զոր գտնես ի կարգին. և է Լ. Cyclamen, զոր տառադարձութեամբ գրէ բժշկարանն՝ ըստ յունին, « Կիկղամինոն, Արանց ծաղիկ կամ Լօշ »:

193. Արապլէզ. 

Ըստ Սեբաստացւոց կամ Բրգնիքցոց, խոտ մի՝ զոր և Լէկլէկի Սխտոր կոչեն. թերեւս պէտք էր ըսել Արագլէզ։ 

194. Արգանդաց ծաղիկ. 

Այսպէս յարմարցուցեր են նոր գրողք կոչել Լ. Matricaria. Փ. Matricaire. Տե՛ս Մածնի ծաղիկ: 

195. Արդղիկ. 

Վայրի բանջար է, ըստ Մանանայի, որ այսչափ միայն գրէ։ 

196. Արդուխա. 

Հին բժշկարանն յիշէ Արդուխայի տակ կամ Արդուխի տակ, զոր նոր բժշկարանք կու մեկնեն՝ Նուարտակ (տես ի կարգին) կամ Սարքուլա, որ նույնն է, իսկ Ամիրտ., կ’ըսէ Արդուղա կամ Արթուխա կոչուի յԵզնկա Շէտառէճն, որ է Անձխոտ, ինչպէս յիշած եմք։ 

197. Արեան խոտ. 

Թարգմանութիւն է արաբերէնին Ըխմիմ պէլաթի, և Թ. Գան օթու. նոյնպէս Լ. Sanguinaria, Փ. Sanguinaire. Տե՛ս Ոսկէխոտ: 

198. Արեգական ծաղիկ. 

Յունական բառի թարգմանութիւն, որպէս և Լ. Helianthemum. Փ. Hélianthème, Ռ. Солнецвешъ. քիչ օր դիմանալուն համար այսպէս կոչուած համարուի. խոտեղէն բոյս է, մանր ծաղկով, ի ցեղէ Տփատեսակաց (Cistacæ). 

199. Արեգական մայր. 

Գեղեցիկ անուն, բայց քիչ մ’այլ այլաբանեալ, ըստ Երազաhանից, ուր և գրուած է. « Խարահար խոտ, զոր Արեգական մայր ասեն. չորս տերեւ կ’ելնէ, ի գետինն կու փռուի խաչանման. տերեւին երկանքն երկու թիզ է, և մէջն զէտ ճռթոն է? և յետին փուշեր ունի զէտ ասղան ծայր. և յետեւ տերեւին այլ մանտր փշեր կայ. և որձան կոկ որպէս վարոց մի և զէտ տաճկինակի կոթ. և տերեւն խաչանման, և ի ծայրն ծաղիկ ունի կարմրժեռ, և այս խոտս կաթն ունի որպէս կարմիր արիւն։... Լսեցի, թէ ի Մնծրայ լեառն այլ կու բուսնի»։ — Բժշկարան մ’այլ աւելի համառօտ գրէ, կոչելով « Խադահար, որ ասի Արեգակն. յառաջն չորս տերեւ ի գետինն փռվի. որձայն քան ի վարոց մի. տերեւն խաչ, կաթ ունի զէտ արուն. պատրաստ (զգուշացիր), որ չցաթկէ կաթն. ուր հասնի՝ խոցէ անբժշկելի։ Ասեն, թէ ի Մնծրայ լեառն բուսանի»։ Մնձուր լեռն և գաւառ՝ Կարնոյ հարաւակողմն է, Մուզուր կոչուի յայլազգեաց: 

200. Արենիճ. 

Զայս յիշէ Ստ. Ռոշքեան ի բառագիրսն. «Խոտ է նման Պոպղակի (Գոճամօրուաց), ունի վարսս՝ որք ձեռօք ճմլեալք զարեան ծուծս հոսեն». Ինքն Լ. անուանէ Auyrum կամ Ascyrum, nր է տեսակ մի Գոճամօրուաց, իսկ Ստ. Շէհրիման Ձագխոտի զուգէ։ 



[1] Անուանի և գիտուն բժիշկ Պարսիկ, Թ դարու մէջ, կոչուի շատ հեղ Մուհամմատ որդի Զաքարիայի, բայց աւելի շատ՝ Ռազիկ, Ըռզիկ, Ռազէս, յանուն Ռէյ քաղաքի. ուր ծնած է։

[2]     Յիշենք, որ Ամիրտոլվաթ՝ մեր հնչմամբ Ա կամ Ե սկսած արաբերէն բառերը՝ Յ տառիւ գրէ, ինչպէս Արաբը՝ Յարաբ: