Հեղինակ

Բաժին
Alishan  

Թեմա
Sciences  

201. Արեւադէմ

Ի բառս Գալիենոսի այս զուգուի Հիղա ր բառի, կամ լաւ եւս ըստ այլ օրինակաց՝ Հեղիոտրոպոն, որ է ճիշդ Յ. և Լ. բառն Heliotropium, որ Արեւադարձ ըսել է, այսինքն՝ յարեւն դարձող. Փ. Tournesol, Ռ. Подсолнечникъ. Թ, Այ չիչէկի. ծանօթ բոյս է և աչք առնող իր մեծ անուանման կամ սկաւառակի նման գլխով, որ և ծաղիկն է, անհամար կուտերով. Ար. կոչուի Սամէր-եաւմա, ասորերէնէ առած, ըստ Պէյթարայ. Ամիրտ. այլ այս անուան տակ ստորագրէ, բայց ասով երկու տեսակ բոյսք ճանաչուին, զորս խառն գրէ Պէյթար, մէկն յիշեալ մեծ տունկ և ծաղիկն է, միւսն փոքր. և այս է մեր հեղինակին յիշածն, այսպէս. « Սամիր եաւմա, որ թուրքն Մամպուլ օթի կ’ասէ, և Յաղրապ օթի այլ կ’ասէ. այս խոտ-մն է, որ մէկ տակէն երեք կամ չորս ճիւղ կու ելանէ, և ի գագաթն սպիտակ ծաղիկ կու լինի, և ի կարմրութիւն կու քշտէ. զէտ կորու (կարիճի) ագի կու լինի ծուռ, և տերեւն՝ արեգակն յոր դեհ որ ցայթէն՝ նա յայն դեհն կու դառնայ. և ի խոշոր տեղրանք կու բուսնի. և տակն բարակ կու լինի. և բժշկնուն ի բան չի մտել... Եւ ցեղ մի այլ կու լինի մանր, և ի հանգած ջրերուն ի մէջն կու բուսնի. և տերեւն բոլոր կու լինի, և միրգ կ’ունենայ բոլորկեկ երեք-չորս հատ, զէտ կոծիծներ, կախման կու լինի»: Կարիճի ագիի նմանութեանն համար յԵգիպտոս՝ կ’ըսէ Պէյթար, կ’անուանեն Հաշիշէթ էլ-ագրէպ, Կարճի խոտ

202. Արեւաբաց

Թ. Կիւնէշ սէվէն, ըստ նոր գրողի առ մեզ, արեւ ատեն բացուելուն համար, բայց ի՞նչ տեսակ կամ ձեւ է, ստուգելու է, նոյնպէս և հետեւեալն

203. Արեւածագ

Թ. Կիւնէշ տօղան, Ար. Շամշըդլայ ? ըստ նոյն գրողի

204. Արեւածաղիկ

Նոր հնարած բառ է, որով ոմանք Արեւադէմը կ’իմանան, ոմանք Արեգական ծաղիկը

205. Արեւպաշ

Այսպէս կոչէ բժշկարան մի Թ. Այ չիչէկի բոյսը, որ է Արեւադէմն

206. Արեւքուրիկ

Այսպէս կոչեն գաւառականք Պոնտոսի զԳոճամորուս, որ և Պոպղակ. հարկաւ հին կամ նոր աւանդութեամբ մի, և անշուշտ այսոր ցեղին հարիւրաւոր տեսակաց գեղեցիկներէն մէկն է, թերեւս Hypericum Pulchrum, Փ. Millepertuis élégant

207-8. Արինճ. Արիճ

Ի բառս Գալիենոսի Արինճ կոչուած է Լ. Centinodia, Փ. Centinode կոչուածն, որ հարիւր հանգոյց կամ կապ ունող նշանակէ, և Մատիտեղին ցեղէն է, յատկապէս Polygonium Aviculare (Մատիտեղն թռչնոց) տեսակն, Փ. Renouée des petits oiseaux. Ռ. Спорышъ птичекъ. արաբերէն կ’ըսուի Թոռնա   ﻄﺮﻨﻪ (կամ Թօրիէ ), բայց աւելի լաւ կերպով, կ’ըսէ Պէյթար, կ’անուանի Պէսադ էլ-ղուլ, որ նշանակէ Ճիւաղի կամ ջատուկ (կնոջ) Կապերտ: Ի կողմանս Խոտուջրոյ յիշուի Արիճ բոյս մի, բայց նոյն ըլլալն ընդ Արինճի՝ յայտնի չէ։ 

209. *Արիովթ

Եբրայական բառ է. Թգր. Դ, 39). Եղիսէ մարգարէի գործոց մէջ պատմուի, որ սովի ատեն օր մի իր աշկերտն գնաց արտը՝ «քաղել Արիովթ. և եգիտ Որթ յանդին, և քաղեաց ի նմանէ ազոխ լի շալակաւ»: Լատին թարգմանութիւնն կ’ըսէ Վայրի բանջար, իսկ քաղած Որթն՝ թէ և նոյն անուամբ վայրի որթ կ’ըսուի, բայց դդումի տեսակ պտուղ ունի, (Colocynthis). Տե՛ս Ձմերուկ վայրի։ 

210. Արիւնակուլ ? 

Տարակուսելի բառ, զոր նոր բառագիրք մի զուգէ Pimpinella խոտոյ, որ է Սէզ։ 

211. Արիւնշղփի.

Վայրի Զողալենի. կու լսուի Պոնտոսի կողմերը։ 

212. Արծին

Ըստ Ստ. Ռոշքեան՝ է Satyrion, որ է Աղուեսու ձուքն, զոր ստորագրած եմք . 63). Նոյնն ուրիշ լատին անուն մ’ալ գրէ, Arvenogonum, բայց հիմայ բուսաբանութեան մէջ այսպիսի անուն չի լսուիր

213. Արծուաճանկ կամ Արծուոյ ճանկ

Թ. թառի թարգմանութիւն, Կարքազ այաղի, ինչպէս գրէ Ամիրտոլ. այդպիսի նմանութիւն մի տեսնուելով բուսոյն բազմաթիւ բարակ թեփերուն վրայ, որոյ փոխան Յոյնք օձասանդրի . գըրք այագ ) ոտից նմանցընելով՝ Հազարոտուի, Σκολόπενδρα կոչեցին, զնոյն և Լ. Scolopendrum, և Փ. Scolopendre. Ռ. Олений языкъ, այս յոյն անուամբ գրէ և Պէյթար, յորմէ և Ամիրտ. « Սղուլուֆանտարիոն, որ է Կարքազ այաղի ։ Ինքն տերեւ է, որ ի վերայ քարին կու բուսնի, և եզերքն խազ խազ է, և յետեւն կէտկներ ունի դեղնուկ, և ինքն երկու ազգ է. և նորն լաւ է... Եւ իր ուտելուն չափն մէկ մթխալ է, բայց ստամոքին զեն կու առնէ... Իպտ (Պէյթ. ) ասէ, թէ իր տերեւն նման է Պասպայիճին . Polypode) տերեւին, և ծաղիկ չունի. և տակն կարմրուկ կու լինի... Եւ հելլենացի  բառով ասեն, թէ պախրէ-մն է ի ծովուն ի մէջն. և այլ Ըսղուլուֆանտարիոն ասելն թարգմանի՝ թէ փայծաղ չունի. և այս դեղիս գործն այն է, որ զփայծաղն կու հալէ: Եւ այլ ասացել են, թէ ինքն քիչ մի ի Ձարխոտ կու նմանի… Եւ այլ ասացել է գրոցս շինողն, Սղուլոս ասեն Հելլենացւոց բառովն, պախրէ մի ի ծովն կու լինի՝ որ Ղանարին ? ասեն, այնոր համար այս անուամբ կու ասուի, որ այն պախրէն փայծաղ չունի։ Եւ այս խոտիս թէ հարցանես զանունն՝ հայ բառով Արծվոյ ճան կ կ’ասեն»:

Պէյթար ալ կ’ասէ, թէ յԵգիպտոս Արծուաճանկ կոչեն ﺍﻠﺑﺴﺮ ﮐﻑ Քաֆ էլ-Նասր: Իսկ փայծեղան համար ըսուածն ուղղակի այս բուսոյ համար չէ, այլ անոր ազգակցին, որ յունական բառով (α’ ςπλην, անփայծաղն) կոչուի. Լ. Asplenium, Փ. Doradille, ըստ մեզ Հ. այլ Խտուտ

214. Արծուոց Մոշի

Ըստ բժշկարանաց ոմանց՝ Ար. կոչի Աթալ, «և իր պտուղն Յատպէն է»։ Այս անուամբ գրէ և Ամիրտ. « Յատպէ, ﻋﮟﺑﻪ, Մոշու պտուղն է, և լաւն այն է, որ նոր լինի... Որոյ լեզուն թուլանայ՝ օգտէ դեղ). և որոյ բերանն և լեզուն վեր տայ՝ օգտէ, և ակռային ցաւուն օգտէ, և զստամոքսն ուժովցընէ… բայց կըրծոց զեն կ’առնէ»։ Ըստ Պէյթարայ՝ ծառն կամ մոշին կոչի Թամր ալ-Աթալ, որ է ծանօթ վայրենի ծառն Tamarix, Թ. Իլղուն աղաճի ։ Տե՛ս և Մոշայ

215. Արծպայ.

Ըստ Ստ. Ռոշքեան՝ «Սպիտակ խոտ, որ զՔրքմի հոտ ունի. և ի բոլորեալ պսակս դնի»: Լ. Serratula. Փ. Sarrette, Ռ. Серпуха, որ փշոտ Կառի ցեղէն է, և գործածուի ի ներկարարութեան

216. Արկած ?

Բժշկարան մի ի կարգի դեղոց գրէ. «Սատաճ հընդիկ, Հնդիկ Արկածի տերեւ»: Նոյնն. Հնդիկ Սատաճը Նուարտակն է կ’ըսէ, բայց Արկածին ինչ ըլլալը չի յայտներ:

217. Արճիճուկ կամ Արճճուկ

Ռամկօրէն Կանգար նշանակէ. իսկ

218. Արճճուկ գետնի

Խռնդատն է՝ ըստ Պ. Գալանթարեան (եր. 125)

219. Արճուան

Ամիրտոլվաթ օտար լեզուի հոմանիշներն այլ յիշէ այս անուան տակ. « Պահար տրախտի կամ Տրայիտ ? ասեն, և Պ. Արղաւան ասէ. և այսոր բնութիւնն հով  և չոր է... և թէ իր ծաղկէն շարապ շինեն և խմեն՝ զգինուն խումարութիւն տանի»: Արղաւանն Պարսից է, ըստ Գէորգայ կամ Ֆէհրէնկի. «Տեսակ իմն կարմիր ծաղկան, որ ի ծառ բուսանի, որոյ և ծառն խոշոր լինի». յետոյ ասէ, թէ և ծառն կոչի Էրղէվանի ։ Պէյթար վկայէ, որ Արճուան անունն ի Պարսից առեալ արաբացեալ բառ է, ﺍﺮﺟﻮﺍﻦ, անոնք կ’ասեն Արղուան ﺍﺮﻏﻮﺍﻦ. ծաղկին գոյնն այնքան կարմրափայլ և գեղեցիկ է, որ Արաբացիք այն անուամբ կոչեն ամեն կարմիր բան. կ’ուտուի ալ, մանաւանդ գինեխումէ ետեւ. փայտն կակուղ և թեթեւ է, կանայք այրելով զայն՝ ծարար կ’ընեն մոխիրը։ Նփըրկերտոյ կողմերը շատ գտուի, կ’ըսեն, ինչպէս և ի Սպանիա։ Այս ծառիս Լ. կ’ըսեն Cercis siliquastrum. Փ. Gainier. Ռ. Стручковое дерево. նա եւ Հրէաստանի կամ Յուդայի ծառ, Arbre de Judée

220. Արմ

Վանական վարդապետ քիչ մի մութ կամ ստուգելի բառիւ և բանիւ կու հարցնէ, և պատասխանէ. « Միկոնն ի՞նչ է (յունարէն). Արմ ՝ ասեն, քան զԶաֆրանն հով է և քան զՍապռն տաք, երբ մարդոյն ձեռինն ցաւ տայ կամ այրի կամ խոցի, ի բերանն փախ? ցանէ»։ Միկոն ՝ յունարէն Μήκον, յայտնի է Խաշխաշն, իսկ թէ նո՞յն նշանակէ Արմ հայերէն, թէ անոր փոխանն կամ տեղը բռնողն է, և թէ ցանելու է, թէ փակցընելու, ինձ անյայտ

221. Արմաւենի

Որչափ որ միայն տաք կլիմաներու յատուկ է, անուամբ և պտղովն աշխարհածանօթ է, մանաւանդ Ս. Գրոց յիշատակութեամբ և պէսպէս գովութեամբ և նմանութեամբք: Հետաքրքրական է մեզ անունն, այնու որ առ Յոյնս՝ Փիւնիկ, Ֆինիքս կ’ըսուի, մանաւանդ պտուղն, ուստի և առ Լ. ծառն Phœnix, ի Փիւնիկեցւոց ծանուցուած ըլլալուն համար. նոյնպէս և առասպելեալ թռչունն ալ Փիւնիկ, իսկ առ մեզ ինչպէս ծառն և պտուղն Արմաւ կոչուի, նոյնպէս և Փիւնիկ թռչունն ալ Արմաւ, միթէ Արմ-հաւ? Առ Լ. Dactylus եւս կ’ըսուի, որպէս և Palma, ուստի Փ. Dattier և Palme. Ռ. Финиковое, пальмовое дерево. Ար. Թմր կամ Թամր. Թ. Խուրմա, որ քիչ մի մերձենայ Արմաւ ձայնի։ Թողլով Ս. Գրոց և Ս. Հարց ըսածներն այս գերահռչակ ծառոյն և պտղոյն վրայօք, յառաջ բերենք մեր Ամասիացւոյն Թմր բառի կարգին գրածը. « Ամրաւն ցեղ ու ցեղ կու լինի. և լաւն այն է, որ գէր և քաղցր լինի. տաք է առաջին տարաճաին վերջքն, և չոր է Բ տարաճին առաջն. և ճլէ այնող է։ Արմաւին հատն, որ այրեն՝ զմազն սեւ առնէ և չթողու, որ վաթի... թէ Արմաւն շատ ուտեն՝ զմիսն կ’աճեցընէ, և շտեր կու հանէ։ Արմաւ ուտող մարդոյն թէ ակռան վատուժնայ, թող Աղտորին ջրովն զբերանն լվանայ, և վարդի ջրովն խաղաչ առնէ»։ Զբօսանաց համար ըսենք, որ Արմաւենոյն յարգը ծանուցանէ մեր Առակախօսն այլ (Մխ. Գոշ), զինքը տնկոց թագաւոր կարգելով, որոյ թէ և չէին հաւանիր ուրիշ տունկք՝ ըսելով, թէ՝ թէպէտ «Բարձր ես հասակաւ և քաղցր պտղով, բայց երկու ինչ պակասէ քեզ, զի յաւուրս մեր ոչ տաս պտուղ, և ի շինուած ոչ պատշաճիս. մանաւանդ, զի բարձրութեամբ քո՝ անճաշակ բազմաց լինիս»: Բայց Արմաւենին զանոնք շողոքորթելով և ամենուն մեծամեծ պաշտօններ տալով՝ լռեցուց: Որթն ըրաւ գինէպետ, Դժնիկը՝ դահճապետ, Նռնենին՝ բժշկապետ, Թզենին՝ հիպատոս, և այլն։ 

Թէպէտ և մեր երկրի կլիմայն չընդունիր զԱրմաւենի, բայց անոր հարաւակողմն և Կիլիկիա անընդունակ չեն, և այսոր համար անշուշտ Վաստակոց գիրքն գլուխ մի բան գրէ տնկելու կերպին. գոնէ հետաքննութեամբ լսեմք մաս մի. «Փոս արա խոր ու կանգուն ու կէս, և ի լայնութիւն նոյնպէս. և աղբախառն հող լից ի ներք, որ լնուի կէս փոսոյն. և ա՛ռ կուտ Արմաւի, և զ’ոռքն ի վայր արա և զծայրն ի վեր. և յամէն փոսոյն յատակն ցըցեա մէկ զհետ մէկի՝ խիստ մօտ ի յիրեար, որ լնուի փոսդ. և ապա ա՛ռ աղ և խառնեա ի հողն աի մի մանր, որ շաղղի յիրեար, զի Արմաւենին զաղտաղտուկ հողն սիրէ. և ի վերայ ած, և զփոսն լի՛ց և այգւոյ յօտով ծածկեա, մինչեւ բուսանի որ ծլէ. և ապա զյօտն ի հետ ձգեա. և ծառայեա, որ ծիլն չկոտրի, և ստէպ ջրեա»։ 

Սիմէոն Կամարկապցի նորալուր անուն մի գրէ իբրև հոմանիշ Արմաւոյ, « Փրէրուկ, Խուրմայ. նոյնպէս կամ Փրիրուկ գրուի՝ 1728-ի տպագրեալ բառագրոց մէջ»։ 

222. *Արմինան

«Որ է Արմիեան, ըստ Ամիրտ. ինքն խոտ–մն է, որ ի գետնէն ի վեր կէս կանգուն կու ելանէ, և չորեքժռէն (քառակուսի) կու լինի, և հունդն նման է Հուլպային. և աղէկն այն է, որ ի պարտիզնին լինայ և բուսնի, և հունդն երկանկուկ լինի և սեւուկ»: Անունն է Ար. Արմինին կամ Օրմինին, ﺍﺮﻩڍﻨڍﻦ Լ. Horminum (Salvia). Փ. Horminelle, Ռ. Шалфей (полевой). Պէյթար Հուլպայի տեղ Ֆրասիոն կ’ըսէ, որ է Մեղրածուծ, Marrubium, բարձրութիւնը՝ կէս կանգուն, և լուբիայի նման մաշկաւոր հատիկներ։

223. Արշատ.

Խորենացւոյ աշխարհագրութիւնն յիշէ այս անուամբ պտուղ մի յերկրին Մոկաց. Մեր բառագրող հեղինակն կ’ըսէ. «Արշատ, որ է Հաճար ըլ–նուան, որ է Ըռօշնայն ». զայս ալ նոյն համարի ընդ Մարգաշիդայ, բայց ասոնք հանքային զանգուած են և ոչ բուսական։ Մոկացւոց յանձնեմք ծանուցանել մեզ այս իրենց երկրին պտուղը։ 

224. Արուանտակ?

Ստ. Շէհրիման գրէ զայս և զուգէ Լ. Densocanis, փոխանակ ըսելու Cynodon. Փ. Chiendent. Ռ. Палочная трава. որ թարգմանի Շնատամն, իբրեւ ծամոց շանց: Ար. Նաճմ, Թիլ կամ Սիլ. այս ետքի անուամբ ստորագրէ Ամիրտ. և կ’իմացընէ, որ Հայք Սէզ կ’անուանեն մէկ տեսակը. մենք ալ թողումք ի կարգի Ս. տառի

225. Արուսիկ.

Թերեւս նորահնար, զի ոչ է ի գրոց այլ ի լրոյ, իբրեւ ծաղիկ Արուսեկի նուիրուած. և Թ. Սէմայա թագթիս կոչուած, որ նշանակէ երկնանուէր։ 

226. Արջախստոր.

Նոր գրողք յիշեն իբրև մեր գաւառականաց Ղանձիլ կոչածն, զոր անուանեն և Խալիար: Յայտ է անունէն, որ տեսակ մի վայրի Սխտոր է, և ըստ այսմ Լ. Alium silvestrum

227. Արջնդեղ.

Թերեւս սեւ գունոյն համար այսպէս կոչուած է և ոչ թէ գազանին անուամբ, ինչպէս կարծեց ինքն, ըստ առակին Մխ. Գոշի. «Լուեալ արջու՝ ի ցաւել որովայնին առեալ եկեր, կարծելով դեղ ինքեան, վասն անուանն. և ինչ ոչ օգտեալ», և այլն. կ’ըսուի և Սեւ Սոնիճ, Սեւ Գնտիկ կամ Հնտիկ, Սեւուկ Հնտիկ, և Շոնիզ, որ Ար. անունն է, ﺸﻮﻨڍﺰ. ուրիշ անուններ ալ կան յարաբերէնն. մերոց մէջ հարազատն է Արջնդեղ, որ և ի Ս. Գիրս յիշուի. Ո՞չ ապաքէն, կ’ըսէ, Եսայի մարգարէ (ԻԸ, 25-7) սերմանողն նախ երկրին երեսը կու կակղէ, «և ապա սերմանէ փոքր մի Արջնդեղ և Չաման… Ոչ եթէ խստիւ ինչ սրբի Արջնդեղն»։ Թէ և իբր որոշելով Սեւ կ’ըսուի տեսակն, բայց տարբեր չի ստորագրուիր, և ճերմակ չի կոչուիր ուրիշ տեսակն։ Իբրեւ հանրածանօթ բոյս՝ Բժշկարան մի կ’ըսէ. «Ինքն Սեւ հունտ է, որ ամէն մարդ զինքն կու ճանաչէ»: Լ. և Փ. անուանքն այլ սեւութիւնը նշանակեն, Nigella, Nigelle կամ Nielle, ինչպէս և Ռ. Чернуха Ամիրտոլվաթ այլ թէ և երկու հեղ կու գրէ Շոնիզ անուամբ, բայց զանազանութիւն մի չերեւցըներ. նախ կ’ըսէ. «Շոնիզ, ինքն Սեւ հունտն է, կու ճանչվի. աղէկն նորն է... Ասէ Մասրուճուանն, թէ՝ Սեւուկ Հնտիկն ընդ առաջին դեղերն uահմանեցին Գալիանոս և այլ իմաստասէրքն». յետոյ գրէ. «Շոնիզ, Սեւ գնտիկն, որ Ար. Հապի Սէվտա կ’ասէ ( Հապպա Սուտա, ﺴﻮﮟﺁ ﺤﺑﺑﻪ), և շատ տեսակ հիւանդութեանց դեղ և օգտակար ըլլալը կու շարէ։ Միաբանող Եղբարք անուանելոց առաքեալն (Եր. Բարդողիմէ) իր մէկ քարոզին մէջ կ’ըսէ. «Արջնդեղն, որ կոչի Սոնիճ, է եռանգիւնի և սեաւ, մանր և քաղցր, և ի հաց ձգեն», որ համ տայ: Գալիենոսի բառից մէջ Արջնդեղ կոչուի յունարէն Ղագանոն կամ Ղաւանոն, բայց λάυανον բառն ուրիշ բան նշանակէ։ Եւրոպացի տեղագիրք յիշեն զԱրջնդեղ յայլեւայլ կողմանս մեր երկրի, ի Կողբ, Մուշ, Ջուլամերկ։ 

228. Արջու ականջ

Թարգմանութիւն է Թ. անուան Այու ղուլաղի, զոր յիշէ Ամիրտ. Աստար–ատիղօս անուամբ (որ է ’Αςτνρ α’ττικος, Ատտիկեան աստղ. Լ. Aster Amellus, յանուն Մելլա գետոյ Իտալիոյ), և գրէ. «Ինքն խոտ-մն է, որ ի գետնէն մէն կու ելնէ և ճղեր չունի. և ինքն ամուր կու լինի և խոշոր, և ի մէջն դեղին ծաղիկ կ’ունենայ, նման է Պապունաճի ծաղկին. և գագաթնին մէկմէկէ զատած կու լինի, և տերեւնին յերկան կու լինայ»: Դեղ կ’ըլլայ պէսպէս ուռէցքներում Փ. Amelle

229. Արջու աչք

Տեսող մէկն ըսաւ, թէ աչքի ձեւով ծաղիկ մ’է մեծ ու սպիտակ. Ամիրտ. գրէ սոսկ Ար. բառով. « Այն ըլ–տուպ. Արջուն աչքն է. և թէ զինքն ի կտաւ կապես, և ըռիպ ջերման տիրոջն ի վիզն կապես, ջերմն թողու. փորձիւ է»

  230. Արջընգոյզ. Արջու Ընգոյզ.

Ըստ Ար. Ճավզի մաթիլ կամ Ճէվզի մայիլ, ﻩﺎﺗﻞ ﺠﻮﺰ, Փ. Noix Métel. Ըստ Ամիր. կ’ըսուի « Կավզ մաթիլ, և Հնդիկքն Թուրունար կ’ասեն. և ինքն երկու ցեղ կու լինի. մէկ ցեղն ի Ճավզ ըլ-ղայը, ﺍﻟﻘﻝ ﺠﻮﺰ, և մէկ ցեղն ի վերայ փուշ ունի, որպէս փայտի խարտուց կու նմանի փուշն, և սպիտակ այլ կու լինի. և իր միջին հատն մեծ է, քան զՊատնաճին հունտն և քան զԼուֆահի (տե՛ս Լուֆ), մանր է և դեղնբար է, և մէջն ի լիք հունտ է, և կեղեւն նօսր է, և գլուխն նման է Պատինճանի և Լուֆայի. և մեծութիւնն Ընկըզի չափ է. և թէ մէկ կուտ յիրմէն ուտեն՝ ըղեղին զեն առնէ և հարբեցընէ. մէկ տէնկն և մէկ դրամն սպանանէ և մէկ օրն քուն անէ, և փսղել տայ և թմրեցընէ. և իր դեղն այն է, որ փօղեն, և այլն։ Եւ գիտացիր, որ Թ. Թաթուլայ ասեն» Ըստ այսմ և Լ. Datura Stramonium:

Վերոյգրեալ արաբերէն Ղայը կամ Գայի անուանեալ Ընգոյզն՝ փսխեցուցիչն է, Փ. Noix vomique, որոյ համար կ’ըսէ Ամիրտ., թէ կոչի և « Ճավզի քուսար. ինքն ընկուզ-մն է, որ մեծութիւնն կաղինի մի չափ է. և լաւն այն է, որ ամուր լինի և մեծ… փսխեցընող է... և իր տալուն չափն՝ կէս տրամ է»: Ուրիշ բժշկարան մ’այլ կ’ըսէ տընկին մեծութեանն համար. «Ինքն բարձր թուփ է, և հնտի բունն փշփշուտ»: Պէյթար ալ մարդաչափ մի է կ’ըսէ Արջընկուզենոյ բարձրութիւնն։ 

231. Արջի հատ.

Այսպէս կ’անուանէ բառագիրք մի Լ. Mélapyrum. Փ. Mėlapyre կոչուածը, որ յունարէն բառիւ Սեւ ցորեան նշանակէ։ Հասարակ դաշտային ցորենի նման հասկաձև խոտեր են, անոր համար և կ’անուանին ի բուսաբանից ածուոց կամ մարգաց, Arvense, Pratense. Կու յիշուի ի Հայս Տայոց կողմերում, բայց ուրիշ կողմեր ալ պէտք է ըլլայ

232. Արջխնդեղնի

Ծառ կամ թուփ, Նուխոյ կողմերը յիշուի օրագրի (Մեղու, ԻԲ, 83)։ 

233. Արջմրջմի

Սրածայր տերեւներով թուփ մի, ծանօթ ի Խոտուջուր։ 

234. Արջնի.

Վայրենի Զողալենւոյ նման կամ տեսակ մի պտղատու ծառ

235. Արջու խաղող

Ըստ Ար. Ինապ էտ-տօպ կամ Ինէպ իւլ–տիւպպ. զոր Ամիրտ. գրէ Եանապ ըլ տէպ կամ տում. Լ. ալ նոյնանիշ Uva Ursi. Փ. Raisain d’ours կամ Basserole. «Արջու խաղողն, որ Թ. Չիլակ ասէ, և կոթով կու լինի, և մարդու չափ երկայնութիւն ունի. և տերեւն նման է Նռան տերեւին. և ի մրգին մէջն մանր կուտ ունի չորս կամ հինգ հատ։ Եւ թէ ուտեն՝ օգտէ լուծման և արիւն թքնելուն. փորձած է»։ Այսպէս աւանդէ Ամիրտոլվաթ։ 

236. Արջտակ. Արջատակ

Աւելի զուտ հայերէն կոչուի Թաղթ. ըստ տեսակին՝ Վայրի Շաղգամ, կամ Շողգամուկ ` բոլորակ ձեւին պատճառաւ. յունական բառիւ Κυκλάμινος կոչուի և Լ. Cyclamen. Փ. Cyclame (որ հայերէն անուանն ալ նման է). ինչպէս մեր մէկ բժշկարանն ալ կ’ըսէ. «Ինքն բոլոր զէտ Շողգմբուկ է, և գունն ծիրանի լինի»: Ուրիշ մ’ալ. «Խոտ մի կայ Արջատակ ասեն. տերեւն զինչ Մանուշակի, և տակն զինչ Շողգամբի, և ծաղիկն կարմիր է»։ Առաջինն այս անունս զուգէ Արտանիսա յոյն անուան, որ և փոխուած է ի Լ. Arthanita. Այս հասարակ և անշնորհք անուանց հետ՝ Արաբք շնորհաւոր անուն մի տան, զոր մեր բժշկարանք այլ հիշեն. « Արտանիսա, որ է Պուխուրի Մարիամն (Բուրումն Մարեմայ, Suffitus Mariæ), որ է Արջտակն». Անգիտաց անպէտն կ’աւելցընէ. «Որ Պ. Ղալղամախ Շալղամի կու ասէ. Թ. Տօնկուզ աղիրշաղի կամ այաղի (Խոզի ծընկի ոսկր), բայց տարբեր տեսակ մի ցուցընէ, ըսելով. «Որ ինքն փուչ-մն է, որ բուրդն այնով կու լուանան, և լաւն այն է, որ նոր լինի»: Ֆէհրէնկ ի պարսիկ բառարանի գրէ. «Շէղլէմէք. է արմատ ինչ նման Շողգամի. Թ. Տէնկիզ Թօփալաղի ». աւելցընենք, որ ոմանք ալ Եէր սօմունի կ’ըսեն: Շատ տեսակ դեղոց և օգտից մէջ մէկն ալ այս է, ըստ մեր բժշկապետին, որ թէ այնով «Օծես յայն տեղն, որ ի ցրտուն ճեղքեալ լինի, օգտէ. և լաւն այն է, որ քիչ մի մոմ խառնես ի հետն»: Արջտակն Գարնանային բուսոց ցեղէն համարուի (Primulaceæ)

Արջտակի մէկ տեսակն Ար. իրենց լեզուով Առիւծաճանկ կ’անուանեն, Քաֆ ըլ-ասատ, նոյնպէս և Լ. Leontopetalon. զայս այլ յիշէ մեր հեղինակն Ամասիացի, Արտանիսա (Յարտանիսա գրելով) բառին ներքեւ. «Յ. (Արաբն) Քաֆ ըլ-յասատ ասէ, և Թ. Ասլան այեաղի. և ինքն խոտ-մն է, որ մէկ թիզ երկայնութիւն ունի, և շատ ճղեր ունի. և յամէն ճղի ծայր հանց որ ի Սիսեռ կու բուսնի, հնդեր ունի, և տերեւն նման է Կաղամբի տերեւին. և ամէն ամանի մեջ երկու-երեք հատ հունտ կ’ունենայ. և տակն սև կու լինի, և ի Շողգամն կու նմանի, և ի վարած արտերու մէջն կու լինի, և ի ցորենին մէջն ալ կու բուսնի... Եւ թէ կապանին և զքթան կտաւնին լուանան այս խոտովս՝ յիստակ առնէ և սպիտակ»։ 

237. Արջփիլունց

Ի գաւառս Պոնտոսի՝ Փիլունց կոչուած՝ բուսոց մէկ տեսակն է, որ լայն և բոլորշի տերեւներուն համար Լ. Aspidium կոչուի, յոյն ասպիu άςπης բառէն, որ նշանակէ մեր հայերէնի նմանաձայն Ասպարը, որ է վահան։ 

238. Արտախոյր կամ Արտախուր Խաւարտ

Մեր հին հեթանոս վիպասանից երգերէն հանած է Խորենացի , Լ, ) այս անծանօթ բանջարին անունը, որոյ նման զրոյցն ալ շատ յայտնի չէ. «Տենչայ  Սաթենիկ տենչանս զԱրտախոյր հաւասար խաւարտ և զՏից խաւարծի ի բարձիցն Արգաւանայ». թէ և ջանացեր են նոր բանասէրք պէսպէս՝ նաև այլանդակ մեկնութիւններ տալ

239. Արտիճ.

Ըստ Ստ. Ռոշքեան՝ է «Խոտ, որ յարտս բուսանի». և վկայութիւն բերէ ի Բժշկարանէ. «Արտիճ. երեք կամ չորս հատս ի բուքն». և Լ. Aphaca կոչէ։ Այս բոյսս բանջարեղինաց ցեղէն և Ճուլպանի տեսակներէն է, բայց նաեւ Վիգի տեսակ մի, որ Vicia Cracca կոչուի. և կ’երեւի, թէ այս է Արտիճն. ասկէ տարբեր պէտքէ ըլլայ

240. Արտիճուկ.

Աւելի սովորական անուն բանջարեղէնիս է Կանկառ, զոր տես, իսկ առջի անուան նոյնաձայն է Փ. Artichaut, և Իտ. Articiocco. ո՞վ որմէ՞ առած է։ 

241. Արտուճ

Բժշկարան մի յիշէ տերեւը, մինչ վերոյգրելոյն տերևն անպիտան գուշակուի։ Բրգնիքցոց բառից հաւաքողն նոյնանիշ դնէ Վայրի Հաւուկի ? (Հավաճ?)

242. Արքակաղին. Արքակաղնի

Ծանօթ ծառ, մանաւանդ պտղովն, որ է Կաղին, ուստի և ծառը՝ Կաղինի կոչեն Խոտուջըրցիք. Լ. Nux. Փ. Noisette. Aveline. Ար. Պօնտօք. Թ. Ֆընտըգ. նոյնպէս ծանօթ է Պոնտոսի կողմերն այս ծառիս յատուկ կամ հայրենիք ըլլալն. անոր համար ի հնուց Յոյնք՝ Պոնտական ընգոյզ կոչեր, են Κάρυα ποντικά: Մեր հին Բժշկարանն՝ կ’ըսէ. «Արքակաղին ծանր և չոր է, քան զԸնգոյզ, և այլ շատ կերակրէ, քան զընգոյզ. և Ընկուզի ձէթ լաւ է, քան զԿաղնի, բայց Կաղին լաւ է, քան զԸնգոյզ»։ Իսկ մեր բնիկ Պոնտոսի երկրցին՝ Ամիրտոլվաթ՝ կ’իմացընէ, որ « Պնդուխ երկու ազգ է, մէկն Վայրի և մէկն Տեղացի. աղէկն քաղքին է, և կեղեւն նօսր. բնութիւնն տաք է և գէջ»: Եւ դարձեալ գրէ. «Պնտուխ, որ է Ֆնտուխն, որ Հ. Կաղին կ’ասեն. լաւն այն է, որ մեծ լինի և քաղցր լինի, և տաքութիւն ունի միջակ, և ինքն գիրացընող է. յորժամ մանր և կանաչ լինի՝ ծեծեն և մեղրով խառնեն և յաչքն քաշեն, զզաֆրան տանի, որ է ըղունկն? և թէ ուտեն՝ զըղեղն յաւելցընէ. և իր կեղեւն կապող է», և այլն, Վաստակոց գիրքն Արքակաղնոյն տնկելու կերպը կու գրէ (գլ. ՄԼԸ) այսպէս. «Իւր ցանելն՝ զերդ այլոց (ծառոց) է, բայց ինքն զսպիտակ հողն և զկակուղն և զշատ ջուրն սիրէ. և իւր տնկելոյն նշանն (կերպն) է, որ արձակ փոս առնես և պարան (երկար կարգաւ). և զբերուիկ ճիւղն չաչեր առնես և շուրջանակի փոսերոյն շարես, և ապա զհողն ի վերայ ածես. և փոս թող, որ ջուրն ի ներք հանգչի. և այսպէս արա զամէն դրախտն ի պարան, զի ինքն ծառ չսիրէ լինել՝ քան թուփ բազմաճիւղ»:

Իսկ մեր մեծ առակախօսն (Մխ. Գոշ) զԱրքակաղնին՝ Վայրի Կաղնի ծառոյ հետ համեմատելով, այս ետքինս ներկայացընէ հպարտ իր մեծութեան համար «Իսկ Արքայկաղնի ոչ ժուժեալ` յանդիմանական վարեցաւ առ նա բանիւ... (զի ծառք) ի պտղոյ առաւել, քան ի հասակէ գովեալք (լինին). զի՞ այդպէս յանդըգնիս, ես և ոչ մի ինչ եմ, բայց մարդիկ զպտուղ իմ ուտելով՝ և զիս եւս յարգեն. այլ պտուղ քո ի դարման կամ խոզից»

Յետևառաջութեամբ բարդեալ բառիցն՝ կ’ըսուի և Կաղին արքայական, ինչպէս քարոզաբան մի գրէ. «Տէրն պտուղ խնդրէ, ոչ եթէ Նուշ և Թուզ և կամ Կաղին արքայական, այլ պտուղ պահոց, պտուղ աղօթից», և այլն։ 

243. Արքայածաղիկ.

Նոյն առակախօս վարդապետն յիշէ զայս այլ՝ Կակաջի և իր նման դաշտական կամ ընտանի ծաղկանց ցեղակից. զորս պաշտպանեց ծաղկանց թագաւորն՝ լեռնականաց մեղադրանքէն, ինչպէս յիշեցինք յԱսպուզանն: Անունէն գուշակուի, որ գեղեցիկ և մեր երկրին մէջ հասարակ կամ ծանօթ ծաղիկ մ’է, բայց թերեւս հիմայ ուրիշ անուամբ կոչուի, և այս հին անուամբն անծանօթ մնայ։ 

244. Արքայամոր.

Մորենւոյ տեսակ մի յայտնէ անունն. հաւանօրէն Փ. Framboise կոչածն է, Լ. Rubus Idæus. Թ. Զմաուլա, որ Դժնկաց ցեղէն է, բայց պտուղն և անոր օշարակն քաղցրիկ և զովարար։ 

245. Արքայեակ. Արքայիկ

Հին բժշկարանն գրէ. «Խոտ մի Արքայիկ ասեն. ծաղիկն դեղին է, տերեւն որպէս Խուշբինակ ? և տակն՝ որպէս Սունկն, առ ծեծէ, և ի վերայ սընկան դիր, կտրէ և ընկենու»։ Իբրեւ ականատես ճանչցող մէկ մի գրէ մեզ, թէ ծաղիկն եռագոյն է, կարմիր, ճերմակ և սեւուկ։ Սիմ. Կամրկպ. գրէ. «Արքայեկ. Պ. Ար. Շէվքէթ. Ինքն խոտ մի է. ջուրն կու հանեն, Շէվքէթ սուի կ’ասեն»

246. Արքայորդի?

Եթէ նորահնար չէ, վասն զի ի լրոյ է, և զուգուած Թ. Թաճ չիչէկի ծաղկին։ 

247. Արօսախոտ

Վայրի կամ ածուոց խոտ կարծուի, զոր հին Բժշկարանն յիշէ, և կաթով եփելով դեղ կու տայ սընգան և ուրիշ հիւանդութեանց։ Գուցէ ըլլայ նոյնն, որ Պ. և Թ. անուամբք Արուսախոտ կոչուի հիմայ այլ, ըստ նոր ծանուցողի, և է Պ. Արուսպուխէ, Թ. Կէլին օթու կամ Եէնի կէլին օթու [1] (Հարսնխոտ), իբրև հարսանց ուտելի, զոր գաւառականք կոչեն եւս Հարսին Արուս

248. Արօսի.

Հազորանի ծառի և պտղոյ տեսակ մի կամ նոյնանիշ անուն։ Տե՛ս զայն ի կարգին։ 

249. Աւգեր ծաղիկ

Առուեղին հետ յիշեցինք Սալաձորեցոյն երգով, որ անոր և Մամխոպոպի հետ յիշէ. ծանօթ է և յարեւելակողմանս մեր երկրին, որպէս յիշէ Մշակ (ԺԸ, 88)

250. Աւելախոտ

Ընդհանուր անուն այն տեսակ խոտերու՝ ուսկից աւել կու շինուի։ 



[1] Այս անունս հարցնելով բուսագէտ թուրքի մի (Ղալաթալը Ահմէտ էֆէնտի), տուաւ դեղին ու կարմրուկ մաշկով պտուղ մի, որ էր Յակոբուկ, Փ. Coqueret.