Նոր տաղեր. 1906-1907

Հեղինակ

Բաժին

Թեմա
22. ԻՐԻԿՈՒՆԸ
       Սա իրիկունն ըլլայի ես
Եւ հըպէի ճակտին ամէն անցորդի.
Չքնաղագեղ ու նըւաղուն համուրդի
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:
       Սա իրիկունն ըլլայի ես,
Լի երգովը թռչուններուն, մարդերուն,
Ու տարրերուն աղաղակովը տրոփուն`
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:
       Սա իրիկո՜ւնն ես ըլլայի,
Թոյլ, նազենի, շըղարշային, վարդաբոյր,
Ու ծըփայի զերթ ոսկեսար վարագոյր
Վըրան ամէն հոգիի:
       Սա իրիկունն ըլլայի ես,
Լի զանգակին ղօղանջներովն երկնաճեմ.
Խնկապատար, օծուն, ջահուած ժամի պէս
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:
       Սա իրիկուն ըլլայի ես,
Իմ անդորրիս մէջ ոգեւար աղջըկան
Մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքէս.
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:
       Սա իրիկունն ըլլայի ես,
Լի գոռ ծափովն ովկիանի ջուրերուն.
Սիւքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:
       Սա իրիկունն ըլլայի ես,
Որ կը մարի սատափ բարձին վրայ ցայգուն.
Թօթափող վարքսը գունագեղ ու ծըփուն,
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:
       Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագէս.
Եւ ամէնուն տայի հուրքէս, ոսկիէս:
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես: