Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի սկզբան տարւոյս այսորիկ շնորհաւորի, եկն ի սուրբ Աթոռս Թամզարայու առաջնորդ Միքայէլ վարդապետն: Եկն ընդ նմին և Թօխաթու հին նուիրակ նախիջևանցի Պետրոս վարդապետն (որք յիշեցան ի դեկտեմբերի Դ և ի ԻԵ ): Եւ ընդ սոցին եկն ի Մեծէն Պօլսոյ տղայ մի Գրիգոր անուամբ, զոր ի յոլով ժամանակս չարչարեալ էին ի դրան Արքային օսմանցւոց՝ ուրանալ զսուրբ հաւատս Քրիստոսական: Իսկ նա բազմաւ համբերութեամբ, կացեալ ընդդէմ չարչարանացն, և առ ոչինչ համարեալ զտանջանսն, կացեալ հաստատուն և անշարժ ի հաւատս մեր սուրբ: Ապա յետ բազում վշտատուութեանց, կամեցեալ էին սպանանել: Բայց Ռուսաց Էլչուն անդ գոլով, իբր ամաչելով ի նմանէ օսմանցւոցն, չէին սպանեալ: Եւ յայն աւուրսն ծնեալ զաւակ թագաւորին, արարեալ էին մեծ ուրախութիւն ի Պօլիս և յամենայն տեղիս, զոր ըստ իւրեանց բարբառոյն տօնանմայ կոչեն. և զբազումս ի կապելոց և ի բանտարկելոց այնու պատճառաւ արձակեն: Ուստի՝ իշխանքն մեր անկեալ ի դրունսն, ի ձեռն կաշառաց և բազմաց աղերսանաց առեալ էին զտղայն ի ձեռաց նոցին: Եւ այլ ո՛չ համարելով պատշաճ անդ մնալ՝ ի ձեռն Մուրտիկեանց Խօջայ Նազարէթին յղեալ էին աստ, զոր նա յղեալ էր աստ առ սրբազան վեհն ընդ հօրեղբօր տղային, և զթուղթ ևս գրեալ առ սրբազան վեհն բանիւ իշխանացն, պահել զնա ի սուրբ Աթոռոջս: Ուստի՝ և սրբազան վեհն գրեաց զթուղթ առ Նազարէթն ի պատասխանի թղթոյն, և ծանոյց զհասանիլն աստ տղային, զոր առեալ դարձաւ հօրեղբայր տղային ի յանվար Է: