Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Յետ գնալոյ Իսրայէլին որպէս ասացաւ ի վերդ, ապա սրբազան վեհն ըստ պայմանին իւրեանց զթուղթ գրեաց առ Յովհաննէս կաթուղիկոսն ի Գանձասար, և ծանոյց նմա երկարապէս զգալն և արձակիլն Իսրայէլին և զանցսն ամենայն, և զոր ինչ պայմանեաց նոցա և հարկեաց շուտով գալ աստ յետ սրբոյ Խաչին, զի որպէս պայմանեալ է, արասցէ ըստ այնմ զհաշտութիւն և կանոնաւ ինչ յետս յղեսցէ: Եւ առ այս շատ հարկ, թէ ա՛յն է օգուտն քո և սրբոյ Տանդ, զի շուտով եկեսցես, և անդ գտանիցիս զկնի սրբոյ Խաչին: Զայս այսպէս գրեալ, յղեցաք յԵրևան առ Մէլիք Աբրահամն, զի ի ձեռն Իսմիխանին, (զոր յղէր խանն առ Իբրահիմ խանն ի Շուշի ) յղեսցէ առ նա: Որ գրեցաւ յետ չորից աւուրց գնալոյ Իսրայէլին ի օգոստոս ԻԷ:
       Իսկ ի նոյն աւուր երեկոյին, եհաս թուղթ առ սրբազան վեհն ի Յովհաննէս կաթուղիկոսէն, որ լուեալ զգալն աստ Իսրայէլին: Եւ ի վաղուց հետէ գալ կամէր սա ի սուրբ Աթոռս, և այժմոյս պատրաստեցեալ էր ի գալ. այլ լսելով զգալն Իսրայէլին, փութանակի յղեալ էր զայս թուղթ, պահել զնա աստ, մինչև ինքն ևս եկեսցէ: Իացեալ էր և զորպիսաբար գալն նորին ընդ Ջաւադ խանին, և խնդրէր չլսել նմա, չտալ թուղթ ինչ ըստ կամացն. խնայեա՛ ասէ յաշխատանս քո՝ զոր մինչև ցարդ աշխատեցար ի վերայ այս Աթոռոյս, և արկեր ի կարգ շինութեան: Եւ այլ բազում աղաչանք ըստ սմին: Վասնորոյ զթուղթ ևս գրեաց առ նա սրբազան վեհն համառօտ և ծանոյց զերկարապէս գրելն զանցսն ի միւս թղթոջն որ յառաջ գրեցաւ (զոր և առնուլ ետուք յետս ի Մէլիքէն առ որ յղեալ էաք եդեալ զթուանկչի ընդ եկօղ Յովսէփ տղային, երթալ առնուլ զայն թուղթն ի Մէլիքէն և տալ նմա, ի տանիլ առ յովհաննէս կաթուղիկոսն. զոր ծանոյց սմա ): Եւ միամիտ արար զնա յամենայնի զի մի՛ յայլ և յայլ կարծիս, այլ միամտութեամբ եկեսցէ: Եւ պատուիրեաց ծանրութեամբ չգալ, և տաճիկ չբերել ի խանէն, այլ միայն թուղթ՝ յորոց և կամի: Զի մի՛ ասիցեն ասէ թէ՝ տաճկի բռնութեամբ զայս արարին. նմա ևս եմ ասէ պատուիրեալ. և այսպէս է պայմանն մեր, զի թարց տաճկի եկեսցէ, և տաճիկ մի՛ լիցի ի մէջ սոյն բանիս: Եւ գրէր աթոռակալին թէ՝ գրեցուցանելոց եմ մեր խանին առ իւր փեսայ Ջաւադ խան զի մի խառնիցի ի բանս նորին, որում հաւանեցաւ: Գնաց գրաբեր Յովսէփ տղայն յԵրևան, առնուլ զմիւս թուղթն ևս ի Մէլիքէն որպէս ասացաւ և գնալ. ել ի օգոստոսի ԻԷ: