Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի յապրիլի ԺԷ որ թուղթ գրեաց սրբազան վեհն առ Թարվիզեցի տէր Սիմոնի որդի Նաւասարդն գալ աստ, նա չէր եկեալ պատճառելով զպէսպէս պատճառս, և գրելով թէ՝ հրամանեա՛ դոցա, այսինքն Աբէլենք Թումանի փոքրիկ Գրիգորին և իւր հօրաքոյր կոյս Հռիփսիմէին , զի զիմ տուեալ ընկերագիրն առեալ բերցեն աստ, և ես զիմ հիսսապս տամ իւրեանց, և դու գրեա՛ աստ վաճառականաց զի զիմ հաշիւ տեսցեն, և ինչ որ իրաւամբ անկանիցի ի վերայ իմ, ես տաց: Իսկ նոյն Գրիգորն և Հռիփսիմէն չյօժարեցան գնալ անդ, զի բազմիցս գնացեալ՝ ոչ ինչ էին օգտեցեալ ի նմանէ վասն ժանտ բարուցն: Այլ խնդրէին ի սրբազան վեհէն թէ՝ մեք զայս բանս հրամանոցդ եմք արարեալ ապաստան, որպէս և կամիս, հոգա՛, խնայելով մեզ ի փառս Աստուծոյ, և զոմն ի կողմանէ քումմէ վէքիլ արարեալ ի Խօյ յղեա՛, զի հրամանաւ քով գնացեալ անդ՝ զայսոսիկ հոգասցէ: Եւ մինչ սրբազան վեհն յօժարեցաւ այսպէս առնել՝ նոքա ցուցին զոմն իւրեանց փեսայ՝ Գեանջեցի մահտես Յովհաննէս անուամբ, որ ի Բայազիտ էր, բերել տալ անտի և զնա՛ առնել վէքիլ՝ և յղել ի Խօյ՝ առ հոգալ զայս: Զոր և բերել ետ անտի սրբազան վեհն, և զթուղթ գրեալ ի վերայ Խօյեցու գլխաւոր անձանցն և վաճառականացն , այսինքն՝ Առաջնորդ Եսայի վարդապետին՝ (որ անդ էր ) առաջնորդի վէքիլ Գէորգ վարդապետին, Մէհրապի հայր Ենօքին Թիֆլիզեցւոյ, Վանցի Ղազարին և Ախիջանին, Արապկերցի Մկրտչին, (որում քէշիշ ևս ասէին ). Թարվիզեցի Գալուստին, նոյն տեղացի Մայիլին և Դանուխլուն, Ղափանցի Մանկուն և մահտեսի Յովհաննէսին, Թիֆլիզեցի Յարութիւնին և Ագուլեցի Թումանին, վէքիլ արար զնոյն Գեանջեցի մահտեսի Յովհաննէս վերոյիշեալ, թէ ի կողմանէ իւր՝ և թէ ի կողմանէ նոյն յիշեալ Թումանի քեռն և որդւոյն և գրեաց զորպէսն այս բանիս, որ նոյն յիշեալ Ղափանցի Աբէլենց Գրիգորի որդի Թուման ԺԵ տարով յառաջ ԲՃԺ թող էր տուեալ նոյն Նաւասարդին սարմայայ, և գիր էր առեալ ի նմանէ ընկերութեան, և բաց յայնմանէ՝ ամանաթ ապրանք ևս էր տուեալ նմա, զի ծախեալ զգինն իւրեան հասուսցէ: Որոյ դաւթարն գոյր, որոց գնոյ ջամն էր ԾԷ թուման, ԷՌ և ԺԵ փարայ: Եւ այսր աղագաւ գալն աստ Թումանի որդւոյն և քեռն, և բողոքելն առ ինքն և իւր գրելն Նաւասարդին ի գալ, և նորա չգնալն, և գրելն թէ՝ գրեա՛ տեղւոյս վաճառականացն, և զընկերագիրս յղեա՛ աստ, զի զհաշիւս առցեն: Ա՛րդ՝ ահա վէքիլ արարի ասէ ի մեր և ի նոցա կողմանց զնոցին փեսայ Գեանջեցի մահտեսի Յովհաննէսն՝ և յղեցի յայդր՝ այսու մեր գրով, և դորա տուած ընկերագրովն, և ամանաթ իրաց դաւթարովն՝ և այլ հարկաւոր գրեամբք իւրեանց: Վասնորոյ և ձեզ գրեմ զի զհաշիւն դոցա արդարապէս տեսջի՛ք, և զինչ որ անկանի և վերայ Նաւասարդին, առեալ յանձնեսջիք մահտեսի յովհաննէսիդ , զի դմա հասանելն՝ մե՛զ է հասեալ, և Թումանի որդւոյն և քեռն: Զի սոցա աղաղակն հատցի, և ձեզ ևս վարձք լիցի:
       Թուղթ ևս ի Բայազիտ գրեաց առ Տէր Վահանն, Մարգար աղայն, մահտեսի Էլօն, խօջայ Յակոբն, Արապկերցի խօջայ սահակն, Ագուլեցի Թումանն, մահտեսի Թէլումն, Բայընդուրն, Վարդերն, և Վանցի Մարկոսն, յիշեցուցանելով նոցա զսոյն բանս՝ զոր ի վաղուց գիտէին: Եւ այսր աղագաւ գալն աստ Թումանի որդւոյն և քեռն և թախանձելն զինքն, և իւր գրելն Նաւասարդին ի գալ՝ և նորա չգնալն, և զինչ գրելն, և իւր վէքիլ առնելն այժմ զԱբէլենց փեսայ մահտեսի Յովհաննէսն ի կողմանէ իւր՝ և Թումանի որդւոյն և քեռն, և յղելն այժմ ի Խօյ՝ առ ի հոգալ զայս բանս, և զի՞նչ գրելն ի Խօյ՝ առ գլխաւոր անձինսն տեղւոյն և վաճառականսն որպէս ի վերոյ ասացաւ: Ապա և իւրեանց հարկ, զի զբազմակնիք վկայական թուղթ գրեալ՝ տացեն մահտեսի Յովհաննէսին, և զոր ինչ գիտեն՝ յԱտտուածակոյս կողմանէ վկայեսցեն , որովհետև գիտա՛կ են այս բանիս: Զի մահտեսի Յովհաննէսն տարցէ ընդ ինքեան ի Խօյ. զի տեղւոյ վաճառականքն զայն ևս գրեալ՝ յԱստուածակոյս կողմանէ իրաւու՛նս արասցեն, որպէս գրեալ է իւրեաց: Զի և իւրեանց վարձք լիցի: Եւ հա՛րկ այսպէս առնել: Իսկ և՝ մեր Թարվիզցու գանձապետ Նուրիջանն վախճանեալ էր, որոյ աղագաւ գրեաց սրբազան վեհն զթուղթ մխիթարութեան առ նորին եղբայր Թադէոսն և առ որդիսն նոյն Նուրիջանին, Միրզաջանն և Կարապետն: Զորս և ի տեղի Նուրիջանին՝ սրբոյ Աթոռոյս վէքիլ և գանձապետ կարգեաց, պատուէր՝ արիաբար մուղայէթ լինել գործոցն սրբոյ Աթոռոյս, և ամենայն մեր անդ պատահեալ բանիցս հոգացօղ, և երթևեկացն մերոց ասպնջակա՛ն և ձեռնտու: Իսկ և՝ վասն տեղւոյ վաճառականացն որ կոնդակ յղեցաք ըստ խնդրոյ Նուրիջանին՝ հաստատել ի մէջ նոցա գանձանակ, անդ տրտունջ էր եղեալ՝ ի մէջ նոցա, ա՛յնքան, զի և ինքն Նուրիջանն զզուեալ՝ գրեալ էր յառաջ քան զայս ի կենդանութեանն առ սրբազան վեհն հրաման առնել բառնալ զայն և վաճառականքն ևս աղաչանօք գրեալ էին բառնալ, գրելով ևս թէ՝ տաճիքն ծա՛ղր առնեն, մինչ դրանէ ի դուռն զգանձանակն շրջեցուցանեմք: Ուստի՝ գրեաց սոցա սրբազան վեհն, թէ որովհետև այդպէս տրտունջ և ամօթ լինի, բարձէ՛ք, և այլ մի շրջեցուցանէք, այլ զոր ինչ տալ կամին բարեպաշտ անձինք, ի յա՛յն գանձանակն արկցեն, որ ի յեկեղեցւոջն շրջի: Զոր թէպէտ մեք յառաջ իսկ չկամէաք հաստատել ասէ, այլ լուսահոգի Նուրիջանն գրեաց թէ՝ վաճառականքն ամենայն սիրով խնդրեն հաստատել: Այժմ մինչ այդպէս վնասածին է , այլ մի՛ շրջեցուցանէք: Վաճառականացն ևս ասաց ողջո՛յն տալ՝ և այսպէս ծանուցանել: Իսկ և՝ որպէս ի յապրիլի ԻԱ ի ԺԵ և ի ԺԴ ասացաւ՝ մեռեալ էր Քեարիմ խանն: Վասնորոյ Դանիէլ վարդապետն՝ զոր ի փետրուարի ԻԱ առաքեաց սրբազան վեհն ընծայիւք առ նա՝ առնելով և նուիրակ Ջուղայու, մինչ հասեալ էր ի Թարվէզ, և Գ օթևանօք ևս անդ անցեալ, լուեալ էր հաստատապէս զմահն Քեարիմ խանին, և դարձեալ ի Թարվէզ, և անտի ևս եկն աստ ընդ Հասան Ալի բէկւն, զոր ևս խա՛նն էր յղեալ երթալ առ Քեարիմ խանն: Իսկ զՀնդկաց և զԲասրայու և զԲաղդատու գրեանսն զոր տարաւ ընդ իւր Դանիէլ վարդապետն, թողեալ ի Թարվէզ առ վերոյյիշեալ Նուրիջանն, զի ընդ հաւատարիմ գնացողաց յղեսցէ ի Բաղդատ առ Խալդարենց պարոն Մարգար աղայն: Վասնորոյ՝ այժմ էհարց ի սոցանէ սրբազան վեհն թէ՝ Նուրիջանն զայն թուղթսն յղեաց թէ ո՛չ: Եւ հա՛րկ, զի թէ չիցէ յղեալ, յղեսցեն և գրեսցեն ինքեան: Բայց հարկաւոր գրեանք են ասէ, պա՛րտիք հաւատարի՛մ մարդոյ տալ:
       Թուղթ ևս առ Ջուղայու Առաջնորդ Մկրտիչ վարդապետն գրեալ, յղեաց առ սոսա, յղել առ նա ի Սպահան ընդ հաւատարիմ գնացողաց, և եթէ ի նմանէ պատասխանի ինչ եկեսցէ, յղեսցեն առ ինքն: Յիշեցոյց Մկրտիչ վարդապետին թէ՝ ըստ որում ի սեպտեմբերի Բ խոստացաք քեզ յղել յայդր զնոր նուիրակ, յղեցաք զԴանիէլ վարդապետն, որ Գ աւուրց ճանապարհ անցեալ ի թարվիզու դէպ յայդր, լուեալ էր զմահն Քեարիմ խանին, և դարձեալ յետս, զի ճանապարհքն ևս խառնակեցեալ էին: Իսկ մինչև ցարդ սպասեմք ասէ զբարի համբաւս ինչ ի կողմանցդ, և զձայն խաղաղութեան զի կարասցուք յղել յայդկոյս զնուիրակ, և գժդեռ ո՛չ լուաք: Վասնորոյ՝ նուիրակն արգելեցաւ մինչև ցարդ: Վասնորոյ՝ գրեցաք զայս ասէ՝ զի գիտասցես, և մանաւանդ՝ ի հանդիպիլն եկողաց, գրեսցե՛ս մեզ զձեր և զկողմանցդ որպէսն, զի գիտասցուք թէ ո՞րպիսաբար կայք, և կարէ՞ նուիրակն մեր թարց վնասուց առ ձեզ հասանել, զի ապա միամտեալ զնուիրակ յղեսցուք: Տէր Մինասին ևս ողջոյն գրեաց, և ծանոյց թէ՝ նմա ես թուղթ կայր ընդ նուիրակին, յորում եդեալ էաք զհարկաւոր գրեանս՝ յղել ի Բասրա, զորս նուիրակն յետս եբեր՝ և ա՛ստ մնացին: Եւ պատուէր՝ զի ի գրելն առ ինքն զթուղթ յղեսցէ ի Թարվէզ առ վերոյյիշեալ նոր վէքիլսն և գանձապետսն մեր՝ Թադէոսն, Միրզաջանն և Կարապետն, նոքա ասէ հասուցանեն:
       Թուղթ մի ևս Մկրտիչ վարդապետն գրեաց առ Թարվիզու գանձապետսն, զի ընդ Դանիէլ վարդապետին գրեաց Նուրիջանին՝ առնուլ և յղել վասն մեր՝ զնուշ՝ և ծոր, և զիրա, և զայլ նմանս: Իսկ նա զայնս հոգացեալ՝ յղեալ էր աստ ընդ Գիլանու նուիրակ և Առաջնորդ Կարապետ վարդապետին, որ եկն աստ, զի յառաջ քան զայս ի նոյեմբեր ամսեանն ի ԻԴ, գրեաց նմա Մկրտիչ վարդապետն հրամանաւ սրբազան վեհին ի գալ, որ և եկն: Ի գին որոց տուեալ էր և զայն Բ թուման՝ որ ի Սիմէօնէն հասեալ էր առ ինքն: Վասնորոյ միամտութիւն գրեաց սոցա, թէ վասն իրացն եկելոց , և թէ վասն Բ թումանին հրամանաւ սրբազան վեհին: Զայս ևս եդաք ի նոցին պահարանն, և տուա վերոյյիշեալ Աբելենց փեսայ Գեանջաեցի մահտեսի Յովհաննէսին, յղել ի Խօյու առ նոսա ի Թարվէզ. մայիս Ի: