Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն առ Հեռակլ Արքայն, ի պատասխանի թղթոյն՝ զոր ընդ Իւանի մէհտարին գրեալ էր, զոր յղեալ էր աստ առ խանն մեր՝ և առ Խօյայ խանն, մեղադիր լինելով սոցա վասն դարձուցանելոյն զընծայս Արքային Օսմանցւոց զի դուք ասէ զիս ստիպեցիք, թէ մարդ յղեա՛ առ խոնդքարն, և գիր գրեա՛, մեք ընդ քեզ. արդ՝ մինչ յղեցի ձեր խօսիւքդ, և նոքա ընդ բանս իմ հաճեալ և հաւատացեալ ինձ, թէ դուք հարազատութիւնս առնէթ առ տէրութիւն նոցին, վասն ձեր և վասն իմ զգանձ և զընծայս յղեաց, ընդէ՞ր ո՛չ վեր առիք, և թէ վեր առնլոյ չէիք, ինձ յառաջագոյն է՞ր ո՛չ զգացուցիք: Եթէ ի Քեարիմ խանէն կասկածէիք նա ընդ այդ ձեզ զի՞նչ պարտ էր ասել, նա ո՞չ կամի մի՞թէ, զի դուք որք սահմանապահք իւր էք, ընդ դրացիս ձեր զխաղաղութիւն ունիցիք, զի ինքն ապահով լիցի ի յայսց կողմանցս: Եւ այլ այսպիսիք բանք, և հարկ՝ յղել և յետս բերել դարձեալ զայն ընծայսն: Զոր և սրբազան վեհին ևս էր գրեալ, և ընդ Իւանուն ևս ապսպարեալ, ասել խանին և այսպէս առնել տալ: Զոր և սրբազան վեհն թէպէտ ծանոյց խանին, այլ սոքա լսել ոչ կամեցան, զի անցեալ է ասեն, զայս լուրս առ թագաւորն Օսմանցւոց ի վաղուց էհաս, և մեք ևս Քեարիմ խանին գրեցաք, այժմ զայդ այլ ո՞րպէս արասցուք, և կամ լսօղք որքան ծիծաղին ի վերայ մեր: Զայս և սրբազան վեհն մասամբ ինչ գրեաց Արքային, և Իւանուն ևս ծանոյց ասել նմա: Այլ և՝ ի փետրվարի ԺԵ որ զխնդիրս գրեաց սրբազան վեհն առ որդի Արքային Գեօրկին Միրզայն վասն կալանաւոր Բօռչալու ՄահմադԱլի բէկին արձակել զնա. մինչև ցանդ նա զգրատար թուանկչին անդ պահեալ, այժմ դարձուցեալ էր յետս, և գրեալ էր սրբազան վեհին թէ՝ վասն խաթեր քոյ յետոյ արձակելոց եմ և քեզ գրելոց: Իսկ սրբազան վեհին հարկեցեալ կրկին ի մեր Միրզայ Ահմատէն՝ որ էր նմա բարեկամ, ասաց այժմ բերանով մեհտար Իւանուն, ասել ի դիմաց իւրոց Արքային և որդւոյն, և արձակել տալ զնոսա: Ել աստի մէհտար Իւանին ի մայիս Ժ: