Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԲՆԱԿԻՉՆԵՐ

 

Աղուանից երկրի հեռաւոր անցեալն ծածկուած է խորին մթութեան թանձր քողով: Մարդկային ծաւալման ի՞նչ հոսանքներ տեղի ունեցած են այս երկրում, ի՞նչ տեղափոխութիւններ եղած են անդրպատմական դարերում, ինչպիսի պատերազմներ եւ յաղթութիւններ կատարուած են, ի՞նչպիսի գերեվարութիւններ, աւարառռւթիւններ պատահած են, քանի՞ անգամ աղքատացած է երկիրս գերիներ տալով եւ քանի՞ անգամ հարստացած գերիներ ընդունելով. յիշատակութեան արժանի որպիսի՞ գործեր գործուած են, եւն եւն -այս հարցերի պատասխանը ո'չ ոք չէ կարող ստուգիւ տալ բերանացի կամ գրել ճշտութեամբ: Գիրն եւ պատմութիւնն, որք ամենաթանկագին հարստութիւններ են ազգաց համար եւ հաւատարիմ աւանդապահ անցեալի յիշատակը ապագայ սերնդոց համար, շատ ուշ ծնած են այս երկրում: Որպէս երեւում է յետածին պատմութիւններից, Աղուանից նախնի բնակիչներն` գրեթէ ընդհանրապէս լինելով հովիւ եւ երկրագործ եւ վարելով նահապետական կենցաղավարութիւն, ուշ չեն դարձրած գրագիտութեան:

Այսչափ մթութեանց առաջ մնում է շուար գրողն եւ ափիբերան` հետազոօտողն, վասն որոյ որպէս լռութեամբ անցած են նախնի եւ արդի հեղինակներն երկրիս անցեալի մասին, ակամայից լռութեամբ անցնում ենք եւ մենք եւ հետեւում միայն պատմութեանց ծանօթ իրողութեանց, մինչեւ ժամանակն պարզէ այս մութ կէտերը:

Հայկազն Սիսակից սերուում են Գարգարացւոց, Գարդմանցւոց, Ուտէացւոց եւ Ծովդէացւոց ժողովուրդներն եւ իշխանութիւնները(Ագաթ. եր. 593, Խոր. Բ. գիրք Ը. գլ. Բուզ. Գ. դպր. ԺԷ. գլ. ):

Գարգարացիք ժառանգում են Գարգարացւոց (Արցախի) մեծ դաշտը եւ լեռները:

Գարդամանցիք ժառանգում են Գարդմանի ընդարձակ լեռները:

Ուտիացիք ժառանգում են Աղուանից դաշտը եւ Կովկասեան լեռնաշղթայի հարաւահայեաց լանջերը` Կասպից ծովեզրից մինչեւ այժմեան Կախաւան գիւղաքաղաքը:

Ծովդէացիք ժառանգում են Բաղասական դաշտը եւ Կովկասեան լեռնաշղթայի հարաւահայեաց լանջերը -Կուր գետի Ալազան եւ Կախաւան գետակների միջնավայրը:

Ի շարս իշխանացն Հայաստանի յականէ յանուանէ յիշատակում է Ագաթանգեղոս նաեւ հետեւեալները.

«Ութերորդ իշխանն Գարգարացւոց.

Երկոտասաներորդ իշխանն Ծաւդէացւոց.

Երեքտասաներորդ իշխանն Ուտիացւոց» (եր. 593):

Սեւորդիք, որք չեն յիշւում պատմութեանց մէջ մինչեւ Է դարն [1], բնակում են Խրամ եւ Աղստեւ գետակների մէջ` լեռնային եւ դաշտային մասերում:

Փայտակարանն բաժանուած էր երեք մասի: Ա. մասն ընկած էր Երասխ գետի աջ ափի եւ Կասպից ծովի մէջ, որ հաշւում է մասն Ատրպատականի: Բ. մասն ընկած էր Կուր եւ Երասխ գետերի խառնուրդի մէջ, այս մասումն էր Փայտակարանի Վարդանակերտ քաղաքն: Գ. մասն էր Բագուն իւր գաւառներով. իսկ մեծ քաղաքն Փայտակարան շինուած էր այժմեան Սալեանի տեղում: Մեզ կարեւոր են միայն Բ. եւ Գ. մասերն, որք բնական սահմաններով կցուած են Աղուանից երկրին: Այս մասերն, որք սկզբում պատկանում էին Հայոց թագաւորութեան [2], ապա անցնում է Աղուանից թագաւորութեան: Կասպից ցեղն, որ եկած էր Բագտրիայի կողմից, նախ բնակում է Փայտակարանի Ա. մասում, հետզհետէ անցնում է Բ. եւ Գ. մասերն եւ ժառանգում Բագուի բոլոր գաւառները, այն է` Կասպից ծովի, Սուղայիդ գետի եւ Կովկաս սարի արեւելեան լանջերի միջավայրը մինչեւ` Շամախու մօտերքն (Աշխարհ, Խոր. եր. 609-610):

Լփնաց ցեղն [3] բնակում էր Սուղայիդ եւ Դաւաչի գետերի մէջ եւ Կովկասեան սարի հիւսիսահայեաց լանջերի վերայ, ինչպէս երեւում է Մով. Կաղանկատուացու Պատմութիւնիցն եւ նոյն իսկ այժմեան բնակավայրից:

Ճղբաց ցեղն բնակում էր Դաւաչի եւ Ղուբա կոչուած գետերի եւ ծովի միջավայրում եւ լեռնամասում:

Մազքթաց ցեղն, որ եկած էր հիւսիսային կողմից եւ հետզհետէ ծովեզերքով հասած Աղուանից երկիրն, բնակում էր Դարբանդի, Կասպից ծովի եւ Փոքր լեռնաշղթայի մէջ:

Որ այս ցեղերն բնակում էին այս տեղերում, վկայում է եւ Մովսէս Կաղանկատուացին. «Իսրայէլ եպիսկոպոս Մեծ կողմանց... յուղարկեալք... ՚ի Պերոզապատ քաղաքէ... անցանէին ընդ գետն մեծ Կուր, անցանէին ընդ սահմանս Աղուանից... հասանէին ՚ի քաղաքն Լփնաց... եւ անտի անցանէին յաշխարհն ճղբաց առ ստորոտով լերինն մեծի... եւ երթեալ ի վաղնջուց թագաւորանիստն հասանէին կայանս, յայն տեղի, ուր վկայեաց սուրբն Գրիգորիս կաթողիկոսն Աղուանից: Անտի յետ աւուրց ինչ հասանէին ի դուռն Չողայ, որ է մերձ ի Դարբանդ» (Մով. Կաղ. բ. հատ. ԼԹ. գլ. ):

Այն հնադարեան պարիսպն, որ ձգուած է Դարբանդից մինչեւ Ալազան, Կովկաս սարի հիւսիսային կողմին հպած տեղը ձեւացնում է սրածայր եռանկիւնի: Եռանկիւնուս հիւսիսային կողմն է պարսպի ամուր պատն, հարաւակողմն է Կովկաս սարն եւ արեւելեան Փոքր լեռնաշղթան, որ երկարած է Դարբանդից դէպի Ղուբա: Այս ընդարձակ եռանկիւնին` լինելով պարսպի ներսի կողմում պատկանում էր Աղուանից երկրին: Եռանկիւնուս մէջ բնակում էին մի քանի ցեղեր, զորս յիշատակում է Խորենացին ի շարս Սարմատացւոց` գրելով «Թաւասպարք, Հեճմատակք, Փասխք, Փուսխք, Փիկոնակք, Բաքանք, Մազքութք մինչեւ ցԿասպից ծովն, յոր եւ բազուկն Կովկասայ հպի, ուր ածեալ է զպարիսպն Դարբանդայ» (Աշխարհ. եր. 604-605): Յիշում է նաեւ Բուզանդ . դպր. Է. գլ. ) (Սանեսան թագաւորն Մազքթաց) «ժողովեաց զամենայն զօրս... Փոխաց, Թաւասպարաց, Հեճմատակաց... Գաթաց եւ Գղուարաց, Գուգարաց եւ Ճղբաց» եւ ել ի վերայ թագաւորին հայոց (Խոսրովու Բ-ի): Բայց որովհետեւ Ե. դարում Պարսից իշխանութեան տակ ընկած էր Աղուանից երկիրն եւ Վարդան Մամիկոնեան տեղ-տեղ խրամատած էր պարիսպը եւ դաշն կապած Հոնաց հետ, վասնորոյ գրում է Եղիշէն (177 եւ 246-247) «Սակայն եւ վասն նոցա (Հոնաց, որպէսզի չմտնէին խրամատեալ տեղերովն Աղուանից երկիրն) կուտեաց զբազում այրուձին արեաց (զօրավարն Պարսից) արգել եւ փակեաց զդրունս ելին նոցա... կոչէր... զզօրսն Լփնաց, զՃղբաց եւ զՎատն, զԳաւն եւ զԳղուարն, զԽրսանն եւ զՀեճմատակն, զՓասխն եւ զՓուսխն եւ զՓիւքաւնան եւ զամենայն զօրս Թաւասպարանն եւ զլեռնային եւ զդաշտային եւ զամենայն ամրակողմն (եռանկիւնու մէջ եղածները) լերանցն (Կովկասու)»: Գրում է նաեւս Կաղանկատուացին (եր. 70) Սուրբն Մեսրոբ «ձգէր զքարոզութիւն աւետարանին յաշխարհն Ուտէացւոց եւ ի Լփնիս եւ ի Կասպս եւ ի դուռն Չողայ եւ յայլ ազգի ազգիսն, զորս գերութեամբն էր ածեալ Աղէքսանդրի Մակեդոնացւոյ [4] եւ նստուցեալ զմեծ լերամբն Կովկասու զԳարգարս [5], զԿամիճիկ, Հեփթաղսն դարձուցեալ ի հաւատս` զկարգ Աստուածապաշտութեան ուսուցանէր, զոր ի վաղնջուց ուսեալն էին եւ մոռացեալ, եւ բոլորովին քարոզ եւ առաքեալ խուժադուժ սարոտանեացն լինելով»:

  Դիտմամբ մէջ բերինք վերեւի հատուածները, որպէսզի ազնիւ բանասէրներն դիւրաւ կարողանան շօշափել, համեմատել եւ համոզուել, որ այդ ցեղերն այդ ժամանակ բնակում էին նոյն պարսպի ներսի կողմում -Աղուանից երկրի մասում: Խորենացու «Փիկոնակք եւ Բաքանք», Բուզանդի «Փոխաց, Գաթաց եւ Գուգարաց», Եղիշէի «Վատն, Գաւն եւ Խրսանն» տարբեր յատուկ անուններն եւ Կաղանկատուացու «յայլ ազգի ազգիսն» մեր համոզմամբ ոչ այլ ոք են, եթէ ոչ միեւնոյն ցեղերն: Տարբերութիւններն, մեր համեստ կարծիքով, միայն սխալներ են գրչագրերի: Գրչից գրիչ անցնելով ձեռագիրներն` կարծում ենք, որ սպրդած են սխալներ, օր. Բուզանդի Փոխացն-ն Եղիշէի եւ Խորենացու Փուսխն է, Գաթաց-ն Եղիշէի Գաւն է, իսկ Գուգարաց-ն սխալմամբ կրկնուած է Գղուարաց անուան տեղ:

Որ այս ցեղերն բնակում էին Աղուանից երկրում, որ այս ցեղերն ընդունած էին հայադաւան քրիստոնէութիւն ս. Լուսաւորչի, Աղուանից Գրիգորիս Կաթուղիկոսի եւ ս. Մեսրոպի քարոզութիւններով եւ մտած հայոց եկեղեցու ծոցն, հաստատուում է Հայաստանի այն նախարարական ցանկերով, որք գտնուում են պ. Կ. Կոստանեանցի Հիւսուածքի Գ. հատորում, որից քաղում ենք հետեւեալը.

Նախարարութիւն            Նախարարութիւն                        Նախարարութիւն

Աղուանից                Աղուանից                            Աղուանից

Գ. դարում.                Դ. դարում.                            Ե. դարում

 

Իշխանն Գարգարացւոց   Խաչեանք.

Իշխանն Ծովդէացւոց     Բաղասականք.

Իշխանն Ուտիացւոց       Ձորաբնակք                                    Ուտէացի.

(Ագաթ. եր. 593)      (Գուցէ Սեւորդիք)

                                    Գարդմանայ տէր.              Գարդմանաց տէր

Կազբք                                                                                   Կասպէից տէր.

Կազբունիք                         Ճիղբք

                                    Լեռնականք

                                    (Գուցէ Լփնիք)

                                    Հեճմատակք,

                                    Գորողուարք,

                                    Լեկանեանք,

                                    Դարբանդեանք.

 



[1]                «Չուէ զօրու ծանու հրոսակ Գէորգեայ նահապետին Սեւորդեաց, որք սակս սեւ կոչեցելոյ հաւուն իւրեանց` ազգն այն յանուն Սեւորդիք անուանէին» (Յովհ. Կաթ. եր. 234): Մեր նպատակից արտաքոյ է քննել ցեղերի ծագումը, միայն յիշեցնում ենք ազնիւ ընթերցողաց, որ Գարդմանցւոց ցեղի անունն չկայ Ագաթանգեղոսում եւ ոչ Սեւորդեաց անունն` Խորենացու եւ Եղիշէի մէջ:

[2]                Ագաթ. եր. 624., Բուզ. եր. 210:

[3]                Լփնաց երկիրն եւ ցեղն այժմ կոչւում է Լահիճ, իսկ բարբառն` Լահճերէն:

[4]                Ցանկալի է իմանալ, թէ որտեղի՞ց բերած է Աղէք. Մակեդոնացին այս ցեղերը, ի՞նչ էին սոցա տեղափոխութեան պատճառներն, ո՞յք եղած էին եռանկիւնուս նախկին բնակիչներն եւ ի՞նչ եղան:

[5]                Այս եւս սխալ է գրչագրի. ուղիղն է Գղուար: