Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՂՈՒԲԱ

 

Փոքրիկ քաղաքս, որ շինուած է Ղուբա կոչուած գետի աջ ափի բարձութեան վերայ, մի հարթակ տեղում, հոգեւորապէս ենթարկուած է Դարբանդի հետ Շամախու, առաջնորդութեան, իսկ մարմնաւորապէս Բագուի նահանգապետութեան իրաւասութեան: Քաղաքատեղի հարթակս Վատնեան դաշտի շարունակութիւնից լեզուակաձեւ մտած է Ղուբայի հարաւային լեռների եւ գետի մէջ: Քաղաքիս արեւմտեան կողմում երեւում է հպարտօրէն արձանացած Շահ-Դաղն, հիւսիսային կողմում մերկ ու տխրատեսիլ լեռնաշղթայ եւ հարաւային կողմում, հարթակի բերանից յանկարծ բարձրացած, անտառապատ լեռներ: Միայն բաց է արեւելեան կողմն: Ընթերցողն անշուշտ մակաբերեց, որ խոր ձորի մէջ է Ղուբան:

Գետի ձախ ափի վերայ միայն բնակում են հրէայք, իսկ աջ ափի բարձրութեան վերնամասում հայերն եւ ռուսներն եւ ստորին մասում սիւննու եւ շիա մահմետականներն:

Քաղաքիս հայերն, որ գաղթած են ամէնամեծ մասամբ Արցախից եւ փոքր մասամբ Շամախուց, զբաղւում են վաճառականութեամբ, մանրավաճառութեամբ, այգեգործութեամբ, դերձակութեամբ, կօշկակարութեամբ, սափրչութեամբ, իւսնութեամբ եւ մասնաւոր ընկուզի կոճղի վաճառութեամբ:

Քաղաքս ունի 200 ծուխ հայ, [1] որոց մէջ կան 400 արականք եւ 350 իգականք, տարեկան միջին հաշւով լինում է 30 արական եւ 24 իգական ծնունդ, 20 պսակ եւ 14 ննջեցեալ: Ունի միայն մի քահանայ:

Հայք ունին մի փոքր, աղիւսաշէն եկեղեցի Ս. Աստուածածին անուամբ, որի շուրջն պարսպուած է անեփ աղիւսով: Պարսպի ներսում կան մի քանի պարտի, կեռասի եւ աքացի ծառեր: Եկեղեցու հիւսիսային դրան մօտ` արտաքուստ, ամփոփուած է եկեղեցիս շինել տուողի մարմինն, որի խաչարձան տապանն կրում է հետեւեալ արձանագրութիւն.

«Յիշատակ մեռելոյն յաշխարհիս աղցաւոր

Չէ' կոթող, ո'չ գոյք, կայք, եւ ո'չ այլ ինչ անցաւոր.

Հայեսցուք յայս տաճար առընթեր արձանիս,

Կառուցեալ մեծ ծախիւք հանգուցեալ իշխանիս:

Սա բարեաց գործոց իւր յիշելիք գերակայ,

Յոր ննջեալ տէր գործոյն` հանապազ անմահ կայ,

Ստեփաննոս Լազարեանց, այր բազմօք պիտանի,

Կանգնեաց զայս տաճար տուն Տեառն` մինչ էրն կենդանի:

Տուեալ Սա զԱստուծոյն Աստուծոյ ըստ կարի,

Ետ իւրոց նմանեաց օրինակ մի բարի...

Փոխեցաւ առ Տէր 25 Օգոստի 1852 ամի,

Վաթսուն եւ երեք ամօք հասակի»:

Կից սմին մի այլ շիրմաքարի վերայ

«Հանգիստ Գրիգոր քահանայի Հայրապետեան Մելիք Դադաեանց, որ էր հայրենեօք ՚ի Չափնի գիւղէն (Մեծ) Սիւնեաց վիճակի, որ հանգեաւ ՚ի տէր 13 դեկտեմբերի 1870 ամի, 85 ամեայ հասակի»:

Եկեղեցու հարաւային կողմում պարսպի ներսում.

«՚Ի տապանիս դնի Շուշուայ քաղաքացի Յակօբ Բալաեանց այր բարի եւ առաքինի, օգնող եկեղեցեաց, աղքատաց, ննջեաց 19 մարտի 1880 ամի, քառասնամեայ հասակի»:

Եկեղեցին ունի 7000 րուբլի դրամագլուխ եւ մի ծխական միդասեան երկսեռ դպրոց, ուր ուսանում են 62 աշակերտք եւ 21 աշակերտուհիք: Դասաւանդողներն են մի աւագ ուսուցիչ, երկու վարժապետ եւ մի վարժուհի, որք ամէնքն ստանում են տարեկան 1900 րուբլի: Ներկայ պատ. հոգաբարձուաց գործունէութիւնն արդիւնալի է եւ արժանի մեծ գովութեան, քանզի նախորդ հոգաբարձուք յանձնած են ներկայ հոգաբարձուաց 3500 րուբլի, բայց այժմեան հոգաբարձուք ո'չ միայն կանոնաւոր վճարած են ուսուցչաց ռոճիկները, այլ եւ աճեցրած են դրամագլուխը մինչեւ 7000 րուբլի, շինել տուած են նոր եւ գեղեցկաձեւ նստարաններ, գրասեղաններ, գնած են ընտիր աթոռներ, կահ ու կարասիներ աշակերտաց, աշակերտուհեաց եւ ուսուցչական սենեակների համար: Բաց յայսցանէ Հոգաբարձութիւնն յաջողած է սեպհականացնել եկեղեցուն ուսումնարանը, որ ունի բազմաթիւ սենեակներ [2], Եւ ՚ի վերայ այսր ամէնայնի գովելի հոգաբարձուք պարսպել տուած են հանգստարանի շուրջը, մինչդեռ առաջ անպարիսպ եղած էր: Օրինակելի՜ են եռանդուն հոգաբարձուաց արդիւնալի ջանքերն:

Պատուական են Ղուբայի օդն, կլիման եւ ջուրն: Ամէնաերկար ապրողի կեանքի թելն հասնում է մինչեւ 100 տարի: Ամէնանշանաւոր բերքն եղած է տորոնն, որի անկմամբ սնանկացած են 100000 րուբլու հարստութեան տէր շատ գերդաստաններ:

Թէ' Ղուբայի եւ թէ' իւր գաւառների գլխաւոր բերքերն են որիզ, մետաքսի բոժոժ, ցորեն, գարի, տանձ եւ խնձոր, (խաղող մասնաւոր): Բայց արտահանում են գլխաւորապէս տանձը, խնձորը եւ ընկուզի կոճղը: Չիր են կտրում տանձը եւ խնձորը, չորացնում եւ վաճառում թէ' իւրեանց տեղերում եւ թէ' Ռուսաստանում:

 



[1] Սոյն հաշուի մէջ չեն այն մի քանի հայերն, որ առեւտրի պատճառով մնում են Գուսարում:

[2] Ուսումնարանի շինութիւնը նուիրած են Ղուբայի եկեղեցուն բնիկ Շուշեցի մեծ. Կրասիլնիկեան եղբայրք, որոց յիշատակն օրհնութեամբ եղիցի: