Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն ի Կարին առ Մուրտիկեանց Առաքելն, ըստ խնդրոյ թիֆլիզեցի Ջաղաթենց Ստեփանին: Զի բամբակ ունէր՝ զոր ի ձեռն թիֆլիզեցի Թիւնի Յարութիւն կոչեցեալ մարդոյ ումեմն յղէր ի Կարին ի վաճառել անդ: Ուստի՝ խնդրեաց ի սրբազան վեհէն գրել առ նա, զի լիցի ձեռնատու Յարութիւնին յամենայն կողմանէ, և տիրութիւն արասցէ, առ ի բարւոքապէս վաճառիլ բամբակին: Զոր և գրեաց սրբազան վեհն: Եւ վասն առ ինքն եղեալ բալասանի իւղին այժմ ևս վերստին հարկ՝ շուտով յղել . որպէս և ի մարտի ԼԱ ևս գրեաց: Տուաք զայս նոյն թիֆլիզեցի Ստեփանին, ի ապրիլ ԻԱ: