Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԻՐՃ [1]

 

Նշանաւոր կիրճս գտնւում է Աւար-Ղոյսու գետի աջ ափի մօտ, Ղարա-Դաղ կայարանից եւ զօրանոցից ոչ այնքան հեռի: Դէմ առ դէմ արձանացած են երկու քարեայ, բարձրագոյն եւ լերկ սարեր: Ահա լեռներիս մէջ ընկած է կիրճն, որ տանում է Ղունիբից Խունձախ: Կրճի յատակից մինչեւ գագաթի բացուածքը գրեթէ պակաս չէ 80 սաժէնից: Միաչափ չէ կրճի բացուածքի լայնութիւնն, այլ գագաթից սկսեալ դէպի յատակն հետզհետէ լայնանում է զգալի երեւութով: Կրճի անցքն` լինելով խոռոչաւոր եւ ոլոր-մոլոր` վասն որոյ դժուարաւ է թափանցում արեգակի լոյսն մինչեւ յատակն: Կրճիցս անցնելու ժամանակ, որ տեւում է մօտ քառորդ ժամ, ձիերի քալուածքի աղմուկներն յարուցանում են սոսկալի արձագանք, որք սարսափ են ազդում չտես անցորդաց վերայ: Մանաւանդ, երբ մթնապատ տեղերում ձիապաններն ստէպ-ստէպ արձակում են գոռոցի ձայներ, դղրդում է կիրճն, որոտում` արձագանքն, զարզանդում` անցորդն, տրոփում` սիրտն, փշաքաղում` մազերն եւ սարսռում` ամբողջ մարմինն: Ձիապանների յաճախակի գոռալու պատճառն այն է, որ, եթէ աւազակներ կամ գազաններ լինին պահուած մութ խորշերում, խոյս տալով հեռանան եւ չվնասեն ուղեւորներին: Կրճիս յատակով հոսում է մի առու:

Կրճիս հարաւային մուտքի ձախ կողմի բարձրութեան վերայ կայ մի քարայր, որի մէջ մեղր շինած են մեղուներն: Պատմում են, թէ ռուսաց Աղեքսանդր Բ. կայսրն կրճիս այցելած ժամանակ ոմն լեկզի, գետնից մինչեւ քարայրի մուտքն փայտեայ ցիցեր ցցելով իբր կռուան ոտից եւ բարձրանալով, իջեցրած է մեղր, մեծարած կայսեր եւ պարգեւ ստացած 25 ռուբլի:

Այս ուշագրաւ եւ հիանալի բացուածքի մասին խորհրդածողն յանգում է հետեւեալ եզրակացութեան: Սկզբում, անշուշտ, միապաղաղ եղած են երկու սարերս, որոց հարաւային եւ արեւելեան լայնագոգ լանջերի հեղեղներն եւս միանալով առուի հետ` նախ վազած են բացուածքի գագաթով: Ապա անձրեւի հեղեղներն տարէցտարի կտրելով ապառաժ սարը միջից` հասցրած են այժմեան դրութեան: Շրջանկատ հետախոյզն հեղեղների համանման գործը տեսնում է եւ շատ տեղերում, ինչպէս են Ղապալա գաւառի Ղութղաշէն գիւղից վերեւ եղածն եւ Շուշուց ներքեւ Մազի-կամուրջ կոչուած տեղի հեղեղատների բացած եւ կտրած ապառաժ սալքարերն:



[1] Ռուսերէն` Սալանցովոյէ ուշչելիէ: