Հեղինակ

Բաժին

Թեմա

ԶԱՆԿԻ ԽԱՐԻԹՈՆ ՕՂԼՈՒ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ

 

Վերադարձանք Դաթունայ գիւղն, որպէս զի հարցափորձելով եկեղեցու եւ աւերակ գիւղի բնակչաց մասին` կարողանայինք աւելի տեղեկութիւններ հաւաքել ծերունիներից: Մեր առաջնորդն հրաւիրեց գիւղի մէջ ամենից ծերը` Զանկի Խարիթոն օղլուն: Թարգմանի բերանով խնդրեցինք ծերունուց, որ ուղղակի պատասխանէր միայն մեր հարցերին:

«Քանի՞ տարեկան էք եւ ի՞նչ գիտէք եկեղեցու մասին»:

«Գրուած չէ իմ ծննդեան թուականը, միայն կարող եմ ասել, որ 80 տարեկան եմ եւ այս գիւղի ամենից ծերունին եւ իմ Դաթունա պապից հինգերորդ պորտն եմ ես` որդւոց որդի հաշուելով: Դաթունա (Դաւիթ) պապս կիւրճի (վրացի) եղած է, որ գերի բերուելով Կիւրճստանից` հիմնած է այս գիւղը: Գիւղումս այժմ կայ 300 տուն. այս 300 տունն յետագայ սերունդ են Դաթունա պապիս: Քրիստոնեայ Դութունա պապս ակամայ ընդունած է մեր մահմետական կրօնը, վասն որոյ մահմետական ծնուած են նորա յետագաներն, ինչպէս եւ մենք: Իմ լսելով` մօտ 300 տարի անցած է իմ Դաթունա պապի գերի ընկնելուց մինչեւ ցայսօր»:

«Ի՞նչ գիտէք եկեղեցու եւ աւերակ գիւղի մասին. ի՞նչ ազգից եղած են գիւղի բնակիչներն. ո՞վ շինած է եկեղեցին. ինչպէս տեսած եւ լսած էք, պատմեցէք»:

«Իմ պապ Դաթունան գտած է եկեղեցին եւ գիւղի աւերակը այնպէս, ինչպէս է այժմ` անմարդաբնակ: Այն ժամանակից ցարդ որդւոց որդի աւանդելով ինձ հասած է եւ ես աւանդած եմ եւ աւանդում եմ որդւոցս, թոռներիս եւ հարցանողաց: Բայց ես աչքովս տեսած եմ մի երկաթ երկար շղթայ [1], որ կախուած էր եկեղեցու միջից [2] բայց թէ ո՞վ տարած է այժմ, չգիտեմ ես. չեմ կարող ծերութեամբս եւ րամազանի [3] ծոմապահութեան օրերումս սուտ խօսել. սուտ խօսելը մեղք է»:

«Արձանագրութիւն եւ փորուած փոքր խաչեր կայի՞ն եկեղեցու քարերի վերայ եւ ի՞նչ եղան»:

«Գրեր էլ կային, փոքր խաչեր էլ: Բայց մեր սուրբ Շէյխ-Շամիլն, յաղթուելուց մի քանի տարի առաջ իմանալով, որ այս տեղ կայ քրիստոնէից եկեղեցի, հրամայեց քանդել եւ ոչնչացնել: Բայց այնքան ամո՜ւր, այնքան կա՜րծր եւ այնքան զօրե՜ղ էր, որը չկարողացան քանդել, որովհետեւ կրացեխն, որ քարերի հետ միացած է, քարերից աւելի քարացած է պնդութեամբ: Միայն թէ հազիւ կարողացան ծակել նորա (եկեղեցու) հիւսիսային պատը (աւազանի ետեւի պատը), որ բարակ էր: Մեր սուրբ Շէյխ-Շամիլն, երբ լսեց, որ չէ քանդւում, հրամայեց մուրճով ջնջել գրերը եւ խաչերը: Մեր սուրբ Շէյխ-Շամիլը Ռուսաստան տանելուց յետոյ այս տեղ եկաւ Լազրեւն եւ ստիպեց մեզնից շատերին, որ ասենք ճշմարիտը խաչերի, գրերի, քանդուածքի եւ աւերակ գիւղի բնակչաց մասին: Ինչպէս գեներալ Լազրեւին ասած եմ ճշմարիտը, թէ այդ ամէնն քանդուած է մեր սուրբ Շէյխի հրամանաւ, նոյնպէս ասացի եւ քեզ ճշմարիտը»:

«Եկեղեցու պահարանի փակակալ դռնաքարը ո՞վ բացած է»:

«Այնպէս բաց տեսած եմ մանկութիւնիցս. բայց թէ ո՞վ բացած է, չգիտեմ»:

«Պահարանի միջից եկեղեցական իրեր, այսինքն խաչեր, աւետարաններ, արծաթեղէն զարդեր հանա՞ծ են եւ ի՞նչ եղան արդեօք. ի՞նչպէս գիտէք: Ես թանկ գնով կը գնեմ»:

Ամենեւի'ն տեղեկութիւն չունինք: պահարանի դռնաքարը միշտ բաց տեսած ենք եւ պահարանը` դատարկ»:

«Անկասկած տեսած էք խորանի երկու քարերն (վէմ եւ սեղան քարերն). ի՞նչ եղան»:

«Այո՛, տեսած ենք, ջարդուեցան նոյն մարդոց ձեռնով գրերը եւ խաչերը եղծելուց յետոյ»:



[1]                Դամիր (երկաթեայ) զինջիլ:

[2]                Կանթեղ կամ ջահ կախելու համար:

[3]                Օրիջի ծոմապահութեան օրեր: