Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՂՈՒԱՆԻՑ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

Երկրիս պատմութեան ծանօթ սահմաններն էին հայոց Վաղարշակ թագաւորի ժամանակ արեւելքից Երասխ գետը, հիւսիսից` Կովկաս լեռն, արեւմտից` Հնարակերտ ամրոցն եւ հարաւից` Արցախեան լեռներն մինչեւ Երասխ: Այս սահմանների մէջ կուսակալ կարգուած էր Սիսական Առանն Վաղարշակ թագաւորից [1]:

Բայց երբ ծնւում է եւ Աղուանից Արշակունի թագաւորութիւնն, այն ժամանակ Կուր գետը [2] լինում է հարաւային սահման, Ալազանն` արեւմտեան, այն վաղեմի պարիսպն, որ իբր սահման եւ արգելիչ պատուար ձգուած է Դարբանդից մինչեւ Ալազան գետակն` հիւսիսային եւ Կասպից ծովն` արեւելեան:

  Ե. դարում Աղուանից թագաւորութեան ձեռքն է ընկնում նաեւ Երասխ գետի, Հակարի գետակի, Սոթի սահմանի [3] Գարդմանի, Կայենի լեռների եւ Խրամ գետակի աջ կողմի միջեւ եղած տարածութիւնն եւս: Ուրեմն վերջին սահմաններն են արեւելքից Կասպից ծովը, հիւսիսից այն հին պարիսպն, որ երկարցած է Դարբանդից մինչեւ Ալազան, արեւմտից` Ալազան եւ Խրամ գետակներն եւ հարաւից` Կայենի լեռներն, ամբողջ Գարդման, Գանձակ, Արցախ եւ Երասխի ձախ ափերն [4]; Այս սահմանների մէջ տարածուած երկիրն հայերից կոչուած է Աղուանք (Մխիթար Գօշն` «յաշխարհիս Առանայ», եր. 74), վրացիներից` Ռանի, Զենդերից` Այերիանօ (Առերի հայոց), պարսիկներից` Առան կամ Առանշահ, արաբներից` Ռան եւ եւրոպացիներից` Ալբանիա:



[1]                Խոր. Բ. գիրք Ը. գլ. եւ Մով. Կաղ. Ա. հատ. Դ. գլ.:

[2]                Փաւս. Բուզ. Ե. դպր. ԺԳ. գլ.:

[3]                «Հատանէ եւ զսահման Աղուանից Ըռմբի խոռն. Ծար գաւառ, Աղահէճ, ընդ որ Աղունոյ գետն հատանէ մինչ ի Քարավազի կամուրջն» . Օրբել. ԾԷ. գլ. ):

[4]                Մատեն. Խոր. տպ. Վենետ. եր. 606: