Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՆՔԵՐ

 

ՈՍԿԻ. Ախտի քաղաքից վերեւ կայ մի լեկզիաբնակ գիւղ Իղրի անուն: Գիւղիս մօտ կայ ոսկու հանք:

 

ԱՐԾԱԹ. Յիշեալ Իղրի գիւղի մօտ կայ նաեւ արծաթի հանք:

Երկրորդ արծաթահանքն գտնւում է Շամախու Գեօգչայ գաւառի Խանագեալ թրքաբնակ գիւղի մօտերքում, մի ձորի մէջ, որ ընկած է Կովկաս սարի հարաւահայեաց լանջի վերայ: Արծաթի նման պսպղում եւ փայլում է ապառաժ քերձի ճակատն, մանաւանդ արեգակի ճառագայթները դիպած ժամանակ: Մի քանի տարի առաջ, ոմանք դրամանենգ լեկզիներ գալով ծածուկ հալում են առատօրէն արծաթիցս եւ կտրում ռուսաց 20 կոպէկանոցի ձեւով բաւականին դրամ: Ապա իմանալով կառավարութիւնն Սիբիրիա է աքսորում դրամանենգները:

Երրորդ արծաթահանքն գտնւում է Նուխու գաւառի Խաչմաս գիւղի արեւմտահիւսիս կողմում` Փիլիպպու կոչուած գիւղի մօտ:

Չորրորդ արծաթահանքն գտնւում է Նուխու գաւառի Ճալէթ եւ Մուխանց գիւղերի մէջ եղած սարաւանդակի վերայ: Մի քանի տարի առաջ գաւառապետի օգնականն գաւառիս մարդիկներով բանալ տուած է հանքս եւ կտորներից ղրկած Թիֆլիս` վելուծելու եւ փորձելու:

Հինգերորդ արծաթահանքն գտնւում է նոյն գաւառի Օրաբան եւ Քունգիւտ գիւղերից վերեւ Կալ-տակ անուն հին բերդի արեւելեան կողմի հանդէպ եղած սարի վերայ` գետակի ձախ կողմում:

Կապարախառն արծաթ. գտնւում է Նուխուց 60 վերստաչափ հեռի Խնօ գիւղի մօտ` Խնօ կոչուած գետակի վերայ: Կայ նաեւ Սամուր գետի ակունքներում Կուրումի գիւղի մօտ, որ 60 վերստաչափ հեռի է Ղուբայից:

Կապար. նշանաւոր կապարահանքն գտնւում է Ախտի քաղաքից վերեւ` Ղռուշ լեկզիաբնակ գիւղի մօտ, որ մատակարարում է առատ կապարի պաշար:

Երկրորդ հանքը գտնւում է Ալազան գետակի կողմում` Շիլտի անուն գիւղի մօտերքում:

Պղնձահանք. գտնւում է յիշեալ Օրաբան եւ Քունգիւտ գիւղերից վերեւ:

Ծծմբահանք. գտնւում են Շամախու գաւառի Մարազա գիւղաւանի մօտ [1]:



[1]   Գործածական չեն այժմ արծաթահանքերից եւ պղնձահանքերից եւ ոչ մին: