Հեղինակ

Բաժին

Թեմա

ՃԱՌԻ ԳԱՒԱՌ

Գաւառս, որ ընկած է Կախաւան եւ Զաքաթալի արեւմտեան գետակների, Դարբանդեան պարսպի շարունակութեան եւ Բաղասական հարաւային դաշտաբերանի շարունակութեան մէջ, ստացած է Կամբեխճան, Կամբէճան, Կապիճան, Ճար, այժմ Ճառ եւ Զաքաթալա անունները:

Ցաւօք սրտի ստիպուած ենք ասել, որ բացի Ճառի հայերից գաւառումս չկան այժմ ուրիշ հայեր, զի շատ գիւղերի հայերն ընդունած են մահմետական կրօնը:

Ա. Մարսան գիւղի բնակիչներն, որ Կախաւանից ներքեւ է, եղած են Էջմիածնապատկան եւ ամէն տարի վճարած են գաւազանապտուղ մայր Աթոռին, ինչպէս վկայում են ծերունիք:

բ. Ղում գիւղի բնակիչներն, որք ընդունած են մահմետականութիւն: Եկեղեցին, որ շինուած է մեծ-մեծ եւ հաստ-հաստ թրծեալ աղիւսով, մնում է կանգուն. միայն խոնարհուած է գըմբէթն եւ ճաքած է գագաթնագծից` արեւելքից արեւմուտք:

Գ. Թալա [1] գիւղն, որ մօտ է Ճառին, եղած է հայ, բայց այժմ մահմետական է:

Դ) Դիպան աւերակ գիւղատեղի, որ գտնւում է Ճառի արեւելեան կողմում: Գիւղիս հայ բնակիչներն անճարացեալ լեկզիների անընդհատ աւերմունքներից, փոխարդրւում են Սղնախի կողմն եւ հիմնում մի գիւղ Դիպան անուն` չուզենալով մոռանալ իւրեանց նախնի գիւղի ցանկալի անունը: Բայց թողած են մի եկեղեցի, որ շինուած է երկյարկ, մին բոլորովին գետնափոր եւ միւսն` շինուած նորա վերայ: Գետնափորն ունի միայն մի մուտք վերնայարկի արեւմտեան կողմից իբր գաղտնի դուռն: Երեւի թէ գետնայարկումս պահած են եկեղեցուս զարդերը եւ անօթները աւարառուներից զգուշանալու հեռատեսութեամբ: Վերնայարկն ըստ ամէնայնի ունի Հայաստանեաց տաճարների բոլոր յատկութիւնները: Կամարներն շինուած են կոփածոյ չիչ քարով, իսկ մնացեալներն անտաշ որձաքարով: Բայց այժմ խոնարհած է եկեղեցուս գաւիթն: Տակաւին մնում են գիւղատեղումս ընկուզի եւ շագանակենի ծերունի ծառերն:

Ե) Ճառի հիւսիս-արեւելեան կողմում, լեռների մէջ կայ Բուխովլու անուն հայ գիւղատեղի, եկեղեցի եւ հանգստարան, որի բնակիչներն նոյն պատճառով տեղափոխուած եւ Սղնախի կողմերում հիմնած են Բուխով անուն գիւղը:

Բացի տեղափոխուած հայ գիւղերից, բազմաթիւ են մահմետականութիւն ընդունած գիւղեր, հանգստարաններ, եկեղեցիներ եւ մինչեւ անգամ վանքեր, զորս ձանձրալի համարելով մէջ բերել մի առ մի բաւականանում ենք այս չափով: Միայն յայտնում ենք, թէ մահմետականութիւնն, որ ճգնած է ոչնչացնել քրիստոնէութեան ներքին եւ արտաքին նշանները եւ յիշատակները, ցարդ չէ կարողացած անհետացնել հայկական անունները եւ տիպերը իւր միջից, ինչպէս են Թունիլար, Եաղուբ օղլի, Կարապետ ուշաղի, Պետրոս բաղի, Մալքում երի, Ամիրջան ավի, Արզուման օղլը եւ այլ շատ ազգանուններ:

 

Ճառ քաղաք

Քաղաքս շինուած է Կովկաս լեռնաշղթայի լեռնաբազուկների ծոցն մտած մի երկրալեզու հովտի վերայ, որ փոքր-ինչ թեքուած է հիւսիսից հարաւ: Բնակիչք են հայ, վրացի, մահմետական եւ լեկզի: Պատուական է օդն, կլիման եւ ջուրն: Քաղաքն գրեթէ ծածկուած է գեղեցիկ մշակուած պարտէզներով եւ այգիներով: Առատ է ջուրն տարուան բոլոր եղանակներում, վասն որոյ ջրարբի են բոլոր ցանքսերն, ծառատունկներն եւ բանջարանոցներն եւ առատ` ամէն բերքերն, ինչպէս էին Շաքի քաղաքում:

Ներկայ դարիս Ա քառորդում թէեւ ռուսներից գրաւուած էր Ճառս, Կախաւանն եւ Շաքին, սակայն հիւսիսային սահմաններից դրացին-անգրաւ մնացեալ Դաղստանն, յաճախակի եւ անակնկալ յարձակումներ գործելով Ճառիս եւ Կախաւանի վերայ, վրդովում էր երկրիս խաղաղութիւնը, գործում շատ վնասներ եւ գերի տանում աւազակօրէն բազմաթիւ պատուաւոր անձինք եւ ժողովրդականք: Շեյխ-Շամիլն, դեռ իւր յաղթուելուց մի քանի տարիներ առաջ, անձամբ արշաւեց Ճառիս վերայ այն լեռնային, նեղ ճանապարհով, որ հանում է քաղաքիցս վերեւ եղած լեռն: Բայց երբ 1859-ին գրաւուեցաւ ամբողջ Դաղստանն, այնուհետեւ խաղաղութիւն գտաւ երկիրն:

Ռուսաց կառավարութիւնն շինած է այստեղ ամուր բերդ, ուր մնում է քաղաքապահ զօրքն:

Հայք, որ կազմում են բնակչաց մեծամասնութիւնը, գաղթած են Արցախից, Ագուլիսից, Գանձակից եւ Սղնախից եւ զբաղւում են վաճառականութեամբ եւ ամէն տեսակ արուեստներով: Ունին ս. Գէորգ անուն մի հոյակապ, փառաւոր եւ մեծ եկեղեցի, որ իւր հարաւային դրան ճակատին կրում է սոյն արձանագրութիւնը. «Շինեցաւ եկեղեցիս հայոց 1851 թվին` Զաքաթալու ղարիպական հայոց վաճառականաց տրօքն եւ արդեամբն` անուամբ սրբոյն Գէորգայ զօրավարին ՚ի ժամանակս թագաւորութեան նիկալայ Պաւլովչին եւ ՚ի հայրապետութեան հայոց տեառն Ներսիսի Ե. կաթուղիկոսին. ՚ի ժամանակս սոցա փոխարքայն էր գնեազ Վարանցովն եւ տեղւոյս զօրագլխապետ Ղեներալ Գրիգոր գնեազ Որբելեանովն եւ քահանայն էր Տէր Մարտիրոս Տէր Դանիէլովն եւ թուականն հայոց ՌՅ»:

 

Աւազանի ճակատին

«Յիշատակ է Դաշտեցի Հօհանիսի որթօց Ստեփանօվներին 1851»:

 

Դասի աջակողմեան սեան վերայ

«1852 կանգնեցաւ սիւնս տրօք Կանջեցի Սարգսի, Պօղոսի, Յարութիւնի Շահպարոնեանց ՚ի յիշատակ իւրեանց»:

 

Դասի ձախակողմեան սեան վերայ

«1852 կանգնեցաւ սիւնս ծախիւք Ղարաբաղցի Սարգսի, Դաւթի եւ Մարգարի Բարխուդարեանց ՚ի յիշատակ իւրեանց»:

Մաքուր դիրքի մէջ է եկեղեցին, սեղանն, խորանն, աւազանն եւ անօթներն եւ ունի մի քահանայ, բայց չկարողացանք ստուգիւ իմանալ եկեղեցուս սեպհական դրամագլուխը, արականաց, իգականաց, եւն. ճիշտ թիւը, զի ճառս ստորագրեալ է Թիֆլիսի հոգեւոր կառավարութեան:

Եկեղեցուս մօտ է ս. Վարդանեան տղայոց միդասեան ուսումնարան, որի մէջ ուսանում են 58 աշակերտք, որից թօշակատու` 48, իսկ ձրիավարժ` 10 աշակերտ, վարժապետաց միամեայ ռոճիկ` 964 րուբ.:

Ծուխ` 170, երկար կեանք` 100:

Քաղաքումս արժ. Սեդրակ քահանայ Տէր-Յովհաննիսեան Տէր Մարտիրոսեանցի տանը տեսանք Ներսէս Ե. կաթուղիկոսի մի ինքնագիր նամակը, որը գրած է Նորին սրբազնութիւնն իւր Թիֆլիսում առաջնորդ եղած ժամանակ 1821-ին: Այս նամակով պատուիրում է Մարտիրոս քահանային (որ էր պապ ներկայ քահանային), որ աշխատէ ուսում եւ կրթութիւն տալ իւր որդի Յովհաննիսին, եթէ մտադիր է քահանայ ձեռնադրել տալ: Ապա գրում է վճռաբար. «այլ թէ ոչ` չէ յուսալի առանց ուսման նորա, ըստ առաջին հին սովորութեանց, արժանացուցանել զնա քահանայութեան հանդերձ տգիտութեամբն»:

Հիանալի են այստեղի պտուղներն եւ բերքերն: Արժ. Սեդրակ քահանայի պարտիզում տեսանք մի դդում, որի ծանրութիւնն էր 1 փուտ եւ 10 ֆունտ: Կեղեւն մոխրագոյն է, ձեւն կլորակ, մեծութիւնն զարմանալի եւ քաղցրութիւնն գովելի:

 



[1] Ճառից վերեւ կայ մի լեկզինաբնակ գիւղ, որի գլխաւորի անունն եղած է Զաքարա: Ռուսներն տիրապետելուց վերջն Ճառը փոխած են Զաքաթալա _միացնելով Զաքա կրճատեալ անունը Թալա անուան հետ