Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն առ Յովհաննէս կաթուղիկոսն, ի պատասխանի յապրիլի ԺԷ գրեցեալ թղթոյն, որ ի վաղուց հետէ չգրեալ զգիր առ սրբազան վեհն վասն չգոլոյ երթևեկի, այժմ փափագանօք գրեալ՝ խնդրէր զորպիսութիւնս սրբոյ Աթոռոյս, այսինքն՝ թղթատանն, տպարանին , զշինութեանց հարկաւորաց, և զայլոց այսպիսեաց: Զորս և սրբազան վեհն գրեաց ըստ խնդրոյն, իսկ և՝ ի սուրբ Աթոռս գալ ըղձայր, և գրէր հարկիւ խնդրել զինքն, զի հարկ լինիցի ինձ ասէ և եկից, զի բազում անգամ կամեցայ գալ՝ և խափանեցայ: Առ որ գրեաց թէ՝ երբ և պարապ գտցես և կարիցես գալ՝ ե՛կ: Գրեալ էր և վասն տօնացուցիցն թէ յղեցի յիւրաքանչիւր տեղիս ի վիճակս մեր: Ընդ որ և սրբազան վեհն միամտեցաւ, որ ի վաղուց իմանալ խնդրէր զորպէսն: Թուղթ ևս գրեաց առ Շամախու գանձապետ Գրիգորի որդի Դաւիթն, որ ի Հաշտարխանու անդ եկեալ նոր՝ գրէրզորպիսութիւնս գանձանակին: Զի ի ՌՄԺԳ թուոջն ասէ՝ ըստ քոյդ գրեալ հրամանին, հայրն իմ տուեալ էր Դաւիթ վարդապետին: Իսկ անտի մինչև ցայժմ, գիտես թէ զո՞րքան նեղութիւնս կրեաց քաղաքս և երկիրս իսկ՝ սակս բռնաւորացն ընդ միմեանս բաղխիլոյ, և քաղաքիս տեղափոխութեանն, որոյ սակս և գանձանակն անարդիւն է լեալ, և զեղեալն ևս՝ քաղաքացիքս ի նեղանկեալ՝ պարտք են արարեալ ի հօրէս, և թամասուկ տուեալ, որ է Բ թուման, իսկ յորժամ ես եկի ասէ ի Հաշտարխանու, հայրս վախճանեալ էր, բացի զգանձանակն, և մի այն զայն թամասուկն գտի, զոր և խնդրեցի ի քաղաքացւոցս, և տալոց են: Իսկ՝ զի մի՛ մնասցէ՝ հօրն իմոյ առ այս պարտականութիւն ինչ, Գ թուման ևս ես յինէն դնեմ ի վերայ այսր՝ որ լինիցի Ե թուման, զոր թէ հրամայեսցես ասէ, հասուցից Հաշտարխանու առաջնորդ և նուիրակ Յովսէփ վարդապետին հասուցանել ի սուրբ Աթոռդ, և թէ ո՛չ, ո՛ւմ և կամիս, հրամայեա՛ զի տաց նմա: Եւ սրբազան վեհն գրեաց առ այս զօրհնութիւնս և զշնորհակալութիւնս յոլով, և զայն Ե թումանն պատուիրեաց հասուցանել Գիլանու առաջնորդ և նուիրակ Կարապետ վարդապետին՝ (որ գնաց անդ ի մարտի ԺԵ ). զի նա ի սուրբ Աթոռս հասուսցէ: Եւ զորպիսութեանց սրբոյ Աթոռոյս խնդրէր՝ սմա ևս գրեաց, որպէս և Յովհաննէս կաթուղիկոսին: Եւ զայս թուղթս ևս յղեցաք առ Յովհաննէս կաթուղիկոսն՝ հասուցանել առ նա: Իսկ զթուղթն Յովհաննէս կաթուղիկոսին, նորին թուղթ բերօղ Ծատուրն տարաւ ի մայիս Գ:
      
       Ժողովարարութեան թուղթ սրբազան վեհն ետ Ղափանցի և Բռնակոթ գեօղացի Անտօն անուամբ առն միոյ, որոյ որդին գերի էր անկեալ ի Ղարադաղ ի ձեռս անօրինաց, և Լ թուման գնահատեալ էին: Որոյ Ժ թուման ինքն ճարեալ և տուեալ էր. իսկ զԻ թումանն պարտք էր արարեալ ի տաճկաց և ազատեալ զորդին, և եդեալ ի գրաւի առ պարտատէրն: Ի վերայ Թարվիզու, Խօյայ, Սալմաստու, Որմու, Նախիջևանու, Ղափանու, Սիսեանու, Մեղրու, Ղարադաղու, Շուշու, Խամսու, Շամախու, Շրուանու, Դարբանտու, և շրջակայից նոցին: Ի մայիս Ժ: