Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թիֆլիզու Վանքի եկեղեցւոյ տէր Ղազարն՝ որ գնաց աստի ի մայիսի ԺԴ, հասեալ էր ի Թիֆլիզ՝ և զամենայն թուղթսն յիւրաքանչիւր տեղիսն տուեալ: Զթուղթ Հախպատու Առաջնորդ Աբրահամ վարդապետին ևս իւրեան էին տուեալ: Եւ մինչ գիտացեալ էին զբանագրելն չիք Եսայուն՝ նա ինքն՝ և այլք, ապա՝ նոյն Եսային և Աբրահամ վարդապետն ծանուցեալ էին: Իսկ Արքայն գրեալ էր այժմ զաղերս առ սրբազան վեհն, արձակել զնա: Եւ որ գրեալ էր սրբազան վեհն Աբրահամ վարդապետին ի բաց վարել զնա յինքենէ, այժմ գրէր Արքայն թէ՝ մերո՛վ հրամանաւ առնէ նմա վէքիլութիւն, ի կառավարել զգործսն Հախպատու: Վասնորոյ և սրբազան վեհն գրեաց ի պատասխանի թղթոյն զթուղթ առ Արքայն Հերակլ, և վասն խաթեր նորա ներեաց չիք Եսայուն, գրելով թէ՝ ահա քեզ բաշխեցի զդորին վնասն, և արձակեալ է ի բանադրանացն, թող զիւր կարգն պաշտեսցէ: Զի մեք բանադրանաց գիր ոչ էաք գրեալ առ նա յատկապէս, այլ միայն բարկացեալ էաք, այժմ ահա քեզ բաշխեցի զնորին սուչն: Իսկ և՝ զմէկ թուղթ ևս Աբրահամ վարդապետն էր գրեալ առ սրբազան վեհի սպասաւոր Մկրտիչ վարդապետն, ի չքմեղս լինելով, թէ մեք ո՛չ ազդեցաք Արքային, այլ ինքն Արքայն իմացեալ՝ զթուղթն խնդրեաց և ետես, և զիրիջայս գրեաց առ սրբազան վեհն արձակել զնա, քանզի՝ նորին հրամանաւն առնէ նա մեզ վէքիլութիւն: Եւ խնդրէր սա ևս զի արձակեսցէ զնա սրբազան վեհն: Եւ գրէր ևս թէ կամէր Եսային գալ յոտս սրբազան վեհին, այլ այժմ չեթող Արքայն վասն հարկաւորութեան գործոց վանիցն. յետ քանի աւուրց ես գալոց եմ, և զնա ևս ընս իս բերելոց: Ուստի՝ զթուղթ մի ևս Մկրտիչ վարդապետն գրեաց առ Աբրահամ վարդապետն և պատասխանի թղթոյն ըստ հրամանի վեհին թէ՝ դմա յատուկ բանադրանք չգրեաց սրբազան վեհն, այլ գրեաց թէ՝ մեք զդա ի վաղուց բանադրեալ եմք, դու առ քեզ մի պահեր, այդ ո՞րքան բան էր, որ Արքային ծանուցիք, և աստ իրիջայ գրել ետուք: Արդ՝ ահա վասն խաթեր Արքային ներեաց նմա սրբազան վեհն, և բաշխեաց Արքային զնորին սուչն, և չէ այսուհետև բանադրեցեալ նա: Դու եթէ կամիս առ քեզ պահել պահեա՛ և զի՞նչ գործս կացուցանել կամիս կացո՛: Իսկ որ գրէր թէ գալոց եմ, (որ գայր եպիսկոպոս ձեռնադրիլ ), գրեաց առ այն թէ՝ այժմ մի՛ գար: Զի սրբազան վեհն փոքր ինչ տկարութիւն ունելով՝ գնաց ի յեայլայ, և Դ ամիս աւելի անդ է լինելոց: Եթէ եկեսցես, մնալոց ես դատարկ նստեալ յերկար աւուրս: Ուրեմն՝ առանց մեզ իմաց առնելոյ՝ կամ մինչև մեք քեզ ոչ գրիցեմք, մի՛ եկեսցես: Յղեցան ի ձեռն նոցին յղեալ փայեկին ի յունիս ԺԳ: