Հեղինակ

Բաժին

Թեմա

ԼՃԱԿՆԵՐ

 

Առաջին լճակն գտնւում է Թիֆան-Դաղի գագաթի մօտ հիւսիսահայեաց կողմում: Լճակս շատ մեծ չէ, բայց ունի գեղեցիկ տեսք, քաղցր, սառնորակ եւ ախորժելի ջուր, որ չափազանց խոր է երեւում: Ըստ երեւութին ոչ ջուր է ընդունում արտաքուստ եւ ո'չ ջուր է արտահանում: Ասում են, թէ Գուսար գետի ակն (մեզ ծանօթ մեծ աղբիւրն) ջուրը ընդունում է լճակիցս ստորերկրեայ անյայտ երակով: Լճակումս երեւում է մի ուշագրաւ նշան, որ շատ զարմացնում է այցելուները եւ միանգամայն ենթարկում անվերջ մտածմանց: -Փոքր ինչ հեռուից նայած ժամանակ լճակումս երեւում է մի երկար տախտակ. բայց երբ մօտենում է այցելուն, անյայտանում է տախտակն: Ներկայանում եւ աներեւութանում է միեւնոյն տախտակն լճակիս որ եւ է կողմից դիտած ժամանակ: Բայց թէ ինչ առարկայից է ընդունում լճակն տախտակի պատկերը եւ ներկայացնում այցելուաց ցարդ իմացող եղած չէ այս գաղտնիքը: Երկինքն պարզ եւ յստակ, լճակի շրջակայքում չկան տախտակաձեւ առարկաներ, որ մարդ կարողանայ գոնէ վերջ տալ իւր խորին մտածութեանց մի որ եւ է ենթադրութեամբ: Լեկզիներն գաղտնիքը բացատրում են հետեւեալ աւանդութեամբ:

«Մենք լսած ենք մեր պապերից եւ մեր պապերն իւրեանց պապերից, թէ այս տախտակն Նոյ նահապետի տապանի տախտակիցն է: Տապանն ջրի երեսին շրջած ժամանակ հանդիպում է այս կողմերն եւ սաստիկ քամին փրցնում է տախտակս, ձգում ջրի երեսին: Բայց երբ ցածանում է ջուրն, տախտակս մնում է լճակիս երեսին, որ պահպանում է ինչպէս սուրբ աւանդ եւ պահպանելու է մինչեւ աշխարհիս վերջն: Այս է պատճառն` որ ձուկ չէ գոյանում լճակիս մէջ [1] »:

Երկրորդ նոյն եւ նման լճակ (առանց տախտակի) գտնւում է Ղուբայի գաւառում Նովուր կոչուած ամառանոցում (Քիլվար եւ Խալթան գիւղերի մէջ բարձրացած մի սարի հիւսիսահայեաց լանջի հարթակի վերայ): Այս եւս ջուր չէ ընդունում արտաքուստ, բայց գարնան եղանակում ջուր է տալիս իւր արեւելեան կողմին կցուած փոքրագոյն լճակին: Երկոցունց շրջապատներում բուսած են լեռնային եղեգնաբոյսեր: Անախորժ է ջուրն եւ անըմպելի: Երկոցունց մէջ բացի գորտից եւ կրիայից չկան ուրիշ լողակներ:

Երրորդ լճակն գտնւում է Շամախու գաւառի Մէսարի վանքի հիւսիսային կողմում: Կլորակ է լճակն եւ լի կողակ ձկներով: Արտաքուստ չէ ընդունում ջուր, բայց արտահոսում է: Եղեգուտ է իւր արեւմտեան եւ հիւսիսային կողմերն, իսկ կանաչազարդ` արեւելեան կողմն: Ջուրն անախորժ է եւ ծանր:

Չորրորդն, որ գտնւում է Սաղիան գիւղի արեւելահարաւ հանդէպ, ձորի միւս կողմում, փոքրիկ լճակ է ծածկուած եղեգնով:

Հինգերորդ լճակն, որ ունի մի վերստաչափ երկարութիւն եւ կէս վերստաչափ լայնութիւն, գտնւում է նոյն Սաղիան գիւղի արեւմտահիւսիս կողմում, Փախրաքիւշ շինի մօտ: Լճակս, որ թէ' ընդունում է ջուր եւ թէ' արտահանում, լի է օձերով, գորտերով, կրիաներով եւ տզրուկներով: Լճակիս տեղն խոր փոս է, ջուրն անախորժ եւ վատ, եւ իւր շրջապատն խիստ եղեգնուտ:

Վեցերորդ լճակն գտնւում է Շամախու Կոկիսոն (Գեօգչայ) գաւառում, Կարմախանի գիւղի մօտ: Այս եւս ո'չ ջուր է ընդունում եւ ոչ ջուր արտահանում, բայց քաղցր է ջուրն [2] ։



[1]    Սոյն խօսքերը մենք գրեցինք ո'չ իբրեւ ճշմարտութիւն, այլ իբրեւ աւանդութիւն: Յայտնի է, որ իրական տախտակն չէ կարող աներեւութանալ: Բայց թէ ջուրն ի՞նչ առարկայից է ընդունում տախտակի ստուերը, մնում է գաղտնիք:

[2]    Լճերի շարքում չենք համարում Կուր գետի աջ ու ձախ ափերում լճացեալ ջուրերը, որք լցւում են գետի յորդած ժամանակ եւ ապա ցամաքում ցածացած ժամանակ: