Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

32

Իմ խիղճ գըլուխ, քիզիդ էս ինչ պատահից,
Վուխչ աշխարում ծաղր ու տընազ քի պատից.
Ուրոր փախար, էնթի բախտըտ սոթ տըվից,
Վիրչումն էլ տի'ս, թե վո՞ւնց բեդովլաթ էլար.
Դե էլ յիս ո՞ւմ միղ դընիմ, ինչի՞ց էլավ.
Էս ամենըն հենց իմ էս խի'լքից էլավ:

Աշխարումըս դուն պատվական ու գոված,
Շուշի նըման օսկե ղութումըն պահած.
Աջաբ, հիմի դուն ժեռ քա՞րից իս շինած.
Հանկըրծակի էս ի՞նչ արին, ի՞նչ էլավ.
Դե էլ յիս ո՞ւմ միղ դընիմ, ինչի՞ց էլավ.
Էս ամենըն հենց իմ էս խի'լքից էլավ:

Թաքավուրաց կամքով մեջլիս կանչվողիս,
Թավադներուց միձըրվող ու հարգվողիս,
Կարմիր կաբան արք ու փառքով հաքնողիս
Աբիղայի սիվ քուրձը բաժին էլավ.
Դե էլ յիս ո՞ւմ միղ դընիմ, ինչի՞ց էլավ.
Էս ամենըն հենց իմ էս խի'լքից էլավ:

Բըրինձ էի, գարի դառնալն ինչի՞ս էր,
Յիս աղավնի, նուր լոր դառնալն ինչի՞ս էր.
Ա'սեք, կըրունավուր դառնալն ինչի՞ս էր.
Վայ թե դա հենց իմ անբախտ օրի՞ցն էլավ.
Դե էլ յիս ո՞ւմ միղ դընիմ, ինչի՞ց էլավ.
Էս ամենըն հենց իմ էս խի'լքից էլավ:

Հիմի էնթի, հիռվում, սելիր ին լըծում,
Փռանգըստանու բերած սազիր ին ածում,
Ալթմիշլուղը սանթուրի համա գըցում.
Իմ տունըս էլ էսօր վուր էս խուցն էլավ,
Դե էլ յիս ո՞ւմ միղ դընիմ, ինչի՞ց էլավ.
Էս ամենըն հենց իմ էս խի'լքից էլավ:

Սայաթ-Նովուն դուս մի' անի` պահպանի,
Էլ չի գընա Շահի մոդն ու` Սուլթանի.
Նա միր սուփրի զարթն էր, գոված-անվանի.
Փետե սազով նա գործ տեսավ էնքան լա~վ...
Դե էլ յիս ո՞ւմ միղ դընիմ, ինչի՞ց էլավ.
Էս ամենըն հենց իմ էս խի'լքից էլավ:

(1775-1777)