Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

13

Էսքան «չէե խոսք չէ ունեցի օչով իր դիլդարի համա.
Զուր գլուխըս մահու տվի իմ էս անջիգարի համա.
Քի մոդ քա~նի մարթ իմ ղրգի Հնդու ղալամքարի համա.
Հնդու ղալամքար իմ պտրում զար ու զարբաբ զարի համա:

Մատնիր ունիս` կոկած մումիր, կոսիս քաշած կա փարգարը.
Վի կաց, պարե կաքավի պես, զրնգում է օսկե լարը.
Օսկե կոճակնիր իմ պտրում, հատը չունե լավ զարգարը.
Ազիզ, գի՞դիս, էն ճարում իմ քու էրծաթ քամարի համա:

Միչկըտ բուսած ղարղուղամիշ, բոյըտ վունցոր չինարի ծառ.
Էրեսըտ` մե սիրուն լուսին, գունքըտ գարնան արիվից վառ.
Քի պես գոզալ մի հըրիշտակ ջեր չէ տեսած արար-աշխար.
Թաքավուրնիրն էրնեկ կուտան քու մե հատ դիդարի համա:

Առուտեհան հուսով էկա, քու պատկիրքիտ յիս թամաշա,
Վառ էրեսըտ բաց չը տեսա` վրետ խաս յորղան էր քաշած.
Ի՞նչ անե խիղճ Սայաթ-Նովեն, ջուխտ աչկիրը թաց համաշա.
Գիշիրնիրըն աստղերու պես անքուն, լուսին-յարի համա: