Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

67

Փառք արարչին, գոյ անողին, սիրով սնող-պահպանողին.
Դեռ հող ու ջուր, հայտնի եղա ես էն ոսկի սամանդարին.
Ժամանակը երբոր հասավ, ընկա անհող վաթանի մեջ.
Գուցե տիրոջ կամքըն էր, որ ղալամից ընկա դավթարի:

Երեք ամիսն երբ որ անցավ, հայտնի եղավ մորըս սրտին.
Վեց ամիսըն երբ որ անցավ, սեղմըվեց էն ոսկի գոտին.
Իննը ամիսըն լրացավ, կանչեցի` տերն ինձ ազատի.
Մարմին դառած ես շունչ առա, աչքս բացի լույս աշխարհին:

Մեկ տարեկան, մանկան ուժըս զորավոր յուղիցն եմ գտնում.
Երկու տարուս մեջ, լույս-մայրըս դեռ իր կաթովն է ինձ սընում.
Երեք տարեկան եմ դառնում, դեռ օրոցքիս մեջ եմ քընում.
Չորս տարեկան երբ որ դառա, գետնին հաստատ քայլերս արի:

Հինգ տարեկան, արդեն ազատ լեզու առա, բերան բացի.
Վեց տարեկան երբ որ դառա, նոր ակռեքիս ուժն զգացի.
Յոթ տարեկան, այնքան եղավ, որ ջանք արի ջըրի, հացի.
Ութ տարեկան, գարուն ընկա` աչք ածի նոր ճանապարհին:

Իննը տարիս երբ որ անցավ, դեռ հայտնի չէր, թէ ինչ էի.
Տասը տարեկան էլ դարձա, դեռ գիժ ու միժ կըշրջեի.
Տասնըմեկըս էլ լրացավ, դեռ էնքան էլ խելոք չէի.
Տասնըերկու տարեկանում ինձ հանձնեցին ուստաքարին:

Տասնըերեք տարեկանում իմ արհեստում տըվի, անցա.
Տասնըչորսում, իմ շնորհքով, վարպետս պարգեւ ստացավ.
Տասնըհինգում [շատ ջանք դրի, գիր-ղալամին ընկերացա].
Տասնըվեցըս երբ բոլորեց, ճանաչեցի չարն ու բարին:

Տասնըյոթ տարիս լրացավ, դեռ ես չէի եղել դաստան.
Տասնութ տարիս երբ բոլորեց, տեսա եւ վարդ, եւ վարդաստան.
Տասնըիննը տարեկանում ման եկա Հաբաշ-Հինդուստան.
Քըսան տարուց, էշխի ընկած, լալ կը ծախեմ սովդաքարին:

Քըսանհինգում մեյդան մտած եւ կըլողամ եւ կըթռչեմ.
Երեսունըս երբ լրացավ` աժդահայի պես կը շրջեմ.
Երեսունհինգ տարեկանում լավ կը գրեմ, լավ կը ջնջեմ.
Քառասունումն ամեն ինչըս հասավ մինչ երկնուց կամարին:

Քառասուն եւ հինգից հետո լավ խաբար եմ քչից-շատից.
Հիսուն տարիս երբ բոլորեց, ամոթըն ու արն ինձ պատեց.
Հիսունհինգըս երբ որ անցավ, ահուզարն էլ ինձ չազատեց.
Վաթսունիս մեջ բարեւ տըվին մեծերն իրենց հավասարին:

Վաթսուն հինգից հետո արդեն «ախ ու վախե-ըս է սկսում.
Յոթանասուն տարեկանից աչքերիս լույսն է պակասում.
Յոթանասուն հինգըս անցավ, նորից մանուկ են ինձ ասում.
Ութսունի մեջ - փիրի տվածն անցնում է էնտի աշխարհին:

Ութսուն եւ հինգ տարեկանից ցավը ջանիս մեջ բուն դըրեց.
Իննըսունս երբ բոլորեց` հոգիս մարմնիցըս բեզարեց.
Իննըսունհինգ տարիս հասավ [Գաբրիելն անունս գըրեց].
Հարյուրի մեջ ինքըս հասա հազարամյա մեծ հայրերին:

Հանցավոր եմ, հողեղեն եմ, խիստ մի հիշեք ձեր ծառային.
Կյանքում ո՞վ է անմեղ մընում` սպասեցեք Սողոմոնին...
Ժամանակը երբ որ հասավ, ո՞վ կհարցնի Սայաթ-Նովին.
Այս աշխարհս ընդունայն է` անեծք մարդու էյթիբարին:

1750 թ. հունվարի 3-ին: