Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀԱՄԲՈՅՐ
      
       Նորէն տնակըս եկայ.
       Աղքատ տնակս, որուն սեմեն, ինծի հետ,
       Իրիկունէ իրիկուն,
       Տրտմութիւնը միայն կ՚անցնի։
       Ահա սենեակս, իր մտերիմ, ու գունաթափ որմերով,
       Կաղ սեղանըս, իր փոշիով, լքուած իրի իր թախիծով.
       Ճիշտ դիմացըս, որմին վրայ,
       Մաշած Թոլսթոյ մը, բոպիկ, կը մտմտայ.
       Ու քիչ անդին, իմ հայելին,
       Է՛ն թանկ իրը խցիկիս…
      
       Ամեն գիշեր, դողդոջ ճրագ մը ձեռքիս,
       Անոր առջեւ արձանացած՝ կը յառիմ
       Շրթունքներուս ժպիտին ու աչքերուս գիշերին.
       Ու երբ, լռիկ, ճրագը վար կը դնեմ,
       Ու կէս-մութին մեջ շրթունքներս կ՚երկարին
       Հայելիին մեջէն ժպտող շրթունքներուն՝
       Ցուրտ եւ հպարտ՝
       Ահ, կարծես թէ հոգի՛ս է որ կը համբուրեմ,
       Այդ համբոյրին ո՛չ մէկ համբոյր կը փոխեմ…