Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԿԷՍ-ԳԻՇԵՐ
      
       Ան հիմա կը ննջէ…
       Խուցիս մէջ մենաւոր,
       Հեք սէրըս վիրաւոր՝
       Նորէն զա՜յն կը կանչէ…
      
       Աստղերուն պէս հանդարտ
       Ան հիմա կը ննջէ.
       Ահ, երբե՛ք տեղեակ չէ
       Հսկումիս այս անթարթ…
      
       Ան հիմա կը ննջէ
       Աստղերուն պէս հանդարտ՝
       Մոռցած սէ՛րըս հպարտ.
       Կը ներեմ, ա՜հ, հոգ չէ…
      
       Տէ՛ր, չըլլա՜յ որ տանջէ
       Երազ մը զայն հիմա.
       Երազին մէջ տեսնա՜յ
       Ինչ որ քա՜ղցր ու ջինջ է…
      
       Ու խաղա՛ղ թող ննջէ.
       Թէեւ սէրս վիրաւոր,
       Խուցիս մէջ մենաւոր,
       Նորէն զա՜յն կը կանչէ…