Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԽԵՆԹԸ
      
       I
       Երբ լուռ նստանք, դէմ-դէմի,
       Այն խենթ տղան- որուն նայուածքը, երբ իրիկուն է,
       Կարծես խերթուա՜ծ մըն է թախծոտ, որ սիրտիդ մէջ կը ծորի-
       Այն խենթ տղան, աչքերուս մէջ նայելով,
       Ըսաւ ինծի.
      
       II
       -Ահ, պատմութի՞ւն հոգիիս, տես, ի՜նչ պարզ է.
       Այն առաւօտ նորէն անտառ էի գացեր
       Վայրի ծաղիկ ժողվելու.
       Ես, գիշերը, լուսնին տակ, երազանքի երբ որ նստիմ,
       Ձեռքըս ծաղիկ կ՚ունենամ միշտ՝
       Հատ-հատ, թերթ-թերթ փետտելու.
       Ուստի գացեր էի նորէն, այն առաւօտ,
       Այն մեծ ու մութ անտառին մէջ,
       Վայրի ծաղիկ ժողվելու.
       Ու զա՛յն գտայ…
       Ահ, «ո՞վ էր ան», կ՚ըսես հարկաւ.
       Կեցիր, կարգաւ։
      
       III
       Այդ աղջիկը, աւազանի մը վրայ հակած,
       Զուարթ երգ մը շրթունքին,
       Ձեռքի փայտով թիթեռնիկ մը կը խեղդէր.
       Ես իր դեմքը չէի տեսներ.
       Ա՜, գթացի հեք միջատին.
       Այնպէ՛ս ճերմակ թեւեր ունէր,
       Կարծես կոյսի մ՚հոգին ունէր…
       Ուստի շտապ-շտապ գացի դեպ անծանօթ անգթուհին,
       Ու երբ հասայ՝
       «Խնդրե՛մ», ըսի՝ դող ելած,
       -Երեսներըս, վստահ եմ, ճերմակ էին յուզումէս-
       «Խնդրե՛մ», ըսի, «այդ խաղը շուտ կեցուցէք.
       Չէ՞ք տեսներ, հէք թիթեռնիկ մ՚է,
       Այդ մութ ջուրին մէջ խեղդել զայն մե՛ղք, մե՛ղք է,
       Այնպե՛ս ճերմակ թեւեր ունի.
       Կարծես կոյսի մ՚հոգին ունի…»։
      
       IV
       Փայտը քաշեց, երգը կտրեց.
       Լուռ, աչքերուս նայեցաւ…
       Ահ, ես մեռա՛յ իմ յուզումէս,
       Այնպէ՜ս անոյշ աչքեր ունէր,
       Կարծես վարդի մ՚հոգին ունէր…
       Լուռ, կը նայէր.
       Աչքը մեղմիւ կը քթթեր, կը մտածէր.
       Յանկարծ լայն-լայն ծիծաղեցաւ,
       Ու ձայնով մը որ նուագ մ՚էր, այնպէ՛ս խորունկ,
       Անտառին մէջ այնպէ՜ս խորունկ՝
       Ըսաւ ինծի .
       «Ա՛ռ, ա՛ռ, քեզի՛
       «Շնորհ ըրի.
       «Ա՛ռ, ա՛ռ, քեզի՛,
       «Թիթեռը քեզի՛…
       «Իսկ դուն ինծի,
       «Այս նուէրիս փոխարէն,
       «Տժգոյն տղայ, սրտիդ խորէն,
       «Ի՞նչ պիտի տաս…»։
      
       V
       Վայրի ծաղիկ ունէի,
       Գոյն-գոյն, սիրուն, այնպէ՛ս սիրուն.
       Ուստի հատ մը տուի - խնդաց…
       Յետոյ երկու հատ - խնդաց…
       Յետոյ բոլորը, բոլորը տուի…
       Չառաւ, խնդաց…
       «Ահ, ի՛նչ քիչ է, տժգոյն տղայ.
       «Վայրի ծաղի՜կ միայն ինծի.
       «Տես թիթեռդ, շիւղի մը վրայ,
       «Նորէն կեանքին պիտի դառնայ.
       «Այնպէ՛ս ճերմակ թեւեր ունի,
       «Կարծես կոյսի մ՚հոգին ունի…
       «Վայրի ծաղի՜կ միայն կու տայ.
       «Քի՛չ է, քի՛չ է, տժգոյն տղայ…»
       Այսպէս հծծեց.
       Ալ իր ձայնը մութ հծծիւն մ՚էր.
       Աչքերուն մէջ ի՜նչ նուաղանք կար երբ կ՚ըսէր.
       «Տժգո՛յն տղայ, տժգո՛յն տղայ»։
      
       VI
       Երկու ձեռքերս միացուցի.
       «Բայց ես ուրիշ ոչի՛նչ ունիմ,
       «Ես գիւղին մէջ աղքատ քերթող մ՚եմ», ըսի.
       «Ցերեկը, մութ անտառին մէջ տրտում երգեր կը հիւսեմ,
       «Ու գիշերը, աստղերուն տակ, երազանքի երբ կը նստիմ՝
       «Վայրի ծաղիկ կը փնտռեմ.
       «Ես գիւղին մէջ աղքատ, լքուած քերթող մ՚եմ…»
       «Դու քերթո՞ղ ես, աղքա՞տ, լքուա՞ծ,
       «Դու ցերեկը անտառին մէջ լուռ պառկած՝
       «Երգե՛ր, երգե՛ր կը հիւսե՞ս…
       «Ու գիշերը,
       «Հիւանդ տղու, անոյշ տղու այդ աչքերով
       «Աստղերուն տակ կ՚երազե՞ս…
       «Ահ, ի՛նչ լաւ է.
       «Քերթո՛ղ է.
       «Աղքատ, լքուած, մութ աչքերով քերթո՛ղ է…»
       Այսպէս ըսաւ. ու ծով մ՚հեշտանք աչքերուն՝
       Թեւերը լայն-լայն բացաւ…
      
       VII
       Այդ թեւեր՜ը…
       Ինչէ՞, ինչէ՞ էին շինուած…
       Մանիշակէ՞, ձին յասմիկէ՞.
       Ու շրթները կարմիր վարդէ՞, բոցէ՞, սերէ՞…
       Այնպէ՜ս թախծոտ աչքեր ունէր,
       Կարծես աստղի մ՚հոգին ունէր…
       Ահ, ես հիմա կը մտածեմ թէ ինչպէ՛ս հոն չմեռայ՝
       Երբ այդ ծաղի՛կ բուրող, ձիւն-ձիւն իր թեւերով
       Գերի վարեց վիզըս ծիւրած,
       Եւ իր վարդէ հիւսուած բոց-բոց շրթունքներով՝
       Նախ մազերըս, յետոյ աչքերս, յետոյ շրթներս համբուրեց…
       «Տժգո՛յն տղայ», կը հեծեծէր ականջիս,
       «Ճերմակ թեւով իմ թիթեռիս փոխարէն
       «Աղքատ տղու, քերթող տղու
       «Սիրտըդ, սի՛րտըդ ինձ չե՞ս տար…»։
      
       VIII
       Ըսէ տայի՞, չտայի՞.
       Ինչպէ՞ս, ինչպէ՞ս չտայի…
       Մի՛ մոռնար թէ մինակ էինք անտառին մէջ.
       Այնպէ՛ս լուռ էր, այնպէ՛ս մութ էր…
       Եւ յետոյ մի՛ մոռնար, խնդրեմ,
       Թէ ի՛նչ գինով կախարդանքով
       Հիւանդ հոգիս կ՚օրօրէր…
       Այնպէ՜ս խորունկ աչքեր ունէր,
       Կարծես ծովի՛ մ՚հոգին ունէր…
       Ուստի տուի.
       Լայն-լայն խնդաց, երբ տուի…։
      
       IX
       Այնպէ՛ս մռայլ աչքեր ունէր,
       Կարծես վագրի մ՚հոգին ունէր…
       Ահ նայուա՜ծքը, այդ նայուա՜ծքը.
       Կախարդ՝ լուսնակ ցայգի պէս,
       Անգութ, հեգնող՝ մահուան պէս…
       Լայն-լայն խնդաց ու ըսաւ.
       «Տժգոյն տղայ, դու թիթեռը փրկեցիր.
       «Ի՜նչ լաւ ըրիր.
       «Ու փոխարէն սիրտըդ տուիր.
       «Ի՜նչ լաւ ըրիր.
       «Չէիր գիտեր, հարկաւ, չէ՞,
       «Թէ, ինձ համար,
       «Սիրտդ ալ ուրիշ թիթեռ մ՚է…
       «Ահ, տեսնենք ո՞վ պիտի փրկէ,
       «Երբ մեծ ծովին - այն մո՜ւթ ծովին -
       «Մէջ խեղդելու տանիմ զայն.
       «Գիտես հարկաւ, այն մեծ ծովին
       «- Սէր - է անունը, քերթո՛ղ մթին,
       «Այն մու՜թ ծովին, խորո՜ւնկ ծովին…։»
      
       X
       Այսպէս ըսաւ, սիրտըս առաւ, հեռացաւ,
       Անտառին մէջ կարծես ծիծաղ մը անցաւ.
       Մայրիներուն հետ երբ մինակ մնացի,
       Կարծես յիմար ըլլայի,
       Քրքջացի ու լացի, քրքջացի ու լացի…
       Յետոյ, հիւանդ, աչքըս հողին,
       Գացի նստիլ տանըս սեմին.
       Ու, թէեւ աստղ չէր երեւեր,
       Հոգիս աւեր՝
       Ծաղիկներուն հետ սկսաւ խաղը մթին…
       Երազի տեղ ան լոկ մոմո՞ք ունէր հիմա.
       Ու մինչ թերթ-թերթ, ծունկերուս վրայ,
       Հէք ծաղիկները կ՚իյնային՝
       Կը խորհէի մութ անտառին
       Ու աղջկան…
       Ահ, ես որքա՜ն
       Լացի այդ օր,
       Խոր, այնպէ՛ս խոր…։
      
       XI
       Ահա՛, ահա՛,
       Այդ տարօրէն առաւօտէն մինչեւ այսօր,
       Ալ ո՛չ մէկ օր,
       Անտառին մէջ տրտում երգեր կրցայ հիւսել.
       Ո՛չ մէկ գիշեր, աստղերուն տակ, ալ երազանք…
       Շո՛ւտ մը անցաւ,
       Ու որքա՜ն ցաւ…
       Ամէն րոպէ ինձ կը թուի թէ կը խեղդուիմ
       Այն մե՜ծ ծովին մէջ ինկած.
       - Սէր - է անունը, գիտե՛ս հարկաւ
       Այն մո՛ւթ ծովին, խորո՜ւնկ ծովին.
       Եւ այն աղջիկը ափունքին,
       Զուարթ երգ մը շրթունքին,
       Կը ծիծաղի…
       Կը հեծեծեմ. այնպէ՛ս, այնպէ՛ս կ՚աղերսեմ.
       Բայց ան կրկին,
       Զուարթ երգը շրթունքին՝
       Կը ծիծաղի…։
      
       XII
       Միայն այն չէ
       Որ կը տանջէ
       Իմ խեղճ հոգին
       Այսպէս ուժգին…
       Տես, ծառե՛րն ալ, ալիքնե՛րն ալ ծիծաղ ունին.
       Մանաւանդ սա երկնքին վրայ,
       Ուր ամպեը մայրամուտին կը տժգունին՝
       Տես, տես, ինչպէ՞ս կը քրքջայ
       Ամէն մէկ գոյն
       Մահուան հանգոյն…
       Ամէն իրէ
       -Մտիկ ըրէ -
       Նոյն բառն է որ դուրս կը թափի.
       «Հէ՜ք տղայ. զո՛ւր կը տառապի,
       «Իրեն ափունք չկայ կրկին,
       «Կորսուա՜ծ է խաղը կեանքին…»։
      
       XIII
       Այն խենթ տղան այսպէս պատմեց
       Պատմութիւնը իր հոգիին.
       Երբ աւարտեց,
       Ելաւ ժայռէն՝ ուր ժամերով նստեր էինք
       Ծովուն դիմաց,
       Եւ, աչքերը սիրտ բզկտող շլմորանքով մը մշուշուած,
       Ծիծաղելով ու լալով՝
       Երեսներըս համբուրեց…
       Նոյնքան տժգոյն, ես ճակատըս հակեցի,
       Ու, երկիւղած,
       Կարծես փլած սրբարանի մ՚առջեւ յանկարծ ըլլայի՝
       Իր դեղնած ձեռքն համբուրեց…։