Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՄԻԱՍԻՆ
      
       Այս իրիկուն,
       Մեծ ժայռի մը գիշերին տակ ապաստանած,
       Սիրածիս հետ քով-քովի,
       Արձաններու պէս անշարժ,
       Դատարկութեան կը նայէինք…
      
       Մութ շառաչը լուրը ծովին,
       Ատեն-ատեն, հեռուէն,
       Կոծկոծումով մ՚այնպէ՛ս ուժգին
       Որ մեր հոգին կը սարսէր՝
       Մեր գիշերին կը հասնէր…
      
       Հով կար հեռուն, կը զգայինք.
       Հով մը՝ որ շա՛տ կը տանջուէր մեծ Խռովքէն,
       Եւ իր կարգին կը տանջէր.
       Այդ մեզ կ՚ըսէր
       Մութ շառաչը լուրթ ծովին…
      
       Ատեն-ատեն լուռ կը ժպտէր.
       Ըսել կ՚ուզէր թե կը սիրէր
       Մութ շառաչը-այդ հառաչը - լուրթ ծովին,
       Եւ ինք ալ մեղմ կը հառաչէր…
      
       Ես այն ատեն, կէս նուաղած աչքերով,
       Գլուխըս իր ուսին վրայ կը լքէի,
       Ու ցած, շատ ցած, կ՚ըսէի.
       -Ի՜նչ հեշտագին է տրտմութիւնը կեանքին…
      
       Լուռ, կը հակէր մազերուս վրայ,
       Հիւանդ տղու իր շրթներով.
       Ու չեմ գիտէր
       Կ՚արտասուէ՞ր, կ՚երազէ՞ր, կ՚աղօթէ՞ր…
      
       Ու դեռ երկար րոպէներ,
       Այդ մեծ ժայռին գիշերին տակ,
       Արձաններու պէս անշարժ,
       Հիւանդ տղու իր շրթները մազերուս,
       Խոնջ գլուխըս իր ուսին՝
       Դատարկութեան կը նայէինք…
      
       Մինչ հեռուէն,
       Մութ շառաչը լուրթ ծովին
       Անդուլ կ՚երգէր
       Խոր տրտմութիւնը կեանքին…