Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀՈՎՈՏ ԳԻՇԵՐ
      
       Մոմըս տակաւ կը մարի,
       - Հոգիս դատա՛րկ է նորէն -
       Գիշերուան հովն ուժգնօրէն
       Հին ցաւերուս կը փարի...
      
       Մտածումներս կը հատնին.
       - Հոգիս դատա՛րկ է նորէն -
       Ցուրտ բարձերուն ծայրերէն
       Ցաւոտ յուշեր կը ծընին...
      
       Սիկառս յուշիկ կը սպառի.
       - Հոգիս դատա՛րկ է նորէն -
       Կապոյտ ծուխը հեղգօրէն
       Կ՚երազկոտի, կը ցնդի...
      
       Միտքըս ՈՉին կը յարի.
       - Հոգիս դատա՛րկ է նորէն-
       Գիշերուան հովն ուժգնօրէն
       Ա՛լ ցաւերուս թող փարի,
      
       Մոմըս տակաւ կը մարի...