Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՆՈՐ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ
      
       Վերադարձայ.
       Գացեր էի նորէն հոն,
       Ուր շատ ատեն, մայրամուտին, կ՚երթամ հիմա,
       Ժպիտիտ հետ,
       Մեռնող գոյները դիտելու…
      
       Վերադարձայ.
       Եւ ահա, նորէն,
       Ինչպէս ամէն իրիկուն,
       Երանութիւնն անմեկնելի, թախծագին
       Հոգիիս մէջ ծո՛վ կ՚ըլլայ…
      
       Օ ի՜նչ հեշտին վայելք է այս.
       Ահա արցունք մը կը սահի երեսս ի վար,
       Կարծես գացած ըլլայի ես, րոպէ մ՚առաջ,
       Մայրամուտի սա աստղերը համբուրելու…
       Եւ աղօթե՜լ կ՚ուզեմ կարծես…
      
       Իրաւ, այնպէ՛ս, այնպէ՛ս խաղաղ եմ հիմա,
       Եւ այնպէս քա՛ղցրօրէն տրտում՝
       Մայրամուտէն աւելի՜,
       Մահուան համբոյրը առնող
       Սա թոյրերէն աւելի՜…
      
       Ա՜հ, իմ հոգին…
       Իմ լուռ, հպարտ, անսեր հոգին…
       Այնպէ՛ս, այնպէ՛ս կը սիրեմ զայն,
       Իմ այս հոգին, այս մութ հոգին…
      
       Տակաւ լի՜ճ մը կը դառնայ ան,
       Մութ-լուսնալոյս գիշերներու մէջ նիրհող.
       Լիճ մը՝ որուն ջուրերուն վրայ
       Աստղ ու ստուեր կ՚եղբայրանան…
      
       Այնպէ՜ս, այնպէ՜ս կը ժպտի ան
       Արտասուքիս պայծառութեանը մէջէն,
       Կարծես երկա՜ր, երկա՜ր ըմպած ըլլար ան
       Տրտմութեան ջինջ աղբիւրներէն…
      
       Ո՛չ մէկ սին տենչ.
       Գերեզմաններն այնքան խոր չեն
       Որքան իմ մութ հոգիիս մէջ՝
       Գերեզմանը հին օրերու պատրանքներուս…
      
       Հիմա ոչինչ, ոչինչ, ոչինչ.
       Ալ ամէն բան ջնջած եմ.
       Միայն ժպիտ մը պահած եմ
       Այս գունաթափ շրթունքներուս…
      
       Նոր արցունք մը ահա կ՚իջնէ այտս ի վար.
       Ինձ չի՞ բաւեր, աստղերուն տակ,
       Ժպիտիս հետ,
       Այս արցունքը, որ լռիկ,
       Իմ հոգիէս, մութ հոգիէս կը հոսի…։