Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՓԱԽՈՒՍՏ
      
       I
       Շատ ատեն էր՝ չէի տեսեր
       Իմ սիրականս, ծովի ափին.
       Տժգոյն-կապոյտ աչուըներով,
       Վարդ հոգիով
       Իմ սիրականս չէի տեսեր, ծովի ափին.
       Չէի տեսեր ու ա՛լ տեսնել չէի ուզեր այս աչքերով,
       Այս ցուրտ, մութ-մութ աչքերով,
       Ու փլատա՛կ այս հոգիով…
       Ի՜նչ աչքերով, ի՜նչ հոգիով, հին օրերուն,
       Մութ-լուսանալոյս գիշերներու աստղերուն տակ՝
       Տեսեր, սիրեր ու համբուրեր էի հոգին՝
       Ծովի ափին…
       Ուստի ուխտեր էի ես ա՛լ
       Չմօտենալ
       Տժգոյն-կապոյտ աչուըներով սիրականիս։
      
       II
       Իրիկուն մը, ծովի ափին,
       Իմ սիրականս տեսայ սակայն…
       Տրտում-տրտում կը քալեր ան,
       Աչքը գետնին,
       Ծովի ափին…
       Օ աւելի՜ մեծ ու շքեղ էր քան առաջ.
       Ծաղի՛կ մըն եր, նուա՛գ մըն եր, երկի՛նք մըն էր կարծես մթին՝
       Ուրկէ շիթ-շիթ քաղցրութիւններ վար կը կաթին…
       Երբ զիս տեսաւ՝ այնպէ՜ս, այնպէ՜ս տժգունեցաւ,
       Բայց ժպտեցաւ…
      
       III
       Հին հոգիիս կը մտածեր.
       Կը մտածէ րմութ-լուսնալոյս գիշերներուն,
       Համբոյրներուն՝
       Որ հոգիէս,
       Գանձերու պէս,
       Իր հոգիին
       Կը տրուէին,
       Ծովի ափին…
       Կը մտածէր երազներուն,
       Զոր ես ամեն մէկ իրիկուն,
       Նուաղանքով աչքըս լեցուն,
       Կը պատմէի՝
       Երբ կ՚երթայինք, ձեռքըս մեջքին,
       Ծովի ափին…
      
       IV
       Դեռ չե՜ր գիտեր թէ ի՜նչ հովեր էին անցեր իմ հոգիէս.
       Աչքերս դեռ չեր տեսեր…
       Տժգունեցայ, կարծես սաստիկ հիւանդացայ….
       Ուստի շուտով,
       Դողդղալով.
       Ծովուն դարձայ.
       Մեծ ալիք մը դէպի ծովափ կը վազէր.
       Նախ կարծեցի թե ամէն ինչ երազ էր.
       Յետոյ, յանկարծ, տղու մը պէս հեծեծելով,
       Ձեռքս աչքերուս գիշերին դէմ գոցեցի,
       Եւ սկսայ վազե՛լ ուժգին
       Ծովի ափին…