Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԵՐԿՈՒ ԱՒԵՐԱԿՆԵՐ
      
       I
       Հին օրերուն,
       Երբ դեռ սիրտըս վարդի մը վես փթթումն ունէր,
       Ու երազը դեռ աչքերուս հոյլ-հոյլ քերթուած կը ծորէր,
       Հին օրերուն,
       Լիբանանի շոճիներուն կախարդանքը արիւնիս մէջ՝
       Ես կ՚երթայի Պաալպեքի աւերակները դիտելու։
       Ի՜նչ մռայլ փառք էր, ի՜նչ հեթանոս շքեղանք,
       Արեւելեան մայրամուտի կանանչ-բոսոր շողերուն տակ,
       Փռուած անոնց կիսակործան սիւներն ի վար.
       Ի՛նչ լուսեղէն, մեծվայելուչ քերթուած էր այդ՝
       Կանանչ-բոսոր շողերուն տակ…
       - Չկա՛յ, չկա՛յ - կը խորհէի, հիացումի արցունքներով,
       - Այս կործանած պալատներուն փառքն ունեցող
       Չկա՛յ, չկա՛յ…
       Ու, Գեղեցկին ես սիրահար ու միամիտ պատանի՝
       Մութ նախանձի մ՚անմեկնելի գալարումը կ՚ունենայի
       Այդ քարերուն հանդեպ տրտում, ջարդուած…
      
       II
       Հին-հին օրերը անցան.
       Սիրտըս ոչ եւս վարդի մը վես փթթումն ունի.
       Ալ երազը աչքերուս մեջ հոյլ-հոյլ քերթուած չի ծորեր.
       Եւ ալ չ՚երգեր, արիւնիս մեջ,
       Կախարդ երգը Լիբանանի քնարերգակ շոճիներուն.
       Հին-հին օրերը անցան…
       Հիմա, սակայն, շատ իրիկուն,
       Երբ կը քալեմ այս գունաթափ երկնքին տակ,
       Ու կը խորհիմ, այնպէս յանկարծ,
       Պաալպեքի հին, կործանած պալատներուն՝
       Ալ չեմ ըսեր.
       -Չկա՛յ, չկա՛յ անոնց մռայլ փառքն ունեցող.
       Ալ չեմ ըսեր, ինչու որ կա՛յ…
      
       III
       Ահ, հոյակա՜պ քերթուածը իմ հոգիիս,
       Իմ աւերակ, իմ քարուքանդ հոգիիս…։