Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԳԻՇԵՐԱՄՈՒՏ
      
       Օրը հատաւ.
       Երկնքին վրայ,
       Մայրամուտի ծիրանեգոյն հուրիներն իսկ,
       Մութ ձեռքէ մը կարծես յանկարծ դաշունահար,
       Արիւնելէն, արիւնելէն նուագեցան…
       Օ գրեթէ գիշե՛ր է ալ.
       Հոծ-հոծ ամպեր, գինովութիւնն իրենց թօթուած,
       Կարգաւ - կարգաւ կը հագնին,
       -Պատուիրակները ըլլային կարծես մահուան -
       Գիշերային իրենց մռայլ արշաւին
       Պարեգօտը անդունդի գոյն…
      
       Հեռուն, հեռուն, ե՛ն հեռուն,
       Հիւծախտաւոր կապոյտէ մը ահա յուշիկ կը ծագի
       Պզտիկ աստղս, ի՛մ աստղս.
       Այն՝ որ նուէր եմ ստացեր,
       Հին օրերուն,
       Լուրթ, մշուշոտ գիշերի մը անդորրին մէջ,
       Տժգոյն վարդի մը նմանող այն հոգիէն…
      
       Իրաւ, աղո՛ւոր գիշերամուտ,
       Հով մը չկայ, հեւք մը չկայ.
       Երա՞զ է…
       Մեղկ ջերմութիւն մ՚ահա հեշտին,
       Յամր-յամր, այտերս ի վար կը տարածուի.
       Արցո՞ ւնք է…
      
       Ուշ գիշեր է, ալ երթամ.
       Ահա ճամբան՝ ուրկէ եկայ.
       Մութ-մութ ճամբան, աշուն բուրող այդ ճամբան,
       Որուն երկու եզրը հիմա հարկաւ եկած, բռնած է,
       Քրոջ մը պէս տրտմագին,
       Խաղաղութիւնը լքումին…
      
       Ահ, իրաւ է թէ գիշեր է , երթամ, երթամ,
       Հիւանդ բոցով իմ ճրագս վառելու.
       Յիտոյ նորէն, ինչպէս ամէն իրիկուն,
       Ցուրտ սեղանիս վրայ ինկած,
       Ու ճակատըս ձեռքերուս մէջ՝
       Մտածեմ…
      
       Մտածեմ՝ խաղաղօրէն ու անսահման բարութիւնով,
       Տժգոյն վարդի մը նմանող այն հոգիին՝
       Որ լուրթ, մշուշոտ գիշերի մը անդորրին մէջ
       Ինծի աստղ մը նուիրեց ու գնաց.
       Գնաց, առանց ետ նայելու.
       Ո՞ւր է հիմա, իրաւ, ու՞ր է.
      
       Երա՛զ է…
       Մեղկ ջերմութիւնն ահա նորէն դէմքըս կ՚այրէ.
       Օ արցո՛ ւնք է , գիտեմ, հեղեղ մ՚արցունք է
       Զոր հոգիս դուրս կը թափէ
       Տրտմութիւնըս խաղաղութեամբ օծելու,
       Իրաւ, իրաւ, երա՜զ է…
      
       Ճամբայ իյնամ, ալ երթամ,
       Ինչպէ՜ս տժգոյն եմ, երթամ.
       Երթա՞մ, իրա՞ւ, ու՞ր երթամ.
       Ինչո՞ւ, ինչո՞ւ դիմել նորէն
       Անյուսութեանը մենաւոր այդ տնակին,
       Ուր յուշե՛ր լոկ, օձերու պէս, կը բնակին…
      
       Չէ, չէ, չերթամ.
       Տես, ի՛նչ անդորր գիշեր մ՚է որ կը հոսի
       Անհունութեան ճամբաներէն…
       Հո՛վ մը չկայ, հե՛ւք մը չկայ.
       Պառկիմ, մեռնիմ քարի մը վրայ…