Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՐՇԱԼՈՅՍԸ ՄԻՆՉԵՒ ԾԱԳԻ…
      
       I
       Ձեռքէն բռնած՝ ցորենի արտը տարի զայն.
       Ուշ գիշեր էր, մութ ու լռին ու ամպոտ.
       Տուներն, հեռուն, ուրուականներ էին լոկ.
       Միայն, հոս-հոն, քանի մը ճրագ,
       Կարծես մոռցուած մարելու,
       Հոկումի ցուրտ տրտմութիւնը կ՚ապրէին դեռ.
       Ու քիչ անդին,
       Պատէ մ՚առկախ՝ հսկայ լապտերը ճամբուն,
       -Հիւա՞նդ էր թէ սաստիկ յոգնած՝ միշտ լոյս լալու ձանձրոյթէն-
       Քենոտ, թախծոտ կը մտմտար…
       Ու հով մ՚ուժգին, այդ մութին մէջ,
       Կարծես հազար բազուկներու տէր ըլլար,
       Հեք ու խոնարհ ցորեններուն վրայ կ՚իյնար
       Ու խեղդելու կ՚աշխատեր…
      
       II
       Այն՝ զոր այդ արտն էի տարեր՝
       Աղջիկ մըն էր, քնքուշ, անդորր,
       Եւ որ կապոյտ ապրումներու ճաշակն ունէր.
       Այդ զգացեր էի իր մութ, խորունկ-խորունկ աչքերէն…
       Դեռ նոր էի ճանչցեր զայն,
       Հազիւ ինծի հծծեր էր դեռ, այդ իրիկուն,
       Նոճիի մը բունին քով,
       Աչքերը լի գիշերով,
       Թէ զիս սաստիկ կը սիրեր…
       Ես այն ատեն իր ձեռքերը ձեռքերուս մեջ էի առեր,
       Եւ է՛ն անմեղ նայուածքովս աչքերուն մէջ նայելէն,
       Նոճիին սեւ շուքին տակ,
       Հոգիիս վէպն էի պատմեր.
       Կը խորհէի թէ զիս խենթ մը պիտի կարծեր ու լքեր…
       Բայց երբ վեպը աւարտեր ու հարցուցեր էի իրեն.
       -Ըսէ՛ հիմա, զիս կը սիրե՞ս.
       Արցունքն աչքէն հեղեղի պէս յորդելով՝
       Կուրծքիս վրայ ինկեր ու լուռ լացեր էր…
      
       III
       Ուժգին, ուժգին, հովը վայրի,
       Կարծես հազար բազուկներու տէր ըլլար,
       Հեք ու խոնարհ ցորեններուն վրայ կ՚իյնար
       Ու խեղդելու կ՚աշխատէր…
       Երբ յամրօրէն ընկղմեցանք
       Ցորեններուն անոյշ, կրկնակ գիշերին մէջ՝
       Յոգնած գլուխը ուսիս վրայ մեղմիւ դրաւ,
       Ու ցած հարցուց.
       -Ալ հիմա ի՜նչ պիտի ընենք…
       Սաստիկ հիւանդ էր, զգացի,
       Իր ձայնին մէջ կարծես հոգին կը հատնէր.
       Իրեն ըսի.
       -Գլուխդ այդպէս ուսիս վրայ,
       Արշալոյսը մինչեւ ծագի,
       Պիտի լռենք…