Պատմագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Յաղագս Թեմի եւ վիճակի վանացս:


Ջանիւ եւ յօժարութեամբ մտեալ եմ յասպարէզ բանիս` առ ՚ի ցուցանել եւ յայտ բերել ստուգութեամբ սակս յառաջիկայ գործոյս: Եւ զի փոքր ՚ի շատէ ծանուցաք զշինօղ վանացս, եւ զանուանսն նորա: Եւ այժմ կամիմ յուշ առնել զթէմ եւ զվիճակ սորա` թէ' ՚ի գրոց պատմութեանց, թէ' յարձանաց, թէ' ՚ի լրոյ համբաւոց` համառօտեցից. զի մի' վարկպարազի լիցի զաշխատանս իմ: Նախ ասացից ՚ի համբաւոյ` զոր լուայ ՚ի նոյն Առաքել վարդապետէ: Զի ասէր, թէ յետ շինելոյ սուրբ Կարապետին, գրեաց կոնդակ սուրբ Լուսաւորչին, եւ հաստատեաց կանոնաւ, զի յԵրասխաձորոյ մինչեւ ցՀուրաստան գետ` լինել թէմ բաժնի վանացս: Այլեւ ծեր Եպիսկոպոս մի կայր ՚ի վանքս` Յովհաննէս անուն` Կարբեցի` մականուն Գայլ, որ ժամանակ ինչ Առաջնորդ լեալ էր վանացս, ճարտար տօմարագէտ: Նա ասէր` թէ մեծ Կոնդակ գիրք մի կայր ՚ի վանքս, զի ՚ի սրբոց Թարգմանչացն մինչեւ ցմեզ ամենայն Առաջնորդաց անուանքն եւ արարմունքն, եւ զոր ինչ յիշատակ տուած էր ՚ի նոցունց ժամանակաց, զամենայն գրեալ կայր անդ, եւ զկէսն առանց գրելոյ թուղթ, զի յետին առաջնորդքն գրեսցեն զանուանս եւ զարարեալս իւրեանց: Զայս կոնդակն կայր` ասէր` մինչեւ զմեզ: Եւ յորժամ Ջալալիքն աւար առին վանքս, զայն կոնդակն անյայտ եղեւ. ոչ գիտեմք` թէ նոքա՞ տարին` թէ այլք: Այլ զի'նչ եւ իցէ` անյայտ եղեւ: Ի մէջ այնմ գրքի գրեալ էր` ՚ի Քասաղ գետոյ մինչեւ ցԱխուրեան գետ` թէմ եւ վիճակ լեալ սուրբ Կարապետիս: Այսքանս ՚ի Գայլէն: Երէց մի Վարդան անուն` ՚ի գաւառէն Նգայ` ՚ի գեղջէն Վարդաբլրոյ` արուեստիւ քարահատ, ասէր, ես ուսանէի ՚ի Յօհանավանք. բազում անգամ գնացի ՚ի Շիրակաւան, եւ հաս եւ իրաւունքն ժողովեալ բերէի ՚ի Յօհանավանք: Այս Վարդան երէց զամենայն անուանս Ապարանու գեղորէիցն ասաց հայերէն, եւ ես գրեցի: Այր մի բարեպաշտօն` Գալուստ անուն` ՚ի գաւառէն Ապարանուց` ՚ի գեղջէն Վարդենուց, (ասէ) ես ընդ Գրիգոր վարդապետին` որ էր Առաջնորդ Յօհաննու վանից, ՚ի Շիրակայ բերեալ եմք զպտղին եւ զսրբադրամն, զիւղն եւ զպանիր, եւ զամենայն հասն վանիցն ՚ի Յօհաննավանք` սայլիւ մինչեւ ցՈրդկան` որ ասի Սէլախրամ, եւ անտի գրաստով տարեալ եմք ՚ի վանքն, վասնզի ես մշակ էի վանացն: Մարգարէ անուն ոմն ՚ի Նգայ, ՚ի գեղջէն Աբնագեղոյ` ասէր, մեք բնակէաք ՚ի Ճարճակիս գեղ, եւ հայր իմ անդ մեռաւ, եւ հոգեբաժին նորա տարաք ՚ի Յօհանավանք` ճրագակալ մի` հինգ աչքի, եւ տուաք Գրիգոր վարդապետին: Եւ դեռ եւս կայ ՚ի վանքս, եւ պահեմք զնա վասն վկայութեան: Թորոս ոմն ՚ի Նգայ` ՚ի Խոտավիտ գեղջէ, այր շատագէտ եւ ճարտարախօս. սա բազում ինչ պատմեաց, թէ մեք եւս բնակէաք ՚ի Ճարճակիս, եւ ես փոքրաւոր էի մաքսաւորացն` որք ՚ի Քասաղ. եւ յորժամ Գրիգոր վարդապետն եւ կամ ՚ի միաբանիցն գնային ՚ի Շիրակաւան, զի զհասն վանից ժողովեալ տարցեն ՚ի Յօհանավանք, բերէին մեզ գինի եւ միրգ, եւ մեք ոչ առնուաք զսակ մաքսին: Եւ որդի Թորոսին Տէր Կիրակոս, որ եղեւ Եպիսկոպոս, եւ նստաւ Առաջնորդ Տեղերոյ, զոր ինչ լուեալ էր ՚ի հօրէն իւրմէ Թորոսէ սակս Յօհաննու վանից, ձեռագրով ետ մեզ. եւ ահաւասիկ ունիմք զայն արդեօք: Յօհաննէս ոմն` ՚ի նոյն գեղջէ Խոտավիտոյ` ասէր, յորժամ Փիլիպպոս Կաթուղիկոսն գնաց յԱրագած, զի զցրուեալ ջուրսն խառնեսցէ ընդ Քասաղ գետն, եւ Ապարանցի մելիք Տէր Յովասափն եւ ես ընդ նմա էաք. եհարց Կաթուղիկոսն ցմելիքն, թէ` այս երկիրս որո՞յ վանքի էր թէմ: Ասէ Մելիքն, ՚ի Քասաղ գեղջէ մինչեւ ցՂփչաղն` սուրբ Կարապետին էր թէմ, եւ Շիրակաւան հետ Մարմառաշինու ՚ի միասին Բ վանացն էր սուրբ Կարապետին եւ Մարմարաշինու: Այսքան եւ այլ բազում գոն վկայութիւնք ՚ի լրոյ, եւ ոչ գրեցաք, զի մի' լիցի շատախօսութիւն: Այսուհետեւ զոր գիտեմք ՚ի գրոց, զայն գրեմք: