Պատմագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Յաղագս եկեղեցեաց` թէ յորո՞ւմ ժամանակի շինեցան, եւ ո՞վ ոք էին շինօղք:


Զի թէպէտ բազումք շինեցին եկեղեցի ՚ի բազում տեղիս յազգս Հայոց, այլ մեք նշանակեսցուք թէ` յորո՞ւմ ժամանակի կամ յորո՞ւմ ձեռօք բազմացան եկեղեցիք աշխարհիս Հայոց: Եւ զոր լուայ ՚ի գրոց` յայտ արարից: Արդ` յետ համբառնալոյն Քրիստոսի` վիճակեցաւ աշխարհս Առաքելոցն, եւ անկաւ աշխարհս Հայոց` Թադէոսի: Եւ եկեալ առ Աբգար արքայ Հայոց եւ Ասորւոց, եւ բժշկեաց զնա ՚ի վերաց նորա` որպէս պատմէ Մովսէս Խորենացի` համեղ ոճով: Եւ յետ հաւատալոյ թագաւորին եւ ամենայն զօրացն, նախ ընդ շինեցաւ եկեղեցի` ձեռամբ Թադէոսի. զի առաջին հաւատացեալքն ազգս Հայոց է: Եւ առաջին շինեալ եկեղեցի ա'յն է` զոր շինեաց Թադէոս, եւ յայլ տեղիս բազմացան եկեղեցիք: Երկրորդ` յետ հաւատալոյ մեծազօր եւ Քրիստոսապսակ արքային Տրդատայ` շինեցան բազում եկեղեցիք` ձեռամբ սուրբ Լուսաւորչին եւ քաջին Տրդատայ, նախ` հրաշափառ Կաթուղիկէն` ՚ի Վաղարշապատ քաղաքի` զսուրբ Էջմիածինն, զՇողակաթն, զսուրբ Գայիանէն, եւ զսուրբ Հռիփսիմէն, որպէս պատմէ քաջ քարտուղարն Ագաթանգեղոս, որ ազգաւ Լատին: Երրորդ` մեծն Ներսէս` թոռն թոռի Լուսաւորչին` բազմացոյց եկեղեցիս եւ ահա պատմէ Բուզանդ: Չորրորդ` Թարգմանիչքն Սահակ եւ Մեսրոպ ՚ի բազում տեղիս շինեցին եկեղեցիս. եւ պատմեն ամենայն պատմագիրք: Հինգերրորդ` Ներսէս Շինօղն, եւ ահա յայտ է, զի ՚ի գործոյն անուանեցաւ Շինօղ` վասն շինելոյ բազում եկեղեցիս: Վեցերրորդ` Զաքարիա սպասալար Հայոց մեծաց եւ Վրաց: Սա զօրացեալ ՚ի վերայ ամենայն ազգաց, զոր պատմէ Կիրակոս, եւ մեք յիւրում տեղւոջն պատմեսցուք, որ եւ սա շինեաց բազում վանորայս եւ եկեղեցիս ՚ի գիւղորայս եւ յամենայն իշխանութեան իւրոյ: Եւ ահա ասացաք վասն եկեղեցեաց, զոր ինչ եւ գիտէաք` գրեցաք զամենայն: