Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՈՍԿԻ ՎՏԱԿ
       Այն իրիկուն,
       Ահ, երա՜զը լուրթ լեռներուն.
       Ու գոյներուն լա՜ցը յստակ…
       Բայց մանաւանդ՝ ծառերուն տակ՝
       Հե՜ւքը սիւքին թախծով լեցուն…
      
       Քալել, շարժիլ կարելի չէր.
       Ուստի մտանք ծառի մը տակ.
       Ծո՞վն աւելի էր անյատակ,
       Թէ մեր սերը - չէինք գիտեր…
      
       Ու այդ հեւքոտ սիւքը այնպէ՛ս
       Թախծով երգեց մեզի համար՝
       Որ կարելի չեղաւ երկար
       Լռել. ուստի, վարդերու պէս,
      
       Որոնք ծաղկած են քովէ քով,
       Ու հովերէն մեղմ կը հակին
       Իրարու վրայ, կրկին-կրկին,
       Նուաղանքով ու գգուանքով,
      
       Ճիշտ այդպէս քոյր վարդերու պէս,
       Մեր շրթները, սիւքէն գինով,
       Եկան այնքա՜ն իրարու քով՝
       Որ…Ա՜հ, ես չե՛մ գիտեր ինչպէ՜ս
      
       Եղեւնի այդ ծառին տակ,
       Հոգիս, դողով մ՚անհնարին,
       Գտաւ ուղին մե՛ծ անտառին՝
       Ուր կը հոսի Ոսկի Վտակ…