Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԵԱՆՔ

 

Կեանք երջանիկ, քեզ ամեն մարդ

Չի ճանաչիլ պարզ աչքով,

Միշտ չարաչար կը գործածէ

Սիրտը լցուած արիւնով.

Բայց ես, երկինք թող վկայ գայ,

Ես քեզ միայն սիրում եմ.

Հոգիս ազատ, ճիչըս առատ,

Հոգս, աշխատանք չգիտեմ։

 

Ամենայն օր իմ սեղանում

Բաքոսն ազատ խնդումով

Իմ բաժակը միշտ լցնում է

Անմահարար նեկտարով.

Երբ տակառի վերայ նստած

Նա բաժակն է ինձ տալիս,

Գլխից բռնած մինչի ոտըս

Երակներս դողում է։

 

Ամենայն օր ես ու Բաքոս,

Աշխատում ենք ժիր ջանքով,

Որ իմ փորիս հաստութիւնը

Չափուի նորա տակառով.

Շարան ո՞վ է, Ֆոյլը ի՞նչ է

Մէկ խօսքով իմ առաջին.

Երկու թունկի օրը չըխմել

Մեծ ամօթ է ինձ պէսին։

Գոված իմ կեանք, իմ ազնիւ կեանք,

Չեմ կարող քեզ ուրանալ,

Ինչպէս շատերն ուրացել են,

Որոնց անունն չուզեմ տալ.

Բայց որ գո՛նէ մի գաղափար

Դու ունենաս նոցա վրան,

(Թէ եւ այս տեղ իւր տեղը չէ)

Բայց ես կասեմ քեզ կարճ բան.

 

Կեանք ուրացողներից մինը

Փորիս վերայ նայելով

Հարցրեց յանկարծ. - գազաններից

Մարդըս ջոկվում է ի՛նչով։

Ես ուզելով նախ եւ առաջ

Նորա խելքը լաւ չափել,

Ասի. - Բայց դու ի՛նչ ես կարծում,

Նա սկսաւ այս խօսել։

 

«Մարդը կարող է մտածել,

«Դատել, կշռել եւ չափել,

«Վատութիւնից հեռանալով

«Բարիին՝ միշտ մօտ լինել»։ -

 

Ծիծաղեցայ նորա վերան,

Փորս վեր-վեր ցանկացաւ.

Գինու մառան կոկորդիցս

Յանկարծ խօսքս դուրս թըռաւ.

«Մարդը ջոկվում է գազանից,

«Որ ձեռք ունի, ձեռք՝ լսի՛ր.

«Խելք, միտք, խօսել ու մտածել,

«Յիմար բաներ մի՛ խօսիլ»։

 

Կեանք ուրացողը հեռացաւ

Անբաւական իմ խօսքից.

Ես ու Բաքոս մենակ մնալով

Սեղան նստանք մենք նորց։

Յանկարծ Աստղիկը իւր որդւով

Աչքիս առաջ կանգնեցաւ.

Սրտէս կարծես փոքրափողիս

  Նոր զօրութիւն ոյժ հասաւ։

 

Ջիլ չըմնաց՝որ չըջլուեց

Քանի զօր կար մարմնում.

Այս միջոցին լարը ձեռին

Բաքոս փորս էր չափում։

Փորս անցաւ տակառիցը

……………………………………………

Վեր կացանք մենք սեղանիցը

Գնացինք ………………………………

 

Այնտեղ տեսանք Ափրոդիտեայ

Որի գալը մեզ զուր չէր.

Կիթերայից եւ Կրէտէից

Նա երկու բերել էր։

Ո՞վ կարող է սահման դնել

Կեանքի այս երջանկութեան,

  Երբ ամեն օր կրկնվում է

Իմ տանը այս տեսարան։

 

Ահա այսպէս քեզ պաշտում եմ,

Իմ կեանք, իմ փոր, իմ Բաքոս,

Բաժակումս փըրփըրում է

Առատ գինին երկնահոս։

Թէ հոգի է՝ այն իմ փորն է.

Թէ Աստուած է՝ միշտ նոյն է,

Նորա համար կեանքս առատ

Ողջակէզ է միշտ պատրաստ։

 

«Այսպէս ապրեն թէ ապրում են, -

«Ասում է փորն իմ ճարպոտ, -

«Բաքոս, Աստղիկ ու Կուպիդոն

«Հիւր ունենան իրենց մօտ»։