Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

18 ՓԵՏՐՈՒԱՐԻ 1855

 

Սեւով կնքած, սեւ ներկած սեւ լուրը

Երբ դուրս եկաւ Պետերբուրգից անկարծիք,

Խորտակում էր ճամբի վերա սրտերը,

Ուր որ չըկար հոգւոյ արատ կամ կեղծիք:

 

Այդ մի աղբիւր էր արտասուաց յորդառատ,

Կարծես Նեւան ինքն արտասուք էր դարձել:

Կամաց-կամաց վերեւից ցած գընալով`

Հըպատակաց սիրտն ըսկըսաւ հեղեղել:

 

Լսեց իշխան, թողեց զարդը, թխով պատեց իւր անձը,

Ոսկենըկար գլխարկներին սեւ քօղ իջաւ ծածկոյթը:

Լսեց ազնիւ, թնդաց սիրտը, ողբաց արքայի մահը,

Վաճառականն ուշաթափած գոռաց. Մեռաւ՜ մեր կայսրը

 

Բայց տես այն կողմ, ի՞նչ առնում է առհասարակ ռամիկը,

Տե՛ս, ի՞նչ ոգով կոծում է նա Նիկողայոսի մահը.

«Մեռաւ մեր հայր, հայր որդեսէր, հայր հպատակաց սիրող,

Արտասուքով ու արիւնով թրջենք նորա շիրմի հող:

 

Երանի՜ էր, թէ գիտնայինք նորա վերջին կտակը:

Ա՜խ, թէ մինը ասէր մեզի նորա սրտի սուրբ կամքը.

Այն սուրբ կամքը կատարելու ամենեքին եմք պատրաստ –

Ծեր ու տղայ, երիտասարդ, կին, գոյք, կալուած ու գրաստ»:

 

Տեսաւ ամբոխը արեւմուտքում մի մրրիկ բարձրացած.

«Տօն են տօնում մեր թշնամիք», — նա կատաղութեամբ գոռաց:

Մի զուարթուն կերպարանեալ եթերական կամարից

Որ կանգնած էր ժողովրդում` կանգնած աննկատ ամենից:

 

«Լսեցէ՛ք ինձ, ինձ` ծերունւոյս, — ասաց զուարթուն այն հրեշտակ

(Ինքն ունէր ալեւորեալ մի ծեր մարդու կերպարանք). —

Ասում են որ, ի՞նչ ասում են, այդ շատ հաստատ, ճիշտ լուր է,

Մեր արքայի վերջին կամքն էր, որ թշնամեացը յաղթէ:

 

Նա այս բանը կտակ թողեց, կնքեց նորան իւր մահով,

Յանձնեց կտակը իւր ժառանգին իւր աթոռով ու սրով:

Ասաց նորան. որդի լինել արժանի, հօր` արժանի,

Ինքն էլ նորան օգնական է, քանի որ սա է կենդանի»:

 

Ժողովրդոց բազմութիւնը ըստ կրօնի կրօնի

Վազեց երդուել եկեղեցին սուրբ սեղանոյն առաջի,

Թէ պատրաստ է նորա համար թափել վերջին արիւնը

Ու թշնամեաց արեամբ ներկել իւրեանց հագի սեւ շորը:

 

Արեւմուտքը տեսաւ հեռուանց, տեսաւ սիրտը բազմութեան,

Խոր հառաչանք քաշեց սրտից, յոյսը եղաւ ողջ ունայն.

Տեսաւ բազմած Նիկողոսի գահումը նոր թագաւոր

Ու դէպի նա տեսաւ ազգի սրտում վառած սիրոյ հուր:

 

Միտքը բերեց, ինքը քանի՞ Նիկողայոսի ձեռքով

Ազատուել էր վտանգներից ու ապրել էր ասրահով:

Խղճմտանից բռնադատուած` ինքն էլ լացեց մի մեծ լաց,

Մոռցաւ այն օր եւ շունչ քաշել, թող թէ ուտել ճաշ կամ հաց:

 

Կեցցէ՛, կեցցէ՛ մեր Ալեքսանդր, օրհնեցելոյն համանուն,

Նորա ժառանգ Նիկողայոս լիցի նման իւր հաւուն.

Կեցցէ՛ Աթոռ Ռուսաստանի Եւրոպիոյ ահարկու,

Իսկ Նիկողայոսի անունը արեւից վեր լուսատու: