Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՎԷՃ
(Լերմոնտովից)

 

Մի անգամ, ինչպէս եղաւ, ազգական սարերի մէջ

Կազբէգն ու Էլբրուսը բաց արին մեծ վէճ.

«Զգո՛յշ լեր, ասաց Կազբէգին ալեւոր Էլբրուսը,

Զուր տեղը չես խոնարհել, զուր չէ տիրում մարդը,

Նա կը շինէ ծխոտ ճիւղեր սարերիդ միջում,

Խոր այրերումդ էլ կը լսուի կացնի հնչում.

Քո քարեղէն կուրծքերումը բրիչը ձեռին

Ոսկի, ուլղինձ գտանելով կը բանայ ուղին:

Կարաւաններն այն ժամանակ այն ժայռից կ՚անցնեն,

  Ուր կը նստէր միայն մէգ ու թագաւոր արծուին.

Մարդիկ շատ խորամանկ են, թէեւ դժուար էր,

Զգուշացի՛ր, բազմամարդ ու կարող է Արեւելք»:

«Արեւելքից չեմ վախենում, ասաց Կազբէգ սար,

Նենգժոտ ցեղ անդ քնում է խոր արդէն ինն դար.

Տե՛ս մի չինարի շուաքում գինու փրփուրը,

Քնուկ վրացու նկարէն վարդիկի վերայ թափելը.

Հակուած դէպի ղալեանի ծուխը ի ծաղկաւէտ դիւան

Մարգարտի աղբիւրի մօտ մրափէ Թեհերան:

Տես Երուսաղէմի մօտ, որ աստուած այրեց,

Ու անշարժ աշխարհը մեռեալ ծով ասեց,

Նորանից դէն դաշտումը դեղնագոյն Նեղոս`

Թագաւորների դամբանը լուանում է իբր հոս.

Բեդուին մոռցաւ իւր չուելը, որ հանգչէ վրանում,

Հարց գործերը աստղ հաշուելով` անդադար երգում.

Այստեղ ինչ որ աչք կը տեսնէ, ողջն էլ քնում է,

Զառամ Արեւելքի գործ չէ, որ ինձի յաղթէ»:

«Առաջուց դու մի՛ պարծենար, ասաց Էլբրուս,

Միգում մի բան երեւում է, նայի՛ր մի հիւսիս»:

Լուրից ահագին Կազբէգը ծածուկ ամբոխուեց,

Նա իւր ուշքը ու աչքերը դարձուց դէպի հիւսիս,

Ուրալից մինչեւ Դանուբ, մինչ այն մեծ գետը

Շարելով դէպի առաջ գալիս է զօրքը:

Ծռծռում են սուլթանները զինչ խոտեր դաշտի,

Պիսակ ուլանները բռնում, հանում են փոշի:

Պատերազմական վաշտերը կարգով գալիս են,

Առաջից դրօշակները, թմբուկ խփում են:

Թնդանօթները պղնձեայ վազում, որոտում..

Ինչպէս կռւում ծուխ հանելով պատրոյգը վառւում,

Պատերազմում փորձ ու արի, իբրեւ մրրիկ,

Առաջնորդէ սպառն[աց]այտ զօրապետ ծերիկ

Գալիս են կարող գնդերը զինչ յուզեալ հեղեղ

Զարհուրելի— դանդաղ զերթ մէգ ուղիղ Արեւելք:

Տխրագուշակ, խեղդուած մտքով, երազով չարին,

Սկսաւ կնճռոտ Կազբէգ հաշուել չկարաց թշնամին,

Իւր սարի բնակիչներին տխրութեամբ նայեց,

Գլխարկը քաշելով գլխին յաւիտեան լռեց: