Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՕՏԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎՐԱՅ

 

Չեմ կարող այժմ խաղաղ նայել մեր թշուառ կրքին,

Որին շատ անգամ պաշտեցինք, իբր ստրուկ նորա կամքին.

Սուրբ ու ազնիւ զգացմունք մեր սրտիցը հեռի է,

Մեր ամբողջ ուշ ու միտքը չարութիւնովը լի է։

Թշուառ կրքերից մինը, որ մեր խեղճ կեանքն է պատել,

Այն է որ մենք չգիտենք ընկերը սիրել ու պաշտել,

Թէեւ լինէր այնպիսին մեզ համար միշտ բարեկամ,

Կարեկից ու վշտալի ամեն վայրկեան, ամեն ժամ.

Թէեւ ամենայն րոպէ մեր տիրութեան ժամերում

Մխիթարէր ամեն կերպ՝ արտասուքը աչքերում.

Թէեւ յաջող ժամանակ մեզ մօտ լինէր ու խնդար,

Մեր քաջաբաղդ գործերը՝ գովելով ուրախանար.

Թէ նորանում տեսնէինք հայելւոյ մէջ տիպը մեր,

Թէ մեր հոգւոյ երկրորդը նա անշփոթ ցոլացնէր.

Թէեւ հազար մենք խոստմունք խոստանայինք ջերմ սրտով,

Թէ մինչ մահերուս օրը չէինք մոռնալու հոգւով,

Ի վեր այսր ամենի, եթէ այսպէսն մեռանի,

Մեր սուգն ու կոծը շա՜տ շա՜տ մի եօթնեկով կը պրծնի,

Եւ թէ իսկոյն նոր ծանօթ մեզ պատահի փողոցում,

Նորա տեղը աներկբայ նա կը բռնէ մեր սրտում

Նորա երկու կեղծաւոր եւ կամ քաղցր խօսքերը

Կը զօշոտեն մեր աչքը, կը մոռնանք  հն ընկերը։

Երեւի թէ մեր ուխտը, որ սերտ սիրով կապեցինք,

Մընաց դագաղում փակած՝ երբ ընկերին թաղեցինք։

Խաւար ու գէշ հողի տակ նա միայնակ պառկած է,

Ոչ ոք նորան այց չերթալ, որ մի նորան հարցանէ,

Արդեօք սիրտը չէ՞ նեղւում մնալ այն տեղ անընկեր,

Երբ աշխարհի երեսին այս բանը անհնար էր

Միայն բուն է ընդհատում գերեզմանի լռութիւն,

Չի ուղարկում նորան լոյս երկնից արեւը սիրուն

Անբաղդի դին թաց չեղաւ ընկերի արտասուքով,

Նորան մոռցան   Պարում են տօնի շքեղ զգեստով.

Ապա ո՞վ է գիշերը, որ երբեմն սրտադող

Վազում է դէպ այն շիրիմ, կամենում է մտնել հող

Արդեօք նորա ընկե՞րն է, որ իւր սէրը յիշելով

Եկել է նորա հողը ցօղել ջերմ արտասուքով։

Չէ՛, մենք չունենք ազնիւ կիրք. մեզի համար ողջ մին է

Բարեկամ, թէ թշնամի, երբ նա արդէն մեռած է։

Այն եկողը չգիտէ, ո՞վ է պառկած այն տեղը,

Որի՞ ոսկերքն են փթում հարստացնել սեւ հողը։

Նա իւր անձն է պաշտպանում, գող է կամ փախստական

Եւ կամ անտուն, անտեղի, աղքատ մարդ է անպաշտպան։

Ահա թէ ո՛վ այց կ՚երթայ մեր սիրելւոյ դամբանին,

Այո՛, կերթայ շաղղակեր եւ ատելի բորենին։ -

Բայց ափսոս որ մենք կոյր ենք, չենք տեսնում այս բանը,

Թէ ինչ որ մենք արեցինք, կ՚անէ եւ մեր ընկերը.

Նա եւս մեզ կը մոռնայ, մեր յիշատակ չի պատուիլ,

Մեզի պատած կոշտ հողը չի ցօղիլ աչքի ցօղով։

Կ՚անցնեն դարեր, տարիներ, մեր շիրիմը կը կորչի.

Պառկի՛ր խաւար հողի տակ, յոյս մի՛ կապիլ ոչ ոքի.

Ոչ ոք քեզի այս չի գալ, որ ոսկերքըդ սփոփուին

Ծածկած է քո օթեւան Դու ընկեր ես վշտերին

Քազ հետ նոքա կը խօսեն, որ պատահմամբ հիւր եկան

Ահա ինչպէս ես այսօր՝ ծածկված քօղով տխրութեան։