Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՕՇԱԿԱՆ

 

Օշակա՜ն…

Վեհ Հայերի գերեզման,

Աւերակ տաճարիդ մէջ՝

Մեսրոբի վայր հանգտեան,

 

Որ ազգին գիր պարգեւեց՝

Կեանք տուեց Հայոց լեզուին

Ազգը նորան զլացաւ

Գիր պարգեւել անշուք շիրմին։

 

Խարխարեալ տաճարի մէջ

Քրիստոսեան սեղանի տակ

Ննջում է այն մեծ Հայրը

Օշական քեզ փառք պարծանք։

 

Բայց ազգին որ նա սիրեց

Որի համար շատ քրտնեցաւ

Այդ ազգին ես չեմ ներում

Որ Մեսրոբին այդպէս մոռցաւ։

 

Գետնափո՜ր այն բեմի տակ՝

Սողալով պէտք է մտնել,

Կամ անթափանձ խաւարում,

Քարը մոմո՛վ տեսանել։

 

Ոհ, Մեսրո՛բ, ների՛ր դու ինձ՝

Իբրեւ որդւոյ քո ազգի,

Ապերախտ եմ առաջիդ

Որպէս անդամ ամբողջի,

 

Օշական Վեհ Հայերի գերեզման

Քո ժայռից ես ցած իջայ

Ուստի հերոսն մեր Վահան։

 

Բայց Վահան դեռ նայեցաւ

Եկեղեցւոյն, որ շինեց.

Նա տեսաւ շքեղ տաճար

Ու դէպի նա աղօթեց։

 

Իմ աչքին ի՞նչ երեւաց՝

Մի շինուածք կիսակործան

Որի գլխին կորացած

Երկաթեայ խաչ Քրիստոսեան։

 

Դարաւոր փոշով ծածկուած

Տաճարի պարսպի տակ

Կայ մի ծակ ուր օձի պէս

Կարէ մտնել մարդ միայնակ։

 

Առ խարխափ շօշափելով

Գտանում է այն ծակի մէջ

Քարի ծայր… անգիր անշուք.

Այդ ինչ քար է այդպէս անտէր։

 

Լսելով պատմում է քեզ

Գիւղական խեղճ քահանայն

Թէ այնտեղ ամփոփուած է

Մեր քաջ Վահան Ամատունեան։

 

Որ ազգին կեանքը տուեց

Հայրենիքին կացաւ պաշտպան

Ազգը նրան զլացաւ

Կառուցանել մի գերեզման։

 

Օշական Վեհ Հայերի գերեզման

Բողոքիր մինչեւ երկինք

Ընդդէմ այս տմարդութեան։

 

Բարձրաբերձ քո ժայռերից

Արծաթալիք մեր Քասախը

Թնդալով անցանում է

Մինչեւ Վարդգէսի աւանը։

 

Նուիրական այն հին գետին՝

Յանձն արա ալիքներին

Հասցնել քո գանգատը

Էջմիածնայ Վեհապետին։

 

Կոմս Էմաննուէլ