Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՈՒՍԱՆՈՂ ԵՒ ՄԵԾԱՏՈՒՆ

 

Ուսանողաց վրայ առնել դատաստան

Հեշտ չէ շատ, ունի անհամար պայման.

Նայելով նորա դուրսի ընթացքին

Ուղիղ բան ասել է անհնարին։

 

Շատերը մինչեւ այսօր ասած են,

Թէ ուսանողներն դատարկ մարդիկ են,

Նոցա պատասխան ես կ՚ասեմ այսօր, -

Այդ կարծեաց տէրը չէ մեր դատաւոր։

 

Այդ դատաւորը իւր մահճում հանգիստ

Երբ արշալուսոյ քընով նընջում է,

Ուսանողն զգաստ թափելով քունը՝

Գնում է շուտով համալսարանը։

 

Երբ ուսանողը դադրած-վաստակած

Տունէ յետ դառնում (հարկ է թէ քաղցած),

Դեռ իմ դատաւորն տեղերում նստած

Ջերմ-ջերմ փորում է գըլուխը փըտած։

 

«Աղջի՛, - գոռում է նա իւր աղախնին, -

«Ժամը քանի՞սն է, մօ՞տ է կեսօրին»։

- Հրամել էք, կ՚ուզի ուղիղ մի քառորդ։

- Ո՜ւֆ, ժամանակ է վեր կենալ՝ ուղորդ։

 

Վեր կացաւ-հագաւ շորերը սիրուն,

Թէյ ու հացեղէն մատուցին իսկոյն.

Ի հարկէ կ՚ուտէր. նորա պէս թէ կուշտ

Ես էլ քնէի՜ կ՚ուտէի անշուշտ։

 

Մեծատան համար միայն թէյ ու հաց

Թէ լոկ պատրաստեն՝ կըմնայ քաղցած.

Այդ պատճառով էլ բերին եւ ձըկներ,

Պանիր ու խաւեար եւ այլ շատ բաներ,

 

Ոսկի բաժակով օղին կարապետ,

- Ե՞րբ մադերայից նա կմնայ յետ, -

Փառաւոր կերպով կերաւ, ճաշակեց

Ու սիրուն գինին վերայից խմեց։

 

Երբ այս աւարտած՝ տընից էր դուրս գալի

Ուսանողն ճաշած՝ դիպչում էր օդի։

«Ի՞նչ փուչ մարդիկ են», - ասաց իւր մտքում, -

«Բան ու գործ չունին, վազում փողոցում»։

 

Քանի որ իւր գործն մեր ուսանողը

Սկսաւ, աւարտեց, քնած էր մեծատունն,

Այդ պատճառով էլ ուսանողները

Դատարկ մարդիկ են նոցա աչքումը։