Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԱՄԻԿՈՆԵԱՆ ՄԵԾ ՎԱՀԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

 

Հիմի է՞լ խօսենք, եղբարք, հիմի՞ էլ,

Երբ ընտանեկան երկպառակութեամբ

Ուրիշ բան չունինք, բայց իրար դաւել,

Եւ սարսափելի ազգուրացութեամբ

Մեր նախնեաց ուխտը ոտքով կոխել ենք.

Հիմի է՞լ խօսենք։

 

Հիմի է՞լ խօսենք, երբ քաջն Վարդան

Վաթսուն հազարից հազարով մնաց,

Մինչ մնացել էր Պարսից լոկ մատեան

Գունդը մեր վաթսուն հազարի դիմաց.

Երբ մեր վատութեամբ՝ ո՜ղջ կորուսել ենք.

Հիմի է՞լ խօսենք։

 

Հիմի է՞լ խօսենք, երբ օտարից շատ

Մենք ենք մեր ազգի արիւնը խմում,

Մոխրատնով լցինք Դուին, Արտաշատ,

Ծխի մէջ կորաւ խաչն եկեղեցուն,

Երբ այս ամենը մենք կատարել ենք.

Հիմի է՞լ խօսենք։

 

Հիմի է՞լ խօսենք, երբ հրապարակում

Պարսիկը առակ արել է Հային.

«Եթէ Ասորու նման աշխարհում

Չկայ մի վատ ազգ, բայց քան Ասորին

Էլ վատ է Հայը», մենք այս տանո՜ւմ ենք.

Հիմի է՞լ խօսենք։

 

Հիմի է՞լ խօսենք, երբ իշխանութիւն

Ծախում է անարգ հացկատակներին,

Մինչ ստրուկ մարդիկ նստան մեր գլխին

Եւ մեզ կարծում են հող իրենց ոտքի,

Ու մենք մեզ կոխող ո՜տքը լիզում ենք,

Հիմի է՞լ խօսենք։

 

Հիմի է՞լ խօսենք, երբ Լուսաւորչի

Բնիկ ժառանգի թեւերը կտրած,

Անարգ Պարսիկը՝ այս ու այն թեմի՝

Կարգում է տեսուչ ըստ իւր չար մտաց

Եւ մենք դեռ՝ «կեցցէ՛ արին» գոռում ենք.

Հիմի է՞լ խօսենք։

 

Հիմի է՞լ խօսենք, երբ ձեռք ենք տալիս,

Երբ ողջունում ենք մենք այդ չքերին,

Որ դրան շուն են, եւ մեզ տեսնելիս՝

Շուտ դիմակները դնում են երեսին,

Այդպիսիներին դարձեալ պատւում ենք.

Հիմի է՞լ խօսենք։

 

Էլ մեր երեսին մնա՞ց մի կաթիլ

Ամօթի սուրբ ջուր, որ բերան բանանք։

Ո՛չ, թէ չենք ուզում հողից հող կորչիլ,

Թշնամու արիւնով մեր թրին ջուր տանք,

Ազգ, եկեղեցի փրկենք ազատենք։

Ապա թէ խօսենք։