Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄՏԱԾՈՒԹԻՒՆ (II)

 

Ա՜խ, փոքրոգի մարդ հողածին, ա՜խ, խաղալիք կրքերի,

Ինչպէս տերեւ ծառի վերան, ենթակայ ես հողմերի,

Արշալուսոյ եթէ քաղցրիկ` ցօղը քեզի փաղաքշեց,

Միւս օրն ահա արեւի տակ քո երեսը պերճ փայլեց:

Թէ երկինքը քեզ ամլացաւ` մրրիկը քեզ եկաւ հիւր,

Փոխվեցաւ շուտ սիրուն դէմքդ, չկայ հանգիստ քեզ եւ դիւր,

Ուղեւորը ղեկը ձեռին՝ եթէ արթուն կը նաւէ,

Ծովի կատղած բիւր ալիքը նորա համար ոչինչ է:

Նա գիտէ, որ սովորաբար փոթորիկի քամակից`

Դուրս է գալիս երկնից դշխոյն խաւար ամպերի տակից.

Ղեկավարը ժիր իւր գործին` շատ է տեսել ալիքներ,

Նորա նաւի առագաստը՝ շատ են ուռցրել գիժ հողմեր:

Բայց անվտանգ, հաստատ յուսով շատ անգամ նա իւր կեանքում

Ձգեց խարիսխ ու կանգնեցաւ հանդարտ նաւահանգստում:

Ծովեզերքից կնատ մարդիկ տեսնելով այս վտանգը,

Գուշակեցին բազում անգամ անշուշտ նաւի կորուստը.

Սովոր են միշտ այնպիսիքը՝ ցամաք հողի երեսին

Քնել հանգիստ գլուխը դրած սիրուն կուuի ծունկերին:

Նոցայ համար անծանօթ է փոթորիկի օգուտը,

Չգիտեն, թէ կայծակները՝ միշտ մաքրում են մեր օդը,

Չգիտեն, որ անչափ քաղցր է՝ մրրկից յետ զեփիւռը,

Խաւար օրով յայտնըւում է մեզ արեւի պատիւը:

Չէ մարդ, թէ միշտ գիտէ հանգիստ` բաղդը իւր մօտ հիւր ունի,

Վա՜յ եթէ մին հանդիպեցաւ նա կատաղի մրրկի,

Գնաց շիջաւ այնուհետեւ` նորա յոյսը ու կեանքը,

Բայց ով սովոր էր վտանգի՝ չի պղտորի եւ սիրտը: